Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Հայկական Սփյուռքից
|
Թալին ՓափազյանՀարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի գիտաշխատող |
Այս հոդվածը ներկայացվել է 2017թ փետրվարի 17-ին Երեւանում կայացած «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը․ Հիշատակի հարցերի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում» բանավեճի շրջանակում: Համաժողովը կազմակերպել էր Երկիր Եւրոպա ՀԿ-ն՝ համագործակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիական ինստիտուտի Ալամբեր հիմնադրամի։
2016-2017տարին մեզ հատկապես լարված նորություններ մատուցեց Թուրքիայում և Հայաստանում: Այս լարվածության տարրերը գլխավորաբար քաղաքական են՝ երկու դեպքում էլ զինյալ դրսեւորումներով, բայց միմյանցից անջատ։ Թվում է, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձախողումից հետո երկու երկրները շարժվում են զուգահեռ ուղիներով, առանց միմյանց հետ հանդիպելու, չնայած միացման կետերը կարող էին շատ լինել, եթե միայն գոյություն ունենար երկխոսության քաղաքական կամք: 2016թ հուլիսից և Թուրքիայի նախագահ Էրդողանի դեմ ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայից հասնող նորությունները մշտապես միջազգային՝ հատկապես եվրոպական և ֆրանսիական լրատվամիջոցների, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում են, որոնք այլեւս չեն կարող անտեսել այլախոհների կամ պարզապես այլ կարծիք ունեցողների նկատմամբ AKP (Արդարություն և զարգացում կուսակցություն՝ԱԶԿ) կառավարության կիրառած երբեմն ծայրաստիճան բռնի պատժիչ գործողությունները․ կամայական ձերբակալություններ, գիտնականների զտումներ, ազատական կարծիքի լռեցում Թուրքիայում: Այս ասպեկտները գնալով հանրությանը հայտնի են դառնում, ուստի չեմ ծանրանա։
Ավելի քիչ հայտնի է Հայաստանի ապագայի համար ռիսկային, բայց մարտահրավերներով լի ներքին վիճակը: Այդ մասին մինչեւ մի քանի խոսք ասելը, լավ կլինի, սակայն, մի փոքր ետ գնալ ու տեսնել Սփյուռք, Թուրքիա, Հայաստան կապի զարգացումները տասնհինգ տարվա կտրվածքով: Հետեւյալ տողերում ես կներկայացնեմ այդ կապի համառոտ ուրվագիծը՝ կենտրոնանալով (ֆրանսահայ) Սփյուռք ֊ Հայաստան բեւեռի վրա, ելնելով ֆրանսահայ տարբեր համայնքների հետ իմ ունեցած փորձից և Հայաստանում ավելի քան տասը տարի կատարած իմ հետազոտական աշխատանքներից։
Այն ինչ մենք պարզեցնելով կոչում ենք Հայաստան, Թուրքիա, Սփյուռք՝ իրականում ընդգրկում է դերակատարների և գործողությունների մի ամբողջ բազմազանություն` լինեն դրանք պետական, ազգային, անդրազգային, անհատական կամ այլ տեսակի: Այս ակնհայտ խառնաշփոթության մեջ 2000-ականների սկզբից նկատելի են բազմաթիվ շարժումներ, որոնք առաջ են բերում նոր դերակատարներ, նոր խնդիրներ և նոր դինամիկաներ փոփոխական այս եռանկյունում:
Եկեք սկսենք Սփյուռքի բեւեռից, քննարկելով վերջին շրջանում ամենակայուն քաղաքական և սոցիալական հարցի՝ Հայոց ցեղասպանության շուրջ վերջին զարգացումները: Առաջին նկատելի փոփոխությունը կարելի է տեսնել ցեղասպանության հետ կապված կոլեկտիվ գործողությունների այսպես կոչված «բացման» մեջ: Տասնհինգ տարի առաջ ցեղասպանության հարցը լիովին կապված էր ինքնիշխան քաղաքական կառույցների կողմից ֆորմալ ճանաչման հարցի հետ, այդ թվում թուրքական պետության կողմից՝ իր ժխտողական կեցվածքով հանդերձ։ Այն արդեն վաղուց դադարել է գլխավոր նպատակ լինելուց։ Ուստի ցեղասպանության հարցին առնչվող կոլեկտիվ գործողությունները կենտրոնացած էին քաղաքական պայքարի և ոգեկոչման կազմակերպման խնդիրների շուրջ: 2000-ականների կեսերից այս հարցը երկու այլ ծալքեր բացեց` ժխտողականության դեմ պայքարը և փոխհատուցումների հարցը: Այս երեք ծալքերի բացումով հնարավոր դարձավ ցեղասպանության հարցն ընդգրկել մի շարք երկրների քաղաքական կառույցներում, որտեղ հայ համայնքը ավանդաբար ներկա է, կամ ոչ։ Հաջողվեց ցեղասպանության հարցը ներառել ազգային և միջազգային իրավունքում (վերջին գործընթացը երկար էր ու դժվար), ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում։ Այս երեք մակարդակներում եղան տարբեր մոտեցումներ, տարբեր հակասություններ՝ ինչպես մենք տեսանք, օրինակ, հայ-թուրքական արձանագրությունների ալեկոծումների ժամանակ:
Երկրորդ փոփոխությունը, որ տեղի ունեցավ նախորդին զուգահեռ՝ համայնքային նոր դերակատարների ի հայտ գալն էր, որոնք գոյություն ունեցող կառույցներից տարբեր կարծիքներ են հայտնում։ Ֆրանսիայում քաղաքական պայքար մղող այդ կառույցները Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդն է (CCAF) և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը: Անշուշտ, նրանք շարունակում են առաջատար դեր ունենալ իրենց երկրի քաղաքական իշխանությունների մոտ, բայց այլեւս ցեղասպանության հարցի մենաշնորհը չունեն: Վերջին տարիներին լեգիտիմության պակասի պատճառով այդ կառույցները հայտնվել են լուրջ ճգնաժամի առաջ, որը շատ կողմերով նման է ժամանակակից այլ պետություններում՝ առավել եւս Հայաստանի ու Թուրքիայի պես սակավ ժողովրդավարական երկրներում տեղի ունենցածին։ Ներկայացուցչականության այս պակասը Ֆրանսահայ համայնքում նոր դերակատարներ առաջ բերեց, որոնք հետաքրքրվում էին հատկապես ցեղասպանության այդ «ծալքերով»: Ի հայտ եկավ «սփյուռքյան քաղաքացիական հասարակություն»՝ մեծ կառույցներից դուրս ասոցիացիաների մի համաստեղություն, բոլոր կառույցներից դուրս գտնվող անհատներ կամ այդ կառույցների առանձին անդամներ, որոնք եղածով չեն բավարարվում և փորձում են առանձին գործել: Ինտերնետի և սոցիալական ցանցերի միջոցով ամբողջ աշխարհում տարածված այս երեւույթը սփյուռքի պարագայում պարադոքսալ բնույթ ունի՝ սահմանափակ թվով թեմաների շուրջ խիստ մասնատվածություն: Համայնքային այս նոր դերակատարները ցեղասպանության հարցի այս կամ այն ծալքի շուրջ այլ մոտեցումներ են առաջ քաշում: Նրանք օգտագործում են գործողությունների և հաղորդակցության այլ ռազմավարություններ, համագործակցում են Հայաստանի և/կամ Թուրքիայի գործընկերների հետ և դրանով նպաստում են քաղաքացիական հասարակությունների միջեւ անդրազգային հարաբերությունների ստեղծմանը։ Կառուցվածքային առումով, սփյուռքյան քաղաքացիական հասարակությունը նոր է սկիզբ առնում, իսկ արդյունավետ լինելու համար պետք է ուժեղանա՝ տարբեր դերակատարների միջեւ կայուն հորիզոնական հարաբերությունների ձեւավորման միջոցով, և ի վերջո, հաստատված կառույցներին թելադրի վերանայել համայնքային ներկայացուցչության իրականացման պայմանները։
Ֆրանսիայում ժխտողականության խնդիրը դրա վառ արտահայտությունն է: 2000-ականների կեսերից թուրքական պետության կողմից ուղղակի կամ անուղղակիորեն ֆրանսիական հասարակության մեջ ներմուծված ժխտողականությունը ավելի ծավալվեց: Այս խնդրի դեմն առնելու ավանդական կառույցների կողմից ընտրված ճանապարհը եղավ ժխտողականության քրեականացման մասին օրենքը: Տարբեր պատճառներով 2012-ից այս օրենքի զանազան տարբերակներ ամեն անգամ ճանապարհի կեսին ձախողվեցին: 2016-ին համայնքային ղեկավարները մի քանի բացասական ազդանշաններ էին ստացել այս նախաձեռնության հաջողությունների հասնելու հնարավորությունների մասին: Այնուամենայնիվ գոյություն ունեն ժխտողականության դեմ պայքարելու այլ տարբերակներ, քան դրա քրեականացման մասին օրենքն է, օրինակ՝ ռասիզմի դեմ օրենքների ընձեռած իրավական հնարավորությունների օգտագործումը։ Մինչ սփյուռքի քաղաքացիական հասարակության մաս կազմող փորձագետներ կամ ակտիվիստներ բարձրաձայնում ու պահանջում են այլ հնարավորություններ քննարկել, այդ տարբերակները պարզապես անտեսվում են «Սփյուռքի քաղաքական կառույցների» կողմից:
Այս դրական զարգացումները մասամբ Հրանտ Դինքին ենք պարտական։ Ստամբուլում սպանությունից 10 տարի անց, նրա թողած ժառանգությունը նկատելի է Սփյուռքի քաղաքականացած այն շերտի մոտ, որն իր ուշադրության կենտրոնում է պահում թուրքական իրադարձությունները՝ տարբերություն դնելով պետության ժխտողական մանեւրների ու պաշտոնական դիսկուրսի (հիշենք թեկուզ Գալիպոլիի հարյուրամյակի խեղկատակությունը, որը կազմակերպվել էր մեծ հանդիսավորությամբ հենց 2015թ ապրիլի 24-ին) և ներքեւից՝ Թուրքիայի թուրքական, քրդական, հայկական քաղաքացիական հասարակությունից եկած փոփոխությունների միջեւ։ Հետաքրքրություն առաջացավ Թուրքիայում այլակարծիք հայերի հանդեպ, ինչպիսիք են «Նոր Զարթոնք» միությունը կամ Կարո Փայլլանի ներգրավվածությունը HDP֊ի (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) մեջ: Թուրք մտավորականներին, քաղաքացիական հասարակության անդամներին, մարդու իրավունքների միությունների անդամներին լսելու ցանկությունը ֊ որոնց մտահոգություններն ու մտավախություններն այժմ միանում են սփյուռքի անդամներին ֊ հանգեցրեց նրան, որ ավելի ու ավելի հայկական ասոցիացիաներ և/կամ անհատներ սկսեցին մասնակցել Ստամբուլի ապրիլ 24֊յան ոգեկոչման արարողություններին։ Սփյուռքի կողմից այդ միջոցառումներին մասնակցողները նախ և առաջ քաղաքացիական հասարակության դերակատարներ էին, ավանդական խոշոր կառույցները հետագայում միացան նրանց։
Այժմ հակիրճ ուշադրություն դարձնենք երկրորդ բեւեռին՝ Հայաստանին: Իրականում, այս բառի տակ կա առնվազն մեկ մեծ բաժանարար գիծ` պետության ու հասարակության միջեւ: Հայաստանի հանրապետության տեսանկյունից, ցեղասպանության հարցը առաջին հերթին արտաքին քաղաքականության հարց է, որն ունի կարեւոր բաղադրիչ՝ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները: Այն նաեւ ներքին օգտագործման հարց է և միշտ էլ զգայուն է հանրային կարծիքի համար․ 2000֊ականներից ի վեր կառավարություններն այն շահարկում են իրենց իշխանությունը լեգիտիմացնելու նպատակով: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Հայաստանի հանրապետությունը կարծում է, որ ինքը պետք է լինի հիմնական որոշում կայացնողը։ Քանի դեռ կա երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման հարց, այս պահանջը հիմնավորված է: Բայց հենց որ խոսքը վերաբերում է ժողովուրդների և/կամ հասարակությունների հաշտեցմանը, Հայաստանի քաղաքացիները և սփյուռքը ֊ կամ ավելի շուտ սփյուռքի համայնքները՝ բազմաթիվ և բազմազան ֊ իրավացիորեն այդ գործընթացին պետք է մասնակից լինեն։ Այս հակադրություններից պետք չէ զարմանալ, նրանք անպայմանորեն առաջանում են մի երկրում, որտեղ կառավարիչները օրինական ներկայացուցիչներ չեն համարվում քաղաքացիների մեծամասնության կողմից: 2009թ արձանագրությունների ստորագրումից հետո Հայ հասարակության արձագանքը, ինչպես նաեւ սփյուռքահայ համայնքներինը, ի ցույց դրեց հայկական հասարակությունների անպատրաստվածությունը այդ արձանագրությունների հարուցած խնդիրների հարցում: Հայաստանի կառավարությունը Սփյուռքի հետ իր քաղաքական հարաբերությունները հիմնականում կարգավորում է սիմվոլիկ կերպով՝ նախ փորձելով այն ուղղորդել 2008թ ստեղծված Սփյուռքի նախարարության միջոցով: Երկրորդ, որպես արտոնյալ և գրեթե բացառիկ զրուցակիցներ է ընտրում արդեն հաստատված կառույցները (CCAF, UGAB ֊ Հայ բարեգործական ընդհանուր միություն):
Իհարկե, ամբողջ հարցն այն է, թե այդ մի քանի փոփոխությունները կնպաստե՞ն արդյոք գալիք տարիների տեւական փոփոխություններին: Թվում է, քաղաքական և աշխարհաքաղաքական իրադրությունն այդքան էլ բարենպաստ չէ․ 2016թ հուլիսից՝ AKP-ի դեմ ռազմական հեղաշրջման փորձը Էրդողանին թույլ տվեց ամրապնդել իր անձնական իշխանությունը և Թուրքիայում հաստատել նախագահական համակարգը: 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններում հարաբերական մեծամասնություն ստացած Սերժ Սարգսյանի կառավարությունը, սակայն, ներքին ճակատում բավականին թույլ է, քանի որ չի կարողանում բարելավել երկրի տնտեսական և սոցիալական վիճակը: Այդուհանդերձ Հայաստանում, Թուրքիայում եւ Սփյուռքում քաղաքացիական հասարակության զարգացումները կարծես լավ են ընթանում, և վստահաբար շատ թե քիչանշրջելի են: Մնում է հուսալ, որ չնայած հաստատված իշխանությունների շուրջ տեղի ունեցող բացասական զարգացումներին և կառավարիչների` իրենց քաղաքացիական հասարակությունների առաջընթացին աջակցելու անպատրաստությանը, վերջիններս կկարողանան կամուրջներ կառուցել միմյանց միջեւ` Հայաստան, Թուրքիա, Սփյուռք եռանկյունի բոլոր կողմերի համար ավելի լավատեսական ապագա պատրաստելու համար: