Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Թուրքիայից
«Բարբարոս թուրքից» «մուսուլման թուրքը» Այշե Հյուր |
Այշե ՀյուրՀետազոտող, Ռադիկալ պարբերականի սյունակագիր |
Առաջին անգամ չինական աղբյուրներում հանդիպող «թու-քիու», թու-քուե», «թութ-քութ», «թոլքյոլ» տերմինները արաբամուսուլմանական աղբյուրների կողմից որպես «թյուրք» (հոգնակին՝ թյուրյուք կամ թյուրքյութ) թարգմանվելով հայտնվել էր բյուզանդական ու արաբական գրականության մեջ: 6-8-րդ դարերով թվագրվող Ենիսեյի ու Օրհունի արձանագրությունների որոշ տերմիններ 1893թ դանիացի լեզվաբան Թոմսենի կողմից որպես «թյուրք» ընթերցվելուց հետո՝ այդ եզրը իր հաստատուն տեղը գտավ արեւմտյան գրականությունում: Ներկայում որոշ գիտնականներ կարծում են, որ չինացիները բոլոր օտարներին «թու-քուի» էին կոչում: Ոմանք ենթադրում են, որ այդ եզրը ծագել է ընդհանուր նախնի ունեցող իշխանական տոհմերի անունից: Ոմանք մոնղոլերենում սաղավարտ նշանակող «թուլգա» բառի հետ կապելով՝ ելնելով սաղավարտի բուրգի ձեւից, պնդում են, որ այն որոշակիորեն կազմակերպված խմբավորումների անուն է: Իսկ ոմանք այն կարծիքին են, որ դա ընդհանուր մի լեզու (թուրքերեն) խոսող խմբավորման անունն է (ըստ նրանց՝ «թուրք» բառը թուրքերենում նշանակում է հզոր, ուժեղ):
«Բարբարոս թուրքերի» ժամանակաշրջանը
Չգիտենք, թե այս վարկածներից որ մեկն է ճիշտ, սակայն 11-րդ դարի վերջին քառորդում գրված Դիվան-յու Լյուգաթի’թ Թյուրք կոչվող երկասիրության հեղինակ Քաշգարցի Մահմուդը թուրքերի վերաբերյալ մի հադիթի (մարգարեի խոսք) անդրադառնալով հետեւյալն է ասում. «Ես տեսա, որ աստված արեւն ստեղծեց թուրքերի համաստեղությունից: Աստված նրանց թուրք անունը տվեց ու նրանց կարգեց երկրի սեփականատեր: Մերօրյա գերագույն տիրակալներին նրանցից ծնեց: Աշխարհի ազգերի ղեկավարման սանձը նրանց ձեռքը տվեց: Նրանց հետ գործակցողներին, նրանց աջակցողներին պարգեւատրեց: Թուրքերի շնորհիվ նրանց բոլոր ցանկություններն իրականացրեց: Նրանց ուրիշների չարիքից փրկեց: Թուրքերի նետերի հարվածից խուսափելու համար հարկավոր է նրանց բռնած ուղին բռնել: Թուրքերին սիրաշահելուց և նրանց լեզուն խոսելուց այլ ճանապարհ չկա (...)»
«Ես թուրքերի մեջ ամենաբաց խոսողներից, ամենախելացիներից, ամենասուր նիզակ ունեցողներից եմ» ասելով՝ թուրքությամբ հպարտացող Քաշկարցի Մահմուդը հետեւյալ կերպ է շարունակում. «Թուրքերն իրականում 20 տոհմից են բաղկացած: Դրանցից յուրաքանչյուրը բազմաթիվ ցեղախմբեր ունի, որի թիվը միայն Աստված գիտե: Ես միայն մայր տոհմերն եմ հաշվել, մնացածը թողել եմ: Բոլորին տեղյակ պահելու համար միայն հարկավորն եմ գրել՝ օղուզների ճյուղերը...»:
Այն տարիներին, երբ Քաշգարցի Մահմուդն այս տողերն էր գրում, 24 ցեղից բաղկացած օղուզների մի մասը Կենտրոնական Ասիայի տափաստանները հատելով մուտք էր գործում Քաշգարցու «Ռում» անվանած Անատոլիա: Օղուզական ցեղերի Փոքր Ասիա մտնելուց հետո բյուզանդական վավերագրերում հայտնվեցին Tourkoi (թուրքեր) և Türkie (Թուրքիա), իսկ Վատիկանի վավերագրերում՝ barbarorum Turci (բարբարոս թուրքեր)տերմինները: Առաջին խաչակրաց արշավանքին մասնակցած մի հոգեւորական, Անտիոքի շրջանում տեղի ունեցած մարտերից հետո՝ 1098թ հոկտեմբերի 11-ին հետեւյալ գրառումն էր արել իր օրագրում. «Ամենուր թուրքերն են»:
Հարյուր տարի անց, նույն արշավանքին անդրադառնալով, Guillaume de Tyr-ը թուրքերի գերիշխանության տակ գտնվող Turquia-ն էր հիշատակում: 1228-29թթ մի ուրիշ խաչակիր ասպետ՝ բավարիացի բանաստեղծ Տանհաուսերը Խաչակրաց արշավանքին նվիրված իր երգում [Kreuzfahrtlied] հետեւյալն էր ասում. «Ուժեղ են փչում քամիները/երեսիս դեմ բարբարոսությունից/փչում են ուժեղ ու վշտալի/քամիները Թուրքիայից [Türkei]...»
«Անհասկացող թուրքի» ժամանակաշրջանը
Իսկ 1270-ականներին Կոստանդնուպոլսով ու Փոքր Ասիայով անցած Մարկո Պոլոյի համաձայն՝ «Թուրքմենների երկրում երեք տեսակ մարդիկ են ապրում: Դրանցից մեկը թուրքմեններն են. նրանք Մուհամեդին են երկրպագում, հասարակ մարդիկ են և կոպիտ լեզու ունեն: Ապրում են սարերում ու ձորերում, զբաղվում են անասնապահությամբ, ունեն շատ թանկագին ձիեր ու մեծ ջորիներ: Այլ քաղաքներում ու ամրոցներում բնակվող՝ առեւտրով ու արհեստներով զբաղվողները հայերն ու հույներն են...»
Թեեւ ընդունված է, որ Մարկո Պոլոյից 30 տարի անց ձեւավորված Օսմանյան կայսրության հիմնադիրները եղել են «թուրք ցեղ»-ին պատկանող Քայըները, պետության թուրքական հատկանիշը մշտապես խնդրահարույց է մնացել: Քանի որ Օսմանյան կայսրությունում՝ թե՛ ղեկավարության եւ թե՛ ժողովրդի շրջանում ոչ թուրքերը շատ են եղել: Ղեկավարների մի մասը և սուլթանի անմիջական ենթակայության տակ գտնվող բոլոր զինվորները, ինչպես նաեւ որոշ հողատերեր թուրք մահմեդականներ չէին: Բացառությամբ մի քանիսի, հանեդանի (թագավորական ընտանիք) տղամարդիկ՝ ոչ թուրք կանանց հետ ամուսնանալով զգալիորեն ջրիկացրել էին «թուրքական արյունը»: Դրան հակառակ՝ հանեդանի ներսում և պետական գրասենյակներում թուրքերենն էր գործածվում: Պետական բոլոր գրառումները հարյուրավոր տարիներ շարունակ թուրքերեն են եղել: Մեդրեսերենում ուսումնառությունը արաբերեն է եղել, բայց խոսակցական լեզուն՝ թուրքերենը: Իսկ ամենաշատ խառնաշփոթ առաջացնող բանն այն է, թե ինչպես են վավերագրերում օսմանցիները բնութագրում իրենց, իրենց երկիրը, հաստատությունները, լեզուն. «Քայսեր-ի ռում» (Ռումի կայսր), «Մեմլեքեթ-ի ռում» (Ռումի երկիր), «Շուարա-յը ռում» (ռում բանաստեղծներ), «Ուլեմա-յը ռում» (ռում իմաստուններ), «Լիսան-ը ռում» (ռումի լեզու), «Ռում աթլըլար» (ռում ձիավորներ), «Ռում յիղիթլերի» (ռում իգիթներ), «Էյալեթ-ի ռում» (ռումի էյալեթ) և նմանատիպ այլ տերմիններ: Մի խոսքով՝ օսմանցիներն իրենց որպես «ռում» էին բնորոշում: (Հիշեցնենք, որ 11-րդ դարի գրող Քաշգարցի Մահմուդի համար էլ Անատոլիան «Ռումի երկիր» էր:
Թուրքության հանդեպ եւս միասնական մոտեցում չկար: Աղբյուրներում հանդիպող «թուրք» եզրը երբեմն դրական, երբեմն բացասական, երբեմն էլ չեզոք բնույթ ունի: Օրինակ, վաղ օսմանյան պատմության կարեւորագույն՝ Թեւարիհ-ի Ալի Օսման կոչվող երկասիրությունում, պատմելով թուրքերի Անատոլիա գալու մասին, Աշըքփաշազադեն (մահացել է 1481թ) թուրքերին նկարագրում է որպես «Հաբեթից սերող» և «արաբների դեմ հաղթանակ տարած ժողովուրդ»: Գրքում նշվում է նաեւ, որ «թուրքաց լեզվին ոչ ոք ուշադրություն չի դարձնում» և «նույնիսկ թուրքերը չեն տիրապետում այդ լեզվին»: Ի հակադրություն դրան, 1480թ ավարտված Վաքը’աթ-ը Սուլթան Ջեմ (Ջեմ Սուլթանի իրադարձությունները) կոչվող աշխատությունում գնահատանքով էր խոսվում Ջեմ սուլթանի «թուրք բեկի որդի» լինելու մասին: Դարձյալ Ջեմ Սուլթանի խնդրանքով կազմված Սալթուքնամե աշխատությունում «թուրք» բառը գործածվել էր «մուսուլմանի» ու «ղազիի» (մահմեդական կրոնի համար կռվում հաղթած անձ) փոխարեն: Իսկ 15-րդ դարի գրող Նեշրին՝ «թուրքական սուլթանության» մասին պատմելիս ասում էր, որ «նրանցից ոմանք չգիտեն նույնիսկ, թե ինչ է կրոնը (...), հրեաներին նմանակող՝ քարը, ծառը, ցուլը, կրակը պաշտող թուրքեր կան»:
Այստեղ մի փակագիծ բացելով նշենք, որ մինչեւ 1492թ Գրանադայի անկումը՝ Եվրոպայի «օտարը» արաբներն էին: Հետեւաբար, Եվրոպայում թուրքերը ընդհանուր առմամբ դրական էին ընկալվում: 1492-ից հետո այդ «օտարը» արդեն օսմանցին (թուրքը) էր՝ բացասական ընկալումով: 1529թ Վիեննայի պարտությունից հետո անգամ շարունակվեցին թուրքերի հասցեին ասվող չափազանց ծանր խոսքերը՝ «շներ, անգութ ու արյան ծարավ, կեղտոտ, անասնական, խաբեբա, զորբա, քստմնելի»: Բացասական այդ վերաբերմունքի պատճառն, իհարկե, «թուրքի վախն» էր: Իրոք, այդ ժամանակաշրջանում ի հայտ եկած Obsessione Turc (թուրքական մոլուցք) ընկալման մինչեւ օրերս հասած ժառանգությունն է իտալերենում գործածվող Mamma li Turchi՝ այսինքն «Մամա՜ ջան, թուրքերը» բացականչությունը: Ըստ որոշ ենթադրությունների՝ ցավ պատճառելու իմաստ ուեցող a torquendo-ն, չարչարանք նշանակող torxuere-ն, խաբեության կամ դաժանության իմաստ պարունակող truculent կամ trux-trucis եզրերի ոգեշնչման աղբյուրը եղել են այդ ժամանակաշրջանի թուրքերը:
Փակելով փակագծերը նշենք, որ Սուլեյման Քանունի սուլթանի սկզբնական ժամանակաշրջանի ականատեսը՝ գրող Սուզի Չելեբին (մահացել է 1524թ) առաջինն էր, ով օգտագործեց «Մի թուրք աշխարհ արժե» արտահայտությունը: Սակայն, նույն ժամանակաշրջանի ականավոր դասական բանաստեղծ Բաքին՝ Քանունիին - ում նա համարում էր «Ամենամեծ թուրք նախնիներից մեկը» - ներկայացրած բանաստեղծությունում գրած տողերով մեր մտքերում շփոթ է առաջացնում. «Ո՜վ խոջա, թուրք համայնքին պատկանողը մի քիչ կոպիտ է լինում»: Ժամանակի մի այլ բանաստեղծ Հաֆիզ Համդի Չելեբիին եւս դուր չեն եկել թուրքերը. «Սուլթա՜ն իմ, տիեզերքի ստեղծումից առ այսօր/Աշխարհում թուրքերի չարության մասին են խոսում,/Աստված թուրքերին ըմբռնելու ունակություն չի տվել/Թեեւ խելացի, բայց անհոգ է/սպանիր թուրքին, թեկուզ հայրդ լինի/Նա բարության աղբյուր է, Մեծն Մարգարեն ասել է՝ «Թուրքին սպանեք, նրա արյունը հալալ է»:
Երբ Չելեբին Մարգարեի խոսքերն օգտագործելով առաջարկում էր սպանել թուրքերին, պարզվում է, որ նկատի ուներ Անատոլիայի Կըզըլբաշներին: Արդարեւ, երբ 1609թ Քույուջու Մուրատ փաշայի զորքերը Անատոլիայում կըզըլբաշների կոտորածներն էին իրականացնում, նույն ժամանակաշրջանի վավերագրերում կըզըլբաշի փոխարեն օգտագործվող «թուրք» բառի կողքին հայտնված ածականներն ամենեւին զարմանալի պետք չէ թվան այսօր. «բաղի» (ճամփա կտրող), «շաքի» (ավազակ), «թաղի» (կատաղած), «ջելալի» (ապստամբ), «զընդըք» (անաստված): Պատմագիր Քոչի Բեյը (մահացել է 1650թ) եւս «թուրքերին» նկարագրում էր թուրք, թաթար, յորյուք (քոչվոր ցեղ) ու նման այլ ոչ դրական որակումներով: Նույն կերպ Կակաչի դարաշրջանի պատմագիր Նայիման (մահացել է 1716թ), ունենալով կենտրոնաձիգ ուղղվածություն, թուրք հասկացությունը բացասական իմաստով էր օգտագործել. «Թյուրք-ի սյություրք» (կատաղած թուրք), «թյուրք-բեդ լիքա» (տգեղ երեսով թուրք), «էթրաք-ը իդրաք» (անհասկացող, անընկալունակ թուրքեր), «նադան թյուրք» (կոպիտ թուրք):
Թուրքիզմի գաղափարախոսությունը
«էթնիկական» սահմանումներն սկսել են օգտագործվել Թանզիմաթի ժամանակ: «Թուրք» հասկացությունը առաջին անգամ որպես «էթնիկական» կատեգորիա օգտագործողներից է եղել Ստամբուլում ապաստան գտնելուց հետո մահմեդական դարձած ու Մուստաֆա Ջելալեդդին անունը ընդունած լեհ գաղթական Կոնստանտին Բորժեցկին: Հեղինակի 1870թ Ստամբուլում և Փարիզում հրատարակված Les Turcs anciens et modernes (Հին ու ժամանակակից թուրքերը) վերնագիրը կրող աշխատությունը «թուրքության» գիտակցության զարգացման մեջ կարեւոր դեր ունեցավ:
Աբդուլ Համիդ երկրորդի հետախույզներից՝ հունգարացի հրեա, արեւելագետ Արմինիուս Վամբերը եւս այս թեմաների շուրջ է գրել: Նա իր Ճանապարհորդություն դեպի Կենտրոնական Ասիա (1873) գրքում առատորեն օգտագործել է «թուրքական հանեդան», «թուրք ժողովուրդներ», «թուրքական շրջափակում», «Թուրքիա» տերմինները: Իսկ ֆրանսիացի թուրքագետ Léon Cahun-ը հեղինակն էր այն վարկածի, ըստ որի Կենտրոնական Ասիայում գոյություն ուներ թուրքերի կողմից բնակեցված ներքին մի ծով, և այդ ծովի ցամաքելու պատճառով թուրքերն սկսել էին գաղթել դեպի Եվրասիա: Cahun-ը Թուրքիայում հայտնի է դարձել 1896թ լույս տեսած Introduction à l'histoire de l'Asie (Ներածություն ասիական պատմության) գրքով: 1889-1893թթ հայտնաբերված Օրհունի արձանագրությունները հայտնի դարձրած այս աշխատասիրության Մուստաֆա Քեմալի մոտ գտնվող օրինակներում նույն ինքն իր ձեռագրով նշումներ է արել:.
Այս հեղինակների հորինած «թուրքություն» հասկացությունը ավելի ուշ պիտի վերածվեր թուրքիզմ կոչվող քաղաքական մի նախագծի: 1789թ Ֆրանսիական հեղափոխությունից հետո Եվրոպայում տարածում գտած ազգայնական շարժումներից ազդված նոր սերնդի վերնախավը (երիտթուրքեր), տեսնելով էթնիկական խմբերի հետզհետե հեռացումը կայսրությունից, ինչպես նաեւ կայսրությունը փրկելու համար նրանց կյանքի կոչած «արեւմտամետության», «օսմանիզմի» և «իսլամիզմի» գաղափարախոսությունների տապալումը՝ էթնիկական, մշակութային ու քաղաքական առոումներով թուրքական ինքնությունը առաջնային պլան մղելու նպատակն իրականացնելու համար, որոշեց հիմնվել «թուրքիզմի» գաղափարախոսության վրա :
Ռուսաստանում արագորեն տարածում գտած արեւմտյան ոճի մոդեռիզմը, որը հիմնականում ռուսական ազգայնականության դեմ հակազդեցության արդյունք էր, օսմանյան պետություն ներմուծվեց Ռուսաստանյան ծագումով այնպիսի լուսավորյալների կողմից, ինչպիսիք են Գասփրալը Իսմայիլը, Հյուսեինզադե Ալին, Աղաօղլուն Ահմեդը, Ջաֆերօղլու Ահմեդը, Մեհմեթ Էմին Ռեսուլզադեն, Զեքի Վելիդի Թոգանը, Յուսուֆ Աքչուրան:
Մասնավորաբար, ժամանակին «ռոմանտիկ», «տարօրինակ», «անիրականանալի երազանք», «ծայրահեղական» որակումերին արժանացած տեսակետներն ամփոփող Աքչուրայի 1904-ին լույս տեսած հոդվածը՝ «Üç Tarzı Siyaset» (Երեք տեսակի քաղաքականություն), որն ավելի ուշ քաղաքական թուրքիզմի մանիֆեստն է համարվել, մեծապես տպավորել է հետագայի օսմանյան այնպիսի մտավորականներին, ինչպիսիք են Զիյա Գյոքալփը, Օմեր Սեյֆեթթինը, Մոիզ Քոհենը, Մեհմեթ Էմինը:
«Թուրք ազգի» հայտնաբերումը
Վերջինիս սերնդակից բանաստեղծ Յահյա Քեմալը պատմում է, որ Փարիզի Սորբոնի համալսարանի իր դասախոսներից Ալբեր Սորելը դասախոսության ընթացքում ուսանողներին ասել է, որ «Պատմության մեջ չբացահայտված երկու անհայտ կա. դրանցից մեկն է երկրի բեւեռների հայտնաբերումը, իսկ մյուը՝ թուրքերը...»: Այս նախադասությունը Յահյա Քեմալի ուղեղում կայծակ էր առաջացրել. «Ես Փարիզում ուսանողական միտինգների էի գնում: Բալկանյան պատերազմի նախօրեին մեր ազգային փոքրամասնությունները՝ հույները, բուլղարները... մեծ հանրահավաքներ էին կազմակերպում: Այդ ժամանակ մեր Երիտթուրքերն էլ Աբդուլ Համիդի տապալումով էին զբաղված: Նրանք թուրք ազգից, բանից տեղյակ չէին: Տեսա, որ հույները, բուլղարները ցանկանում էին տապալել ոչ թե Աբդուլ Համիդին, այլ մի ուրիշ բան: Սրանք թուրք ազգին են ուզում տապալել: Ուրեմն թուրք ազգ կոչվող մի բան կա: Սկսեցի մտածել, թե ինչպիսի ազգ է դա: Ո՞րն է նրա անցյալը: Ես այդ ժամանակ քաղաքական գիտությունների դպրոցում պատմություն էի ուսանում: Թուրք ազգի անցյալը իմանալու համար սկսեցի փորփրել պատմության գրքերը: Ահա, իմ մեջ այսպես ծնվեց ազգի զգացումն ու ազգայնականությունը:»
Յահյա Քեմալի «ազգայնականության զգացումի բացահայտման» պատմությունը ժամանակի բազմաթիվ մտավորականների անցած ճանապարհի տիպիկ օրինակ է: Սակայն, «թուրքիզմի» նախագծի հանրության կողմից յուրացումը հեշտ չէր լինելու: Այդ մասին են խոսում օսմանցի սպա Ռահմի Ափաքի Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված հուշերը: Ռահմի Բեյի ու նրա Էրզրումում հանդիպած մի երիտասարդ (նրա կարծիքով՝ հայ) զինվորի միջեւ հետեւյալ զրույցն է տեղի ուենում. «Դու ի՞նչ ազգից ես»: «Օսմանցի եմ»: «Ինչ է նշանակում օսմանցի, դու թուրք չե՞ս»: «Ոչ, ես թուրք չեմ, օսմանցի եմ»: «Լա՜վ, իսկ ի՞նչ լեզվով ես խոսում՝ հայերե՞ն, թե՞ թուրքերեն»: «Թուրքերեն եմ խոսում»: «Եթե թուրքերեն ես խոսում, ուրեմն թուրք ես»: «Ոչ, պարոն, ես թուրք չեմ»: «Դո, լա՜վ էլ թուրք ես ուրեմն, ե՛ս էլ եմ թուրք»: «Պարոն, դուք կարող է թուրք եք, դա ինձ չի հետաքրքրում, ես թուրք չեմ»: «Տղա ջան, դու խենթացե՞լ ես, նույնիսկ սուլթանն է թուրք»: «Տէր իմ, փադիշահիս մի՛ զրպարտեք, փադիշահը չի կարող թուրք լինել»:
Շեվքեթ Սյուրեյյայի (Այդեմիր) Suyu Arayan Adam (Ջուրը փնտրող մարդը) ինքնակենսագրական աշխատությունում եւս նմանօրինակ մի պատում կա: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կովկասյան ճակատում գտնվող 17 տարեկան գրողը մի խումբ Անատոլիայի գյուղացի զինվորականների հետ զրուցելիս հարց է տալիս. «Ո՞րն է մեր կրոնը»: Ամեն մեկը մի բան է ասում. մեկն ասում է՝ «Սուրբ Ալիի կրոնից ենք», մեկ ուրիշը՝ «Իմամ-ի Ազամի կրոնից»: Շեվքեթ Սյուրեյյան հարցնում է՝ «Ո՞վ է մեր մարգարեն»: Կրկին շփոթված ձայներ՝ մարդ կա նույնիսկ «Էնվեր փաշա» է ասում: Շեվքեթ Սյուրեյյան մի քայլ առաջ է գնում՝ «Ի՞նչ ազգի եք պատկանում»: Կրկին, ամեն մեկը մի բան է ասում: Գրողը փորձում է հեշտացնել գործը՝ «Մենք թուրք չե՞նք»: Զինվորները պատասխանում են միաբերան՝ «Քա՜վ լիցի»:
Կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի թուրք կոչվելը նախատինք համարող այս զինվորներին ստիպեն բարձրաձայն գոչել «Ես հպա՜րտ եմ, որ թուրք եմ»: Կարճ ու արմատական այս ճանապարհի ճարտարապետ Մուստաֆա Քեմալը երեք փուլով իրականացրեց այս փոխակերպումը: Առաջին փուլում՝ «Ազգային պայքարի» տարիներին (1919-1922) Անատոլիայի ու Ռումելիի մահմեդական բնակչությանը «մեծ տերությունների» դեմ մոբիլիզացնելու համար գործածվել էին «կրոնական» բնորոշումներ՝ «Մահմեդական համայնք», «Իսլամական տարրեր», «Իսլամական ժողովուրդ» և այլն:
Երկրորդ փուլում «կրոնական» բնորոշումներն աստիճանաբար իրենց տեղը զիջեցին «քաղաքական» բնորոշումներին: Նախ և առաջ, 1921թ փետրվարին, Ազգային մեծ ժողովի առջեւ ավելացավ «Թուրքիայի» բառը: Մուստաֆա Քեմալը «թուրք» բառն առաջին անգամ որպես «քաղաքական» տերմին օգտագործեց 1922թ սեպտեմբերի 21-ի Մեծ հաղթանակի հռչակագրում: 1922թ հոկտեմբերին Մուստաֆա Քեմալը մի խումբ ուսուցիչների հետեւյալն ասաց` «Երեքուկես տարի առաջ մենք ապրում էինք որպես կրոնական համայնք... Այդ ժամանակից ի վեր, մենք ապրում ենք որպես թուրք ազգ»:
«Թուրք ցեղի» դարաշրջանը
Մուստաֆա Քեմալը 1923թ մարտի 16-ին Ադանայի «Թուրքական օջախ» արհեստավորների միության թեյասեղանին արտասանած խոսքում ակնարկել էր, թե ովքեր «թուրք ազգի» մաս չեն կազմում. «Մեր ընկերները իրենց ելույթներում ասացին, որ մեր Ադանայի գերիշխող մյուս տարրերը՝ սրանք, դրանք, հայերը ներխուժել են մեր մշակութային օջախները և կարծես այս երկրի տերն են դարձել: Անկասկած, սրանից ավելի մեծ անարդարություն եւ ամբարտավանություն չի կարող լինել: Հայերը այս բարեբեր երկրում ոչ մի իրավունք չունեն: Հայրենիքը ձերն է, թուրքերինն է: Այս երկիրն անցյալում թուրք է եղել, ուստի թուրք է և ընդմիշտ կապրի որպես թուրքական ... »
Թեեւ փորձ արվեց ռասիստական այս մոտեցումը հավասարակշռել 1923թ հուլիսի 23-ին Ժողովրդական կուսակցության հիմնադրումն ազդարարող Ինն սկզբունքներում առկա «Թուրքիայի ժողովուրդ»-ով, և չնայած, որ 1923թ Հուլիսի 24-ի Լոզանի հաշտության պայմանագրի ստորագրումից հետո՝ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ բնակչության փոխանակումը կրոնի հիման վրա տեղի ունեցավ, արդեն քայլեր էին ձեռնարկվում, որոնք հուշում էին, թե Ազգային պայքարի դաշնակիցների կարիքն այլեւս չէր զգացվում:
Օրինակ, 1924թ Սահմանադրության քննարկումներում Համդուլլահ Սուփհին հայտնում էր, որ մինչեւ հայերը, հույները և հրեաները թուրքական լեզուն ու մշակույթը չյուրացնեն՝ նրանք պետք չէ համարվեն թուրք ազգի մաս», իսկ Ջելալ Նուրին պնդում էր, որ «Թուրքիայի իսկական քաղաքացիները» «թուրքախոս հանեֆի մուսուլմաններն» են: Եվ վերջապես, երբ մի կողմից քաղաքացիությունը սահմանող 88-րդ հոդվածով «Թուրքիայում՝ անկախ կրոնական եւ ռասայական պատկանելությունից բոլորը “թուրք” են կոչվում», մյուս կողմից՝ 12-րդ հոդվածով գլխավորաբար քրդերի, սակայն նաեւ ոչ մահմեդական փոքրամասնությունների առջեւ ճանապարհը փակվում է. «Թուրքերեն գրել-կարդալ չիմացողները չեն կարող պատգամավոր ընտրվել»:
Թերեւս այս օտարման հետեւանքով ծնված Շեյխ Սայիդի ապստամբության ճնշումից հետո վարչապետ Իսմեթ փաշան՝ 1925թ ապրիլի 27-ին Վաքիթ թերթում հրապարակված հայտարարության մեջ ընդգծում էր, որ ռեժիմը ռասիզմի մեջ հետեւողական է լինելու. «Ազգությունը մեզ միացնող միակ բանն է: Մյուս տարրերը թուրքական մեծամասնության վրա չեն կարող ազդել: Մեր պարտականությունը թուրքական հայրենիքում գտնվողներին անհապաղ թուրք դարձնելն է: Թուրքերին ու թուրքիզմին ընդդիմացող տարրերին վերացնելու ենք: Հայրենիքին ծառայողներին ընտրելիս առաջնորդվելու ենք նախ և առաջ այդ մարդկանց թուրք և թուրքիստ լինելու հանգամանքով...»:
Հայտնի է, որ Մուստաֆա Քեմալը տեւական ժամանակ մանրակրկիտ ուսումնասիրում էր ռասիստ մտածողներ Gobineau-ի ու Pittard-ի աշխատությունները: Նրա հրահանգներով շարժվող՝ 1925թ. հիմնադրված Թուրքական մարդաբանության հետազոտությունների կենտրոնի առաջին աշխատանքներից են «Քարաջաահմեդի գերեզմանոցից հավաքված գանգերի չափման» ու «ցեղական տարբեր արմատներ ունեցող թուրք, հայ, հույն և հրեա երեխաների» հետ համեմատական հետազոտությունները:
1926թ սեպտեմբերի 30-ին, Չանքայայի նախագահական պալատում Թուրքիայի Ուսումնական համայնքների դաշինքի համագումարի պատվիրակության առջեւ ունեցած իր ելույթում Մուստաֆա Քեմալը օգտագործել է «ցեղի բարելավում», «ցեղի գոհունակություն», «ցեղի մաքրազերծում» և նմանատիպ այլ արտահայտություններ: Իսկ 1927թ հոկտեմբերի 20-ին երիտասարդությանը հղած իր ուղերձում նա ռասիզմին տվեց փոխաբերական մի նոր իմաստ. «Ո՜վ թուրք երիտասարդություն, քեզ հարկավոր ուժը քո ազնիվ արյան մեջ է գտնվում»: 1928 թվականին ուսանողների ձեռամբ իրականացվող «Քաղաքացի՛, թուրքերե՛ն խոսիր» քարոզարշավով զարկ էր տրվելու «թուրք ցեղը» «թուրք ազգի» վերածելու գործին:
«Թուրք ազգի» կառուցումը
1932թ հուլիսի 2-11 կայացած Պատմության առաջին համագումարին քննարկման էր դրվել թուրքական պատմական թեզը, ըստ որի աշխարհում բոլոր քաղաքակրթություններն առաջացել են թուրքերից: Այդ համագումարում «գերադաս թուրք ցեղը» Ռեշիդ Գալիփի կողմից հետեւյալ կերպ բնորոշվեց. «Բարձրահասակ, սպիտակ դեմքով, ուղիղ կամ կամարաձեւ բարակ քթով, համաչափ շրթունքով, շատ անգամ կապուտաչյա և կոպերն ուղղահայաց բացվող “ալպյան ցեղից”» (...) Նա պատկանում է արյան A խմբին, օժտված է մի շարք հատկություններով՝ քաղաքակրթական, հերոսական, արվեստագիտական ընդունակություններով և այլն:»
Հինգ տարվա դադարից հետո, 1933 թիվը համալսարանական ուսանողների «Քաղաքացի՛, թուրքերե՛ն խոսիր» գոչյուններով ոչ թուրքական տարրերին կրկին ահաբեկելու տարին էր: 1934թ թե՛ «քրդական հարցը» կարգավորելու և թե՛ մեծ ալիքներով Թուրքիա հասնող մահմեդական ներգաղթյալների վերաբնակեցման խնդիրները լուծելու նպատակով ընդունված Բնակեցման մասին օրենքով Թուրքիան՝ «տոհմ», «ցեղ», «հարս» (լեզու և մշակույթ) եզրերի օգտագործմամբ երեք շրջանի բաժանվեց: Այսպիսով, Սահմանադրության 88-րդ հոդվածով մի անգամ եւս պարզ դարձավ, թե «թուրք» բառը ում է իր մեջ պարփակում:
1936-ին, երբ տարածվում էր Արեւի լեզվի տեսությունը, որի համաձայն «Եվրոպայից Աֆրիկա եւ նույնիսկ մինչեւ Ամերիկա բոլոր մշակութային լեզուները ծագում են թուրքերեն մայր լեզվից», Աթաթուրքի աջ թեւը՝ Աֆեթ Ինանը «Թուրքերի բրախիկեֆալ (կարճագլուխ) ալպյան ռասայի կատարյալ ներկայացուցիչներ լինելն ապացուցելու համար» շվեցարացի մարդաբան Pittard-ի հսկողության ներքո կատարած դոկտորական հետազոտության ընթացքում՝ Աթաթուրքի հրամանով 64 հազար մարդու անթրոպոմետրիկ չափումների ենթարկեց: «Ռասիստական» այս հսկա աշխատանքը (նացիստական Գերմանիայում անգամ նման բան չէր կատարվել) կառավարության, Ազգային անվտանգության նախարարության, Առողջապահության նախարարության և Կրթության նախարարության աջակցությամբ էր իրականացվել, չափումներն արվել էին քաղաքացիական և ռազմական բժիշկների, առողջապահության պաշտոնյաների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների կողմից: Փորձարկումները կատարվել էին Աֆեթ Ինանի տրամադրության տակ դրված զինծառայողների վրա:
1937թ սեպտեմբերի 20-ից 25-ը տեղի ունեցած Պատմության երկրորդ համագումարում Սադրի Մաքսուդի Արսալի ներկայացրած զեկույցի վերնագիրն էր «Մարդկության պատմության մեջ պետության և իրավունքի հայեցակարգը և ինստիտուտների զարգացման մեջ թուրք ցեղի դերը»: Հասան Ռեշիդ Թանքութի ծանուցումն էր՝ «Լեզվի ու ցեղի առնչակցությունները»: Դոկտոր Նուրեթթին Օնուրի ծանուցումը «Արյան խմբերի տեսանկյունից թուրքական ցեղի ծագման մասին ուսումնասիրություն» էր կոչվում: Իսկ 1925-1939թթ հրատարակված և կրթության նախարարների «պատվավոր նախագահը» համարվող Թուրքական մարդաբանական հանդեսը՝ մարդաբանությունն օգտագործելով որպես գիտական գործիք, այդ տարիներին կաշվից դուրս էր գալիս ապացուցելու համար թուրքական ցեղի գերակայությունը:
«Մահմեդական թուրքի» դառաշրջանը
1945թ Գերմանիայի պարտությունից հետո Արեւմտյան բլոկի հետ հաստատված հարաբերությունների պատճառով ոչ ոք բացահայտորեն ֆաշիստական թեզերին աջակցելու քաջությունը չուներ այլեւս: Հետեւաբար, թուրք ցեղապաշտների դիսկուրսը փոխվել էր: Այժմ «Թուրանիզմի» փոխարեն' «ազգայնականություն», «Թուրք ցեղի» փոխարեն՝ «թուրք ազգ», Գորշ գայլերի» փոխարեն՝ «ազգայնականներ» էր ասվում: Նոր թեզերը փորձում էին զանգվածներին տարածել Millet (Ազգ), Orhun, Kopuz, Büyük Doğu (Մեծ Արեւելք), Hareket (Շարժում) ու այլ պարբերականների, ինչպես նաեւ մի շարք կազմակերպությունների՝ Թուրքական երիտասարդական կազմակերպության, Կիպրոսի թուրքական մշակութային միության, Կոմունիզմի դեմ պայքարի միության միջոցով:
1970թ հիմնադրված «Մտավորականների օջախում» մեկտեղված պահպանողական մտավորականները թուրքության համար մի նոր սահմանում գտան. «Թուրքի ամենակարճ սահմանումը թուրքախոս մուսուլմանն է»: Ըստ այդ մտավորականների «թուրքական մշակույթը» շատ հին է՝ համաշխարհային պատմության մեջ կարեւոր տեղ ունի, ավանդույթներ ունի, աշխարհագրորեն տարածված՝ աշխարհին տիրող մի մշակույթ ունի: Թուրքերը սպիտակամորթ, մարդասեր, արդար, երբեք արյուն չթափած, հանդուրժող, աշխարհիկ, թույլերի, ծերերի, կանանց, ընտանիքի և բանակի նկատմամբ հարգալից են եղել: Իսկ կրոնը «ազգին ազգ սարքող» ամենագլխավոր արժեքն էր: Կրոնը թուրքին ինքն իրեն օտարելուց ու Արեւմուտքին նմանվելուց փրկող ամենակարեւոր տարրն էր: Իսլամը կարծես թուրքերի համար ստեղծված կրոն լիներ, քանի որ իսլամական քաղաքակրթության ու թուրքերի նախաիսլամական մշակույթի միջեւ մեծ նմանություններ կային: Դրանց շարքին էին միաստվածությունը, հավատն առ հոգու անմահության, արդարության զգացումը, ընտանիքի եւ բարոյականության կարեւորումը: Թուրքերն էլ իրենց հերթին մեծ ծառայություններ են մատուցել իսլամին: Դրանցից ամենակարեւորը խաչակրաց արշավանքների դեմն առնելն էր: Եթե դա չլիներ, ապա իսլամի փոխարեն քրիստոնեությունը կտիրեր աշխարհին: Մի խոսքով, թուրքը իսլամին, իսլամը թուրքին շատ բան էին պարտական: Այս բնութագրումը հետագային ավելի հայտնի դարձավ «իսլամաթուրքական սինթեզ» անունով:
Այդ տարիներին հիմնադրված MHP-ի (Ազգայնական շարժում կուսակցություն) առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը իրեն ուղղված «Դուք թուրքի՞ստ եք, թե՞ իսլամիստ», - լրագրողների հարցին պատասխանել էր՝ «Թանրը լեռների չափ թուրք, Հիրա լեռան չափ մուսուլման եմ»: Այս հարց ու պատասխանը ե՞րբ էր եղել, վստահ չեմ, սակայն այն, որ հսկայական Թանրը լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը 7429 մետրի վրա է գտնվում, իսկ Հիրա լեռը պարզապես 281 մետր բարձրությամբ մի բլուր է, Թյուրքեշի «իսլամաթուրքական» սինթեզի մասին խոսուն օրինակ է:
1980-ի հեղաշրջումին հաջորդած բացառիկ ժամանակահատվածում՝ հասարակական կարգի վերականգնման և միասնության ու ամբողջականության ընդմիշտ պահպանման խոստումներ տվող զինվորական խունտայի գաղափարական հորիզոնը կրկին իսլամաթուրքական սինթեզն էր եղել: Մեր օրերում՝ «Թանրը լեռների չափ թուրք, Հիրա լեռան չափ մուսուլման եմ» ձեւակերպման թուրքությանը վերաբերող մասը նույնն է մնում, իսկ իսլամինը՝ զգալիորեն ուժեղացած:
Ահա, մեր այսօր օգտագործած թուրք, թուրքություն, թուրք ցեղ, թուրք ազգ տերմինները դարեր առաջ սկսված և առ այսօր անընդմեջ շարունակվող, չափազանց բարդ «կառուցման» գործընթացների արդյունք են: Ընդ որում, հիմնավոր ապացույցներ կան, որ կառուցման այս գործընթացը դեռեւս շարունակվում է: Պնդել, որ կառուցված մի ինքնություն ավելի բարձր է քան մեկ այլ ինքնություն (որը հավանաբար նույնպես կառուցված է), առնվազն նշանակում է պատմության իրազեկվածության պակաս: Հետեւաբար, երբ մեր կուրծքն ուռում է «Հպարտ եմ, որ թուրք եմ» ասելիս, լավ կլինի երբեմն խորը շունչ քաշել և հիշել պատմությունը ...
Օգտագործված աղբյուրներ.Reşat Genç, Kaşgarlı Mahmud’a Göre XI. Yüzyılda Türk Dünyası, Türk Kültürünü Araştırma Enstitüsü Yayınları, 1997; Onur Bilge Kula, “’Türkiye’ Sözcüğünün Kullanıldığı Almanca İlk Belge:Tannhauser’in ‘Haçlı Seferi Şarkısı’”, Tarih ve Toplum, Aralık 1992, S. 108, s. 329; Hakan Erdem, “Osmanlı Kaynaklarından Yansıyan Türk İmaj(lar)ı”, Dünyada Türk İmgesi, Kitap Yayınevi, 2005, s.13-26; Muzaffer Özdağ, “Osmanlı Tarih ve Edebiyatında Türk Düşmanlığı”, Tarih ve Toplum, S.65, s.9-15; François Georgeon, Türk Milliyetçiliğinin Kökenleri Yusuf Akçura (1876-1935), Tarih Vakfı Yurt Yayınları, 1999; Rahmi Apak, Yetmişlik Bir Subayın Hatıraları, Türk Tarih Kurumu Yayınları, 1988, Şevket Süreyya Aydemir, Suyu Arayan Adam, Remzi Kitabevi, 1999; Şair ve Fikir Adamı Olarak Yahya Kemal, Yayına Hazırlayan: Osman Oktay, http://www.turkocagi.org.tr/kitaplar/YahyaKemalBeyatli.pdf ; Atatürk’ün Söylev ve Demeçleri, Atatürk Araştırma Merkezi, 2006; Ahmet Yıldız, “Ne Mutlu Türküm Diyebilene” Türk Ulusal Kimliğinin Etno Seküler Sınırları (1919-1938), İletişim, 2001; Nazan Maksudyan, Türklüğü Ölçmek, (Bilimkurgusal Antropoloji ve Türk Milliyetçiliğinin Irkçı Çehresi), Metis, 2005; Suavi Aydın "Cumhuriyet'in İdeolojik Şekillenmesinde Antropolojinin Rolü: Irkçı Paradigmanın Yükselişi ve Düşüşü", Modern Türkiye'de Siyasi Düşünce, Kemalizm, C.2, İletişim, 2001, s. 344-369; Etienne Copeaux, Türk Tarih Tezinden Türk-İslam Sentezine, Tarih Vakfı Yurt Yayınları, 1998; Bozkurt Güvenç ve diğerleri, Türk-İslam Sentezi, Sarmal Yayınları, 1994; İbrahim Kafesoğlu, Türk-İslam Sentezi, Aydınlar Ocağı Yayınları, 1985.