Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Թուրքիայից Սեւան Տէյիրմենճեան |
Սեւան ՏէյիրմենճեանԳրող և ուսուցիչ |
Այս հարցազրոյցին մէջ Սեւան Տէյիրմենճեան կը փորձէ բացատրել թէ որոնք են Պոլսահայերու ինքնութեան հիմերը՝ անոնց կապը կրօնքի, Հայոց լեզուի, ծպտեալ Հայերու և Հայաստանի Հանրապետութեան հետ։
Պոլսահայ համայնքում հայկական ինքնությունը ինչպե՞ս է ընկալվում, ո՞րն է հայի ինքնությունը։
Ես պոլսահայ համայնքը ներկայացնող մեկը չեմ, դրա համար էլ հիմնվելով իմ դիտարկումների վրա, շատ ընդհանրական բառերով կարող եմ խոսել։ Համայնք ասելով՝ ինքնության որոշակի սահման ենք գծում։ Ըստ Թուրքիայում իշխող մտայնության եւ պոլսահայ համայնքի ընկալման, ինքնությունն ավելի կրոնական եզրույթ է, եւ համայնքն էլ եկեղեցու շուրջ է ամփոփված։ Որեւէ պոլսահայի եթե հարցնենք, եկեղեցին շատ կարեւոր է եւ նույնիսկ եթե հավատացյալ չէ քրիստոնեությունն իր ինքնության մաս է կազմում։ Հետեւաբար կրոնական ինքնությունը ընդհանուր ինքնության կարեւոր մաս է։ Ոմանց համար էլ լեզուն պետք է ասեմ։
Մյուս կողմից հարցը խնդրահարույց է, քանի որ պոլսահայ եզրը, եթե քրքրենք, բավական տարբեր եզրեր ի հայտ կգան։ Օրինակ, ես եկեղեցի չեմ գնում, հավատացյալ չեմ, հայ ինքնություն երբ հարցնես, ուրիշ կերպ կմտածեմ։
Իսկ առհասարակ ինքությունն ի՞նչ է իրենց համար։
Պոլսահայ համայնքը շատ չի մտածել եւ չի մտածում այս մասին։ Որոշ ավանդույթներ եւ սահմաններ կան, որոնցով ապրում են, բայց եթե հարցնեք թե այս ինչ բանն ինչու են անում, կդժվարանան բացատրել։ Այս թեմաներն իրենց համար օտար են եւ իրենք ինքնության բացատրություն կարծում եմ չունեն։
Վերջին տարիներին Պոլսում հատկապես հայկական մամուլը բարձրաձայնում է օր օրի խորացող էրոզիայի մասին։ Սա գիտակցվա՞ծ էրոզիա է, թե ինքնության գիտակցության պակաս։
Ինքնության էրոզիա արտահայտությանը դեմ եմ, ավելի շատ պետք է խոսել ինքնության հասկացության փոփոխության մասին։ Օրինակ, եթե թերթենք հարյուր տարի առաջվա մամուլը շատ ավելի տարբեր աչքով կնայենք, քառասունականների եւ այսօրվա մամուլը եւս էրոզիա ցույց կտա, սրանից հարյուր տարի անց էլ էրոզիայի մասին կխոսենք։ Սա անտեղի գանգատվելու ձեւ է։ Պարզապես ինքնության հասկացությունն ու բնորոշումն է փոխվում։ Օրինակ իմ ծնողների համար, համայնքը, որում ես ծնվել եմ հետեւյալն էր՝ ծնվելուց հետո մկրտվում ես, հայկական վարժարան եւ ավագ դպրոց ես հաճախում, ավարտելուց հետո կամ մանկավարժ ես դառնում կամ ոսկու շուկայում աշխատում։ Դու էլ ես երեխաներ ունենում եւ նույն գործընթացը այսպես կրկնվում է։ Համայնքային միությունների հավաքույթներին են մասնակցում, հայերեն են խոսում։ Այս մարդիկ են, որ ասում են համայնքը էրոզիայի է ենթարկվում։ Պատկերին մյուս կողմից նայելուց իրականությունը բոլորովին այլ է։ Համայնքը, որ նման սահմաններ ուներ, օտար էր համարում այն հայերին, որոնք հայերեն չէին խոսում, սանուց միությունների միջոցառումների չէին մասնակցում կամ եկեղեցի չէին գնում, որոնք ոչ թե հայի այլ օտարի հետ էին ամուսնանում։
Խոսեցինք օտար թվացող հայերի մասին, թերեւս հենց այս կետում ճիշտ կլինի խոսել ծպտյալ հայերի մասին։ Ինչպե՞ս են նրանք ընդունում այդ հայերին։
Պոլսահայ ինքնության ավանդական սահմաններում բանտարկված հայերը իրենցից դուրս այլ հայերի չեն ընդունում։ Հայաստանցի հային էլ չեն ընդունում։ Հայաստանում ուսանածս տարիներին, երբ պոլսահայ մարդիկ էին այցելության գալիս, ինքնության թելադրանքով Էջմիածին, Մատենադարան եւ այլ տեղեր էին գնում։ Եւ երբ տեսնում էին, որ հայաստանցիները հաճախ եկեղեցի կամ պատմական այլ վայրեր չեն գնում, ասում էին “սրանք ի՜նչ հայ են որ”։ Նման մարդկանց մասին խոսելիս, ինքնության իրականությունը դա է՝ եթե եկեղեցի չես գնում կամ հայերեն չես խոսում հայ չես։ Կամ եթե եկեղեցի գնում ես, բայց շատ լավ հայերեն չես խոսում, էլի հայ ես։ Փաստորեն քրիստոնեությունն ավելի առաջնային հատկանիշ է իրենց համար։ Պարզ է, ծպտյալ հայերը երբեք ընդունելի չեն լինի։
« Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններ՝ Արին ո՞վ է » հոդվածում գրել էիք, թե պոլսահայերը Հայաստան այցի եւ առհասարակ պետական կառույցների կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ ներառյալ համահայկական խաղերը, միշտ խնդիրներ են ունենում։ Դուք որպես հիմնական խնդիր ցույց եք տալիս լեզուն։ Կա՞ն ուրիշ խնդիրներ լեզվից բացի, որոնց նման լուրջ տարաձայնությունների պատճառ կարող են դառնալ։
Լեզուն առաջին խնդիրն է, քանի որ առաջինը դա են լսում եւ հաղորդակցվելու միջոց է։ Հետո երբ այդ պատնեշը հաղթահարվում է անգլերենով են խոսում կամ հայերեն։ Բայց առաջ է գալիս մեկ այլ հարց՝ պատկերացում թուրքի մասին։ Հայաստանցիների, սփյուռքահայերի եւ պոլսահայերի մոտեցումը թուրքական ինքնությանը նույնը չէ։ Պոլսահայերի համար թուրքը միատարր զանգված չէ, ինչպես որ ընկալվում է, ասենք, հայաստանցու համար շատ անգամ։ Արհեստական ինքնություն է եւ շատ պեղելու դեպքում բազմազանությունն ակնհայտ է։ Սա եւս բախման հարց է։
Նույն իրավիճակին ականատես եղանք, երբ սիրիահայերը եկան Հայաստան։ Շատ ժամանակ իրար հետ արագ հաղորդակցվելու համար կամ գաղտնի բան խոսելու համար հաղորդակցվում էին արաբերեն, որը եւս հակազդեցություն էր տեսնում։ Նույնն է պարսկերենի ժամանակ։ Կարծես թե հայաստանյան հասարակությունը խնդիր ունի արեւելյան լեզուների հետ։
Ճիշտ դիտարկում է, այո Հայաստանի հասարակությունը միատարր զանգված է, օտարները չեն սիրվում։ Պահպանողական է եւ նույնիսկ սփյուռքահայերի հանդեպ երբեմն վերապահումներ ունի։ Պոլսահայերը վարժված են իրար հետ թուրքերեն խոսել եւ երբ Հայաստանում մեկ ընկերոջ հյուրընկալեցի եւ թուրքերեն էինք խոսում լիբանանահայ մեկ ընկեր ասաց, գոնե Հայաստանում թուրքերեն մի խոսեք։ Սա ճիշտ նույն պահվածքն է ինչ Թուրքիայինը՝ արգելել կամ անցանկալի համարել այլ լեզուներ, ինչը իմ պատկերացրած ժողովրդավար Հայաստանին հարիր լինել չի կարող։
Արդյոք նմանություն չե՞ս տեսնում հայաստանցիների սփյուռքահայերի հանդեպ եւ պոլսահայերի ծպտյալ հայերի հանդեպ վերաբերմունքի միջեւ։
Շատ լավ դիտարկում է եւ կարծում եմ սա համահայկական սինդրոմ է։ “Ան ալ հա՞յ է” ասելու շատ սովոր ենք։ Լա՛վ, եթե նա, մյուսը, այն մյուսը հայ չեն, ապա ո՞վ է հայը...
Լավ, ո՞վ է հայը քեզ համար, ո՞րն է հայկական ինքնության քո սահմանումը եւ ի՞նչ տեղ է դրանում զբաղեցնում լեզուն։
Որպես բանասեր, լեզուն ինձ համար ինքնության փոխանցման կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, բայց եւ այնպես չեմ մեղադրում նրանց, ովքեր չեն խոսում հայերեն։ Երբ հինգերորդ դարի գրվածք եմ կարդում եւ հասկանում, Մաշտոցից եկող այդ կապը շատ զորավոր եմ զգում եւ ուրախանում։ Լեզուն նաեւ ունի մշակութաբանական ներգործություն, որը շատ կարեւոր է։ Հայաստանում ուսմանս ավարտին, ինձ հարցնում էին, թե ի՞նչ եմ զգում։ Պատասխանս կարճ էր «Հայ եկա, այստեղ մարդ դարձա»։ Այսինքն Հայաստանի պարագան շատ կարեւոր էր։ Բայց դրսի հայերն իրենց հայկական ինքնությունը շեշտելու համար ավելորդ ջանք են գործադրում։ Մոլուցք ունեն ինքնություն ցույց տալու համար։ «Դրսեցի» հայի ինքնության համար ուրիշ լինելը, տարբերվելը շատ կարեւոր է։
Ինչո՞ւ Թուրքիայի հայ համայնքում դա չի աշխատում, գերադասում են աչքի չընկնել։
Լեզուն նահանջում է, բայց քրիստոնյա լինելու միջոցով են տարբերություն մեջտեղ դնում, կամ խոհանոցով։
Թուրքիան իմ երկիրն է, բայց ոչ այնպես ինչպես թուրքն է ընկալում։ Պետությունը ըստ քաղաքական կամ պատմական զարգացումների իր քաղաքացիներին թելադրում է թուրքական մի ինքնություն, որ ոմանք ընդունում եւ ոմանք էլ չեն ընդունում։ Այս շրջանին, գիտեք, մոդայիկ է օսմանյան-իսլամական գունավորումներով թուրքական ինքնությունը ։ Բայց Թուրքիայի հայերի կամ այլ ժողովուրդների համար սա ընդունելի լինել չի կարող։ Թուրքահայերը իսլամական այս մակընթացության պատասխանում են փարվելով իրենց քրիստոնեական ինքնությանը։ Ուրեմն թուրքահայի ինքնության մեջ կարեւոր ազդակ է այն հակազդեցությունը, որ նա տալիս է իշխող՝ թուրքական պետության թելադրած ինքնության բնորոշմանը։
Քանի որ հայրենիքից խոսեցինք, Ձեզ համար պոլսահայությունը սփյո՞ւռք է։
Այս հարցի մասին ես երկար տարիներ եմ խորհել, տարբեր մտքեր են եկել, դեռ մտածում եմ։ Բայց այս պահի պատասխանս հետեւյան է՝ քանի որ Հայաստանի տարածքից դուրս հողատարածք է Ստամբուլը, երբեք մաս չի կազմել պատմական հայրենիքին, հետեւաբար, այո՛, Հայաստանից դուրս է եւ սփյուռք է։ Բայց պոլսահայությունը սփյուռքն է մի երկրի որ այլեւս գոյություն չունի։ Միանշանակ հաստատ կարող եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքը չենք։ Հայաստանը շատ եմ սիրում, մշակույթիս մի մասն այնտեղ է պահպանվում եւ շարունակվում, բայց ես կապ չունեմ այդ երկրի հետ։ Այսօրվա ավանդական սփյուռքը, որին Հայաստանը ջանում է տեր լինել, իրեն չի պատկանում։
Այսինքն Հայաստանը որպես համայն հայության հայրենիք չեք տեսնո՞ւմ։
Այո, կարելի է այդպես ասել։ Օրինակ, Սփյուռքի նախարարության ‘Արի Տուն’ նախագիծը 90-ականներին Հայաստանից գաղթածների երեխաների համար պետք է լինի, որովհետեւ իրենց ծնողների հայրենիքն է դա։ Ես սիրում եմ Հայաստանը, բայց իմ ինքնության մեջ իմ տունը չէ։ Թուրքիայում միշտ հիշեցնում են քո հայ լինելու մասին։ Հայաստանում ես զգացի, որ արեւմտահայ եմ, ուրիշ եմ, հետեւաբար ուրիշ տեղի եմ պատկանում եւ Հայաստանն իմ տունը չէ։ Մարդիկ սարսափում են երբ նման բաներ են լսում, բայց կարծում եմ ես վատ բան չեմ ասում եւ որեւէ մեկին չեմ անարգում։
Համայնքում լեզուն կորում է, բայց դրան զուգահեռ վերջին տարիներին հայերենի ուսուցումը թափ է առել։ Հայերենի ուսուցանման վիճակի մասին խոսենք, ի՞նչ մակարդակի է։
Լեզուն ինձ համար հաղորդակցման միջոց է նախեւառաջ։ Օրինակ երբ փոքր հասակից մայրիկիդ հետ որ լեզուով որ խոսես, հայերեն, գերմաներեն կամ թուրքերեն, մինչեւ կյանքիդ վերջ այդ լեզվով էլ կշարունակես։ Թուրքիայում րդեն վաղուց հաղորդակցման լեզուն թուրքերենն է նաեւ հայերի համար, նույնիսկ նրանք, ովքեր հայերենի կարեւորությունը կշեշտեն, կամ մտահոգությունների մասին կբարձրաձայնեն թուրքերեն են խոսում։ Այնպես, որ հայերենն այս դեպքում պարզապես պատրանք է թվում։ Այո, լեզուն կարեւոր է, եւ ես խղճում եմ այն երիտասարդներին, ովքեր չեն կարողանում հասկանալ եւ կտրված են Մաշտոցից մինչ այսօր մեր ժողովուրդի կուտակած ահռելի ժառանգությունից։
«Քանի որ հայ եմ, պետք է հայերեն խոսեմ» մոտեցումը լեզուն ազգայնացնելու տեսակ է, ազգայնական մոտեցում։ Թուրքերենը միայն թուրքին չի պատկանում, հայի լեզուներից մեկն էլ թուրքերենն է եղել։ Օսմանյան կայսրության ժամանակ էլ թուրքերենով արտահայտված են։ Լեզվի կարեւորության անդրադառնում են այո, բայց դա միայն դասարանի մեջ է մնում։ Նույնիսկ դասարանում թուրքերեն են խոսում։ Լեզվի ուսուցիչների պակաս ունենք եւ միայն ուսուցիչով չի վերջանում։ Ընտանքիում պետք է լեզվի կապ լինի, երեխան պետք է գիտակցի, որ ծնողների հետ հայերեն խոսել է պետք։ Առաջ եկեղեցիներում հայերեն խոսելու սովորույթ կար, հիմա նույնիսկ հոգեվորականները հայերենին չեն տիրապետում։ Մյուս կողմից հարցը միայն տիրապետելը չէ, պետք է նաեւ առօրյա կյանքում կիրառելի լինի։
Շահան Շահնուրը դեռ 20-ականներից է տեսել սա, երբ ասել է «լեզուն նահանջում է»։ Սա բնական ընթացք է, բայց եւ չի նշանակում, որ մենք պետք է լեզվի գերեզմանափորը լինենք։ Որպես հաղորդակցության լեզու դժբախտաբար հայերենն իր դիրքերը շատ է զիջել։ Նույնիսկ հայերենի դասավանդումը փրկություն չէ։ Հայերենը որպես սովորելի լեզու կարելի է սովորել ակադեմիական մակարդակում։ Բայց հաղորդակցման լեզու դարձնելն այլ հարց է։
Ինչո՞ւ չեն նախընտրում հաղորդակցվել հայերենով։
Ուսուցչութեանս տարիներին աշակերտներիս հաճախ հարցնում էի, թե երբ թողեցին հայերեն խոսելը։ Բոլորն ասում էին միջնակարգի ավարտին։ Ասել է, թե բառապաշարն այլեւս չեր հերիքում նրանց միջնակարգից հետո։ Պոլսահայերի համար հայերենը «սրբություն սրբոց» է։ Աշակերտները հետեւյան մտայնությունն են ստանում; հայերենով կարող են աղոթել, եկեղեցում հաղորդակցվել, բայց առօրյա կյանքում, ասենք, սեր խոստովանել չեն կարող։ Ո՛չ թե չեն կարող, այլ չի կարելի։ Հասկանո՞մ եք։ Որովհետեւ սեր խոստովանելը հասարակ մի բան է, որի համար հայերենը գործածել հարկաւոր չէ։ Երիտասարդները հայերենով չեն ապրում, դա է խնդիրը։ Դժբախտաբար ուսուցիչների համար էլ հայերենն ապրելու լեզու չէ։ Չեմ մեղադրում, դա շատ բնական է, պարզապես պետք է ախտաբանությունը ճիշտ անենք, որպեսզի բուժումն էլ ճիշտ լինի։
Բուժումը սովորեցնելն է, որը փաստորեն շատ տարբերություն չի տալիս...
Եթե այս կերպ փորձենք բուժել եւ հայերենին միայն որպես սրբություն մոտենանաք, այո բան չի փոխվի։ Թեկուզ սխալներով, բայց պետք է երեխաներին քաջալերել, որ խոսեն։ Առօրյա կյանքում պետք է ամեն ինչի մասին կարողանան խոսել, մտածել հայերեն։ Ես իմ աշակերտներին միշտ ասում եմ գրեք եւ խոսեք թեկուզ սխալ։ Թեկուզ սխալ ուղղագրությամբ բայց գրելը չգրելուց ավելի լավ է։ Հայերենի դասավանդումը լավ է իհարկե, բայց դա լուծում չէ, քանի դեռ ամեն ինչ հայերենով անելու մտայնությունը հաստատված չէ։
Պոլսահայերն ունեն հայերեն խոսելու հիմք, բայց կարծես ցանկություն չկա։ Ծպտյալ հայերի դեպքում ճիշտ հակառակն է։ Խոսենք մի քիչ այն մեթոդի մասին, որը դուք եք առաջարկում հայերեն ուսուցանելու համար։
Ծպտյալ հայերի հայերեն խոսելու փափագը հասկանալի է։ Տարիների կարոտն է եւ արդարացիորեն մտածում են, որ դա իրենց ինքնության մաս է կազմում։ Հայերեն խոսեն ավելի հայ կդառնան։ Մկրտվում են, որ քրիստոնյա դառնան, քանի որ հայը քրիստոնյան է։
Ես որպես խոսակցական լեզու եմ սովորեցնում հայերենը։ Ինչպես մանուկն է սովորում այդպես են հայերենի հետ ծանոթանում եւ հետո երբ առօրյա կյանքում կարողանում են ինքնաարտահայտվել, ապա կարող են ավելի մասնագիտացված սովորել։ Նույնիսկ ասում եմ լատինատառ գրեք եթե դժվարանում եք, միայն թե հայերեն մտածեք։ Սա է թերեւս կարեւորը։
Սխալ խոսելու վախի արդյունքում այսօր շատ հայ երիտասարդներ չեն խոսում։ Պոլսահայ դասական կերպարն ինքնիրեն սահմանների մեջ է դրել եւ հայերենը նոյնպես կաղապարի մեջ է դրել։ Մեսրոպ Մաշտոցը եթե մեր այսօրվա հայերենը լսի շատ կտխրի, քանի որ Ե դարի հետ համեմատած մեր այսօրվա լեզուն մի մեծ սխալ է։ Բայց ի՞նչ անենք, չխոսե՞նք։ Լեզուն զարգացող օրգանիզմ է եւ ամեն օր կփոփոխվի։