Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

1915 թվականով ասորական համայնքի հույսերը խորտակվեցին

 
 
  Հայացք Թուրքիայից


1915 թվականով ասորական համայնքի հույսերը խորտակվեցին

Ֆեյյազ Քերիմո

 

 
Ֆեյյազ Քերիմո

Գրող և ուսուցիչ

Շվեդիայում բնակվող գրող և ուսուցիչ Ֆեյյազ Քերիմոյի համաձայն՝ 1915 թվականը անշրջելի ազդեցություն ունեցավ այսօրվա  թուլացած և մասնատված ասորական ինքնության վրա: Մինչ Իրաքի ու Սիրիայի վերջին զարգացումները արտագաղթի նոր ալիք էին բարձրացնում, սփյուռքում աճող նոր սերունդների Թուրքիա վերադարձի գաղափարը շատ հեռվում էր մնում:

Մեր օրերում ասորիները ինչպե՞ս են բնորոշում իրենց ինքնությունը: Վերջին տարիներում փոփոխություններ եղե՞լ են այդ բնորոշման մեջ:

Ընդհանուր առմամբ ազգային ինքնություն հասկացությունը առաջացել է վերածննդյան դարաշրջանում՝ հատկապես լեզվի ու պատմության շուրջ: Որոշակի  առանձնահատկությունների ընդհանուր հայտարարն է դա: Ըստ իս՝ ազգային ինքնությունը նախ և առաջ պատկանելության խնդիր  է:

Իրենց հայրենիքը հանդիսացող Բեթնահրինում (ասորերեն՝ Միջագետք) ասորիները համարվել են «փոքրամասնություն», «կրոնական փոքրամասնություն», իսկ հաճախ առ այսօր՝ «համայնք»: «Համայնք» բնորոշումը պետության ու թուրքական մամուլի վայ-թղթակիցների կողմից գիտակցաբար է օգտագործվում՝ իրենց ձեռնտու լինելու պատճառով: Նման բնորոշումները, թեկուզ մասամբ, մեզ ստիպում են հրաժարվել մեր իրավունքներից ու ազատություններից: Այնպես որ դրանք անարդարացի են և զուրկ իրականությունից:

Շահագործված և հետամնաց լինելու պատճառով, ասորիները ստիպված են եղել իրենց ինքնությունը կառուցել միակ կանգուն մնացած հաստատության՝ «եկեղեցու» ու «կրոնի» շուրջ: Մահմեեդական մեծամասնության մեջ՝ վերջին երկու հազարամյակների ընթացքում իրենք իրենց ներկայացրել են որպես «քրիստոնյաներ»: Սոցիոլոգիայի կարեւոր հարցերից մեկը հանդիսացող «Ո՞վ ես դու» հարցին՝ ասորիները պատասխանել են «Ես քրիստոնյա եմ»: Քանի որ արդյունքում իրեն մուսուլման մեծամասնությունից տարբերող միակ առանձնահատկությունը, իրենց կարծիքով, քրիստոնյա լինելն էր:

Սակայն երբ ասորի ժողովուրդը ստիպված եղավ լքել իր  հայրենիքը, սփյուռքում նորից հայտնվեց նույն հարցի առաջ:  Ըստ նրան՝ Եվրոպան «քրիստոնյա» էր և ուստի՝ իր «հայրենիքը»: Նույն հարցին պատասխանելիս, ասենք Շվեդիայում, նա նույնպես պատասխանում էր՝ «Քրիստոնյա եմ»:  «Այո, հասկանում եմ, բայց դու ո՞վ ես»,- կասեր շվեդացին, քանի որ շվեդացու համար կրոնը ինքնության տարբերակիչ տարր չէ:

Հենց այն ժամանակ ասորիները հասկացան, որ «քրիստոնյա» լինելը բավարար չէ իրենց նկարագրելու համար և հասկացան, որ այլ հատկանիշներ էլ են հարկավոր: Այնպես որ, ասորիների մոտ ինքնության որոնումը հիմնականում սփյուռքում է սկսվել:  Այդքան էլ առողջ զարգացում չունեցող այդ որոնումը ասորի ժողովրդի մոտ բեւեռացում առաջացրեց:

Ընդհանուր առմամբ, եթե համառոտ նկարագրեմ,  երկու հիմնական մոտեցումներ կան՝ մի մասը, ելնելով ասորի ժողովրդի արամեերեն խոսելու հանգամանքից, շեշտում  է իր  արամեական ծագումը, իսկ  մյուս մասը  պնդում է, որ իրենք հին Միջագետքում կայսրություններ հաստատած  ասորեստանցիների հետնորդներն են: Այդ երկու հատվածների միջեւ գոյություն ունեցող «արամեականների» ու «ասորեստանյանների» ֆանատիկ պայքարը (ինչպես, օրինակ, ֆուտբոլային թիմի երկրպագուներինը) հաճախ վերաճում է միմյանց ժխտելուն: Այսօր էլ նման բան անողների թիվը քիչ  չէ:

Ինձ համար ասորի ինքնությունը 6 հազար տարի նույն տարածքում (Միջագետքում) ապրող, նույն լեզուն խոսող (արեւելյան և արեւմտյան ասորերեն), պատմական գործընթացում ընդհանուր անցյալ ձեռք բերած և այսօր իրեն որպես ասորի, քաղդեացի, սիրիակ, արամեացի, մարոնիտ, մելքիդ, հակոբիկյան, նեստորական և այլ անվանումներով բնութագրող մարդկանց բոլորն էլ միեւնույն ժողովրդի զավակներն են:

Այսօր ասորական ինքնության հիմնական խնդիրը մասնատված, հյուծված, ասիմիլացված և ատոմիզացված ասորական ազգային ինքնության պատմական հեռանկարի մեջ տեղադրումով՝ միասնական պատկանելության ստեղծման խնդիրն է: Սա էլ, հետեւաբար, գիտակցության և գիտելիքների ձեռք բերման խնդիր է: Անկասկած, դա երկար գործընթաց է, իսկ մեզ մոտ դա դեռեւս զարգացման վաղ փուլում է:

Այս առումով, ինքնությունը կապված է , «եսի գիտակցության» և նրա «շարունակականության» հետ: Այսինքն, բավարար չէ պարզապես իմանալ, թե ով են իրենք այսօր: Պետք է հասնել հետեւյալ գիտակցության՝ « Ով էինք երեկ, ով ենք այսօր և ով  ենք ցանկանում լինել վաղը»: Այս գիտակցումը պահանջում է, որ որոշ խորհրդանիշների տեսքով դրսեւորվող ընդհանուր պատկանելության զգացումը երեւան հանվի ու ժողովուրդը նրան տեր կանգնի՝ ըմբռնի այն: Ասորական ինքնության առումով այդ խորհրդանիշները կարող են լինել, օրինակ, լեզուն իր բոլոր բարբառներով, կրոնը, պատմությունը, մշակույթը, ընդհանուր ապագայի տեսլականը և 1915 թվին կրած ցեղասպանությունը:

Սակայն նույնիսկ այս բոլոր հատկանիշների առկայության դեպքում, եթե դուք չունեք դրանք պահպանելու եւ զարգացնելու գիտակցությունը, ապա նրանք որեւէ նշանակություն ու կարեւորություն չեն ունենա: Ցավոք, սա է ասորիների ամենակարեւոր խնդիրը:

Հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը հայկական ինքնության մեջ խզում է առաջացրել, որոշիչ դեր է ունեցել այդ ինքնության  մեջ: Նման  դեր ունեցե՞լ է ադյոք 1915 թիվը ասորական ինքնության մեջ:

Ասորիները ցեղասպանությունը «սեյֆո» են անվանում: Սեյֆոն ասորերեն նշանակում է «թուր», քանի որ ասորի ժողովուրդին 1915 թվին «սրի քաշեցին»: Հարյուր հազարավոր ասորի  կին, տղամարդ, երեխա, ծեր, երիտասարդ գազանաբար սպանվեցին, Սիրիա, Կովկաս, Լիբանան, Իրան և Իրաք աքսորվեցին, բռնաբարվեցին, «իսլամացվեցին», նրանց ունեցվածքը բռնագրավվեց, եկեղեցիները հրկիզվեցին/ավերվեցին: Դա էլ բավարար չէր՝ հազարամյա եկեղեցական արխիվներ վառվեցին, ոչնչացվեցին: Իսկ թերեւս ամենակարեւորը՝  «վախը» մտավ ասորիների արյան մեջ:

Ասորիների ապրած տրավման նրանց ինքնության մեջ առաջացած ամենամեծ խզումն է, ինչն իմ կարծիքով արտացոլվում է  առաջին հերթին «կոլեկտիվ հիշողության» կրած վնասի մեջ: Գրավոր աղբյուրների համարյա ամբողջությամբ ոչնչացման պատճառով պատմությունն ու իրադարձությունները (հատկապես ցեղասպանությունը) ավանդազրույցի միջոցով սերնդե սերունդ են փոխանցվել և այսօր էլ շարունակվում են մասամբ այդպես փոխանցվել: Ասորական կոլեկտիվ հիշողության մեջ կարեւոր տեղ զբաղեցնող ցավալի դեպքերը, 1915-ի ցեղասպանության անիրավություններն ու անարդարություններն ասորական ինքնության և գիտակցության համար որոշիչ նշանակություն  ունեն:

Բացի այդ, այս տրավման ասորիների մոտ (անիրազեկության պատճառով) մարդասպանին խորհրդանշող իսլամի ու մահմեդականի, «թուրքի ու  քրդի» դեմ «բնական» հակազդեցություն է առաջացրել: Քանի որ ասորիների ջարդարարները «Ալլահու աքբար» գոռում-գոչյուններով մարդկանց  գլխատեցին, բռնաբարեցին, վառեցին ու ոչնչացրեցին: Այս տրավմայի նշանները ես ամեն օր եմ տեսնում: Իմ աշխատած ավագ դպրոցի ասորի աշակերտներս, երբ մեծամասնություն են լինում, մահմեդական աշակերտին օտարելու, նրա հետ ընկերություն չանելու, նրան չվստահելու նման վարքագծով իրենց զգացնել են տալիս: Սա էլ հստակ ցույց է տալիս, որ ցեղասպանությունը հին սերունդներից նոր սերունդներին է փոխանցվում դեռ բանավոր խոսքի  միջոցով: Այս հարցը ուշագրավ է նաեւ այն  առումով, թե  ինչքան մեծ է դեռեւս գոյություն ունեցող վախի զգացումը:

Այս տրավման ասորի ժողովրդի ինքնության մեջ մի այլ խզում եւս է առաջացրել՝ դա մեկուսացումն է, ուրիշի նկատմամբ անվստահությունը, ինքնամփոփ լինելը և մշտական «զոհի» հոգեբանությունը: Մեր մեծերից հաճախ ենք լսում «մենք ոչ մի իրավունք չունենք», «իզուր եք չարչարվում», «դատարկ բաներով եք զբաղվում» ու նման այլ արտահայտություններ: Քանի որ ցեղասպանությունը չի սահմանափակվել 1915 թվականով ու 1900թթ շարունակվել է այլ դրսեւորումներով (օրինակ՝ «թուրքերեն խոսի՛ր» արշավը, ազգանվան օրենքը, ունեւորության հարկը և այլն), այլոց նկատմամբ անվստահությունը ծայրահեղ աստիճանի է հասել ու վերածվել միայն յուրայիններիդ վստահի գաղափարին:

Մյուս կողմից, ասորական ինքնության  մեջ մի այլ  խզում էլ  մարդկանց սոցիալական կառուցվածքում  է առաջացել: Ինչպես հայտնի է, սոցիալական կառուցվածքից խոսելիս անդրադառնում ենք նրա հոգեւոր (մշակութային) և նյութական (ֆիզիկական) կողմերին: Մշակութային ասելով նկատի ունեմ ասորի հասարակության սոցիալական հարաբերությունների ցանց կոչվող սոցիալական ստատուսներից, դերերից և արժեքներից կազմված կառուցվածքի փլուզումը: Իսկ ֆիզիկական կողմ ասելով նկատի ունեմ ասորի ժողովրդի բնակավայրերի (գյուղ - քաղաք) ավերումը: Մարդկանց տները, աղոթատեղիները, աշխատանքի վայրերը, կարճ ասած՝ չավերված գեթ մեկ գյուղ, գյուղաքաղաք և բնակավայր չի մնացել: Ցեղասպանության ընթացքում և հետո ժողովուրդը ստիպված է եղել, իսկ ավելի ճիշտ բռնի կերպով  վերածվել՝ «միգրանտների հասարակության»:

Շատ հաճախ մոռանում ենք նաեւ, կամ ամոթից այդ մասին լռում ենք, որ ցեղասպանությունը սեռական հիմք ունի: Մինչդեռ, մեր ինքնությունը մասնատող մի այլ խզում էլ այս ոլորտում է առաջացել: 1915-ի ցեղասպանությունում կանայք և տղամարդիկ տարբեր վերաբերմունքի արժանացան: Տղամարդիկ (այդ թվում՝ փոքրահասակ տղաները) կա՛մ սրի քաշվեցին, կա՛մ էլ Դեյր Զորի ճանապարհին սովից մահացան, կամ էլ գնդակահարվեցին: Իսկ կանանց բռնաբարեցին, երիտասարդ աղջիկներին առեւանգեցին և բազմաթիվ թուրք, քուրդ, արաբ, պարսիկ, ադրբեջանցի տղամարդիկ նրանց որպես կին կամ սպասուհի (իրականում՝ որպես ստրուկ) վերցրեցին: Այս թեմային առնչվող ուսումնասիրությունների բացակայության պատճառով, մենք այսօր չգիտենք, թե դա ինչպես է ազդել փրկված կանանց և հետագա սերունդների վրա: Մենք չգիտենք նաեւ, որ իրողությունն ինչպես է ազդել ասորի հասարակության մեջ կանանց և տղամարդկանց դերերի ու սեռական կյանքի վրա:

Ցեղասպանության հետեւանքով ասորական ինքնության մեջ առաջացած խզումներից մեկն էլ մտավոր ժառանգության ոչնչացումն է: Ասորի բնակչությունը հիմնականում գյուղացիներից է բաղկացած եղել: Նրանք զբաղվել են գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ: Արհեստագործությունն ավելի ուշ է տարածվել: Ասորիները վարպետացան որմնադրության, ներկարարության, քանդակագործության, քարտաշության և արծաթագործության նման արհեստներում: Թե՛ 1800թթ երկրորդ կեսին տարածաշրջան ժամանած միսիոներների միջոցով, թե՛ տարածաշրջանի քոլեջներում (Էլազիգ, Ադանա, Մարդին, Այնթափ, Խարբերդ, Դիարբեքիր և այլն) սովորող աշակերտների ու ասորական եկեղեցու մի քանի լուսավորյալ հոգեւորականների շնորհիվ, որոնք հատուկ ուշադրություն էին դարձնում պատմությանը, լեզվին ու մշակույթին, «ազգակերտման» գաղափարը կրող մի քանի մտավորական էր ի հայտ եկել: Աշուր Յուսուֆը, Նաում Ֆաիքը, Ֆերիդուն Աթուրայան, Սենհարիբ Բալին ու ասորի այլ մտավորականներ  իրենց  բնագավառում փորձում էին ժողովրդի գիտակցությունն արթնացնել, մասնատված ժողովրդի մեջ «ազգային միասնություն» սերմանելու նպատակով թերթ էին տպում, դախոսություններ և ժողովներ էին կազմակերպում: Այդ բանը ազգային պայքարով պսակելու համար էլ հատուկ նշանակություն էին տալիս կառույցներ  ստեղծելուն: Երբ թերեւս, «ասորական հայրենիքը» շատ մոտ էր, ցեղասպանությունն այդ  ամբողջ ժառանգությունը ժողովրդի ձեռքից խլեց ու տարավ: Բոլոր առաջնորդները հենց տեղում սպանվեցին կամ բռնի տեղահանվեցին: Ամբողջ մտավորական ժառանգությունն այսպիսով այրվեց ու ոչնչացվեց:

Ահա այս համատեքստում, կարծում եմ, որ ասորական ինքնության մեջ ցեղասպանության ստեղծած  առավել կարեւոր  խզումը  ժողովրդի գիտակցության մեջ ապագայի հանդեպ հույսի  կորուստն է:  Այնպես որ, այսօր ասորի  ժողովուրդը չունի ապագայի միասնական տեսլական:

սորիները Թուրքիայում երկար ժամանակ չկարողացան դպրոց  բացել, չկարողացան ասորերեն ուսում ստանալ: Այժմ դպրոց բացելու նախաձեռնություն կա: Ի՞նչ հետեւանքներ ունեցավ դպրոց  չունենալը: Ի՞նչ կփոխվի դպրոցի բացվելու դեպքում:

Ասորիներին տրված դպրոց բացելու թույլտվությունը տարբեր շահարկումների առիթ դարձավ և սփյուռքի որոշ անձանց ու հաստատությունների կողմից մեկնաբանվեց որպես «Էրդողանի առջեւ գլուխ խոնարհել»: Այդ իսկ պատճառով էլ հարցը ճիշտ հիմքերի վրա չքննարկվեց: Նախ և առաջ, դպրոց բացելու թույլտվությունը դատարանի վճռից հետո եկավ և ոչ թե կառավարության հատուկ որոշումով: Սակայն այդ որոշումը առիթ դարձավ, որ որոշ ասորիներ   Էրդողանին ու կառավարությանն ուղղված երախտագիտության խոսքերով հանդես գան («Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել հարգարժան վարչապետին», «Մենք երախտապարտ ենք AKP-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) կառավարությանը և այլն) ու սկսեցին միմյանց հետ մրցել վարչապետին այցելելու համար: Սակայն, պետք չէ մոռանալ նաեւ, որ Մոր Գաբրիել վանքի  հողատարածքները բռնագրավողները, իսկ ապա  միջազգային ճնշման տակ ստիպված վերադարձնողները նույնպես այս կառավարությունն ու նրա իրավապահ ուժերն էին:

Իրականում, ինչպես հայ և հույն բնակչությունը՝ ասորիները նույնպես Լոզանի պայմանագրից  բխող «փոքրամասնությունների իրավունքներ» ունեն: Քանի որ Լոզանի պայմանագրում, առանց կոնկրետ անուն նշելու, բոլոր ոչ մուսուլմաններին ու ոչ թուրքերեն մայրենի ունեցողներին տրվում են որոշակի իրավունքներ: Լոզանի պայմանագրի 37-ից 44 հոդվածները  ասորիներիներին էլ են վերաբերում: Թե՛ Մուստաֆա Քեմալի, թե՛ փոքրամասնությունների երդվյալ թշնամի Իսմեթ Ինոնյուի համար ասորիները կարծես գոյություն չունեին: Ո՛չ թուրք համարվեցին, ո՛չ էլ թուրքի ունեցած իրավունքներից կարողացան օգտվել: Ո՛չ փոքրամասնություն համարվեցին, ո՛չ էլ փոքրամասնությունների ունեցած իրավունքները վայելեցին:  Այսքան տարի Թուրքիայի Հանրապետությունում ասորիները գրեթե գոյություն չունեն

Եվ հանկարծ Թուրքիայում վերջին տարիներինն սկսեցին ասորիներին հայտնաբերել: Այժմ արդեն խոսվում է Միդյաթում ու շրջակա գյուղերում ապրող մոտ 2 հազար ասորու,  իսկ Ստամբուլում էլ՝  10-ից 15 հազար ասորիների առկայության մասին: Սա այն դեպքն է, երբ  մարդ չի կարողանում ինքն իրեն հարց չտալ՝ տոն չէ, բան չէ, փեսաս ինչո՞ւ ինձ համբուրեց: Հանրապետության հիմնադրումից ի վեր, մի կողմ թողնենք  ասորիներին դպրոց բացելու թույլտվությունը, եթե նույնիսկ եկեղեցիներում տրվող սովորական լեզվի դասերը ռազմական ոստիկանության միջոցով փակել տաս, եթե թեկուզ մեկ ասորական եկեղեցու վերանորոգումը  թույլ  չտաս,  պարզ է, որ հարց կառաջանա:

Քանի որ  ասորիները Թուրքիայում բնակչության կամ քաղաքական առումով պոտենցիալ որեւէ վտանգ չեն ներկայացնում, ասորիներով բնակեցված վայրերը տուրիստների համար դարձել են տեսարժան վայրեր (Մարդին ևՄիդյաթ): Հետեւաբար, պետությունը և նրա գրավոր ու էլեկտրոնային լրատվամիջոցները ասորիների մասին լուրեր հաղորդելու, հեռուստաալիքները նրանց նվիրված սերիալներ նկարահանելու մեջ որեւէ անպատեհություն չեն տեսնում: Ընդհակառակը՝ քրիստոնյա ասորիներին նվիրված  գործերը արեւմտյան երկրների առջեւ թուրքական ցուցափեղկում գեղեցիկ մի գույն  է կազմում: Դա ցուցադրվում է  որպես ապացույց, թե ինչքան  «հանդուրժողական» ու  «ժողովրդավարական» է Թուրքիայի Հանրապետությունն ու կառավարությունը: Ահա թե ինչու, երբ վարչապետը կամ նախագահը արտերկիր է ճամփորդում, միշտ իր հետ է վերցնում ասորական եկեղեցու որեւէ մետրոպոլիտի: Այսքան տարի անց,  ասորիներն այս երկրում կարողացան դառնալ ընդամենը «ցուցափեղկի զարդ»:

Դպրոցի բացակայությունը պատճառ է հանդիսացել, որ ասորիները  վերածվել են անգրագետ, ֆեոտալական արժեքներ կրող, չզարգացած և հետամնաց մի հասարակության: Նա չի կարողացել աճեցնել կրթություն ստացած մտավորականների սերունդներ: Այս վիճակը պատճառ  դարձավ, որ ասորիների մոտ ազգային գիտակցությունը և ազգային ինքնությունը շատ ուշ ձեւավորվեց: Նա չկարողացավ դառնալ մի հասարակություն, որը կարդում, գրում ու խոսում է  իր լեզվով:  Բոլոր առումներով, նա ժամանակակից հասարակության մեջ չգտավ իր տեղը:  Հետեւաբար, դպրոցից զրկելով ասորիներին մեծագույն վատությունն արեցին: Նրանց չթողեցին իրենց  լեզուն սովորել, նրանք չկարողան խոսել, գրել և նույնիսկ մտածել իրենց  լեզվով:

Պետք է նախ և առաջ ասել, որ դպրոց բացելու նախաձեռնությամբ հանդես եկող Թարլաբաշըի ասորական եկեղեցու ղեկավարության գործը այս  առումով այնքան էլ հեշտ  չի լինելու: Ասորական մանկապարտեզ եք բացում, բայց ուսուցիչ չունեք:

Եթե նույնիսկ դասատու ունենաք, ապա նա ասորերեն չգիտի: Եթե նույնիսկ ասորերեն իմանա՝ մանկավարժական կրթություն չունի: Եթե նույնիսկ մանկավարժական կրթություն ունենա՝ դասագիրք չունի: Արդյունքում,  խնդիրները շատ են, հնարավորություններն ու նյութեղենը՝ սահմանափակ: Հետեւաբար, մանկապարտեզից սկսելը երեւի անխուսափելի էր:

Այս նախագծի հաջողության հնարավորությունը կախված է  նրանից, թե ինչքան համառ կլինեն այն նախաձեռնողները: Եթե դպրոց բացելու նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի, նշանակում է, որ ապագայի համար հույսի մի շող կա: Ամեն դեպքում, առաջանալու են երիտասրդներ, որոնք կկարողանան կարդալ, գրել,  խոսել ու մտածել իրենց լեզվով: Եվ այդ երիտասարդները, թեկուզ մասամբ, վաղվա ասորի գրողներն ու  մանկավարժներն են դառնալու: Նրանք համայնքի բոլոր շերտերին ուղղված ասորերեն ստեղծագործական աշխատանքներ են ներկայացնելու: Դրանով ավելի հարուստ են  դառնալու  ասորի բոլոր խավերը, ինչպես նաեւ այն հասարակությունը, որի մեջ նրանք ապրում են: Ավելի գիտակից, ավելի քաղաքականացված և  վելի կիրթ ասորի հասարակություն է  ձեւավորվելու:

Սիրիայում, իսկ վերջերս նաեւ Իրաքում տեղի ունեցած դեպքերից հետո այս տարածաշրջանում ապրող ասորիները ստիպված եղան կրկին  արտագաղթել: Հայտնի է, որ սիրիացի ասորիների մի փոքր քանակ ապաստան գտավ Միդյաթում, որտեղից նրանց պապերը հարյուր տարի առաջ ստիպված հեռացել էին:  Ինչպե՞ս են այս զարգացումներն անդրադառնում ասորական  համայնքի վրա:

Ասորիների համար արտագաղթը նոր երեւույթ  չէ:  Միջագետքի պատմությունը լիքն է նման միգրացիաներով: Իսկ ժամանակակից հասարակություններում միգրացիայի խնդիրը տարբեր պատճառներ ու չափեր ունի: Մասնավորապես,  ինդուստրացման՝ և դրա արդյունքում ուրբանիզացման հետեւանքով գյուղից  քաղաք տեղաշարժը պարտադիր է դարձել: Միդյաթում գյուղատնտեսությամբ զբաղվող իմ պապերը, օրինակ, երբ տեսել են, որ արտադրած մթերքը բավարար չէ ամբողջ ընտանիքը  պահելու,  հայրս աշխատանքի է մեկնել Ադանա ու Էլազիգ: Ասորիներն իրենց բնակավայրերից դեպի այլ վայրեր ստիպված  են եղել մեկնել տնտեսական, քաղաքական, ռազմական խունթաների, սոցիալական ու մշակութային ճնշումների, էթնիկական և կրոնական պատճառներով:  20-րդ դարի պատերազմները և մի շարք այլ դեպքեր ասորիներին մղել են արտագաղթի:

Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Ասորիները դարեր շարունակ հաճախակի կոտորածների են ենթարկվել: Բեդիրխանի ժամանակներից առ այսօր շարունակվել են զանգվածային կոտորածները: Տարբեր կրոն ու տարբեր էթնիկական ծագում ունենալու  համար  միշտ բոլորից  բարձր գին է վճարել ասորի ժողովուրդը: Այդ իսկ պատճառով, վերջին  երկու հազար տարվա ընթացքում մշտապես անհանգիստ վիճակում գտնվող ասորի ժողովուրդը՝ անձնագիրը գրպանում սպասում է առաջին իսկ հնարավորությանը: Քանի որ նրանք արդեն իրենց փորձով գիտեն, որ անկայուն ու անհանգիստ այս  տարածաշրջանում իրենց կենսատարածք չի տրվելու:

Անկազմակերպ և թույլ վիճակում հայտնված ասորիները, այդ իսկ պատճառով ամենափոքր ճգնաժամին դիմակայելու կարողություն չունեն: Ճարը գտնում են արտասահման գնալու մեջ: Սա էլ իր հերթին ամեն տասը տարի արտագաղթի նոր  ալիքի պատճառ է դառնում: Տարիներ շարունակվող պատերազմներն արագացրեցին ասորիների խաղաղ միջավայրի որոնումը: Ինքնին բավարար է նույնիսկ նշել  ԻԼԻՊ («Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») կազմակերպության վերջին շաբաթներին սերմանած սարսափն ու վայրագությունը, որը մարդկանց գազանաբար յաթաղանով է գլխատում  պարզապես «սուննի սալաֆիական» չլինելու համար: Իրենց կյանքը փրկելու և արժանապատիվ գոյությունը պահպանելու համար, ասորիները  ստիպված են  լինում գաղթել պատերազմների ու կոտորածների ստվերից հեռու վայրեր:

Գաղթը էրոզիայի նման մի բան է, որը պոկում-տանում է հողի  առավել բարեբեր շերտը: Միջագետքի ամենահին բնակիչները՝ ասորիները յուրաքանչյուր նոր գաղթի ժամանակ հրաժեշտ է տալիս իր ամենաբարեբեր «շերտին»՝ երիտասարդությանը: Այսպիսով, ասորի  ժողովուրդն անընդհատ կորցնում է իր ամենաբարեբեր խավը, որը պետք է դառնար զարգացման շարժիչ ուժը:

Սփյուռքի փոքրաթիվ ասորիներ իրենց  գյուղերը վերադառնալով, տարվա  գոնե մի որոշ մասը երկրում են անցկացնում:. «Վերադարձի» գաղափարը ինչքանո՞վ  է տարածված ասորական սփյուռքում: Նմանատիպ վերադարձի համար Թուրքիայում ի՞նչ պետք է փոխվի:

Երկու տարի առաջ, Միդյաթից վերադարձած մի ընկեր ինձ  խաղողի վազ էր բերել: Ես շատ էի ուրախացել և այն  անմիջապես տնկեցինք մեր տան այգում:  Ջրեցինք, պարարտանյութ տվեցինք և ցրտից պաշտպանելու համար արեցինք ամեն անհրաժեշտը: Սակայն, հակառակ մեր ջանքերին, խաղողի վազը օրըստօրե թոռոմեց և գնալով չորացավ, վերացավ:

Այսինքն, երբ դու մի ժողովրդի արմատախիլ ես անում, նա մշտապես իր եկած տեղն է փնտրում, կարոտում ու շարունակ  երազում է իր հողերը վերադառնալ: Ես մի փոքր քար եմ բերել տվել  Միդյաթի պապիկենց տնից՝ մինչեւ Ստոկհոլմ: Աշխատանքային սենյակումս է՝ պատուհանիս եզրին: Նրան նայելիս՝ հիշելով, թե որտեղից եմ գալիս, թե ինչ է տեղի ունեցել, անցյալս, պատմությունս, ես ինձ ավելի ուժեղ եմ զգում: Բայց այդ նույն քարը յուրաքանչյուր անցնող օր ավելի է մեծացնում իմ կարոտը:

Հետեւաբար, վերադարձի հարցը  ասորական սփյուռքի մարդկանց ընդհանուր երազանքն է:  Բայց դա միայն երազանք է,  կարոտ: Իսկ դրա իրականացումն  այսօրվա  կոնյունկտուրային պայմաններում անհնար է թվում: Մերձավոր Արեւելքի գազանություններին ականատես եղած յուրաքանչյուր ասորի երիտասարդ  հետեւյալ հարցն է տալիս՝ «Ինչպե՞ս կարող եք  պատկերացնել վերադառնալ այդ վայրերը:»  Երբ ականջալուր ես լինում Իրաքից կամ Սիրիայից ՝ կոտորածից այստեղ փախած ասորիների ողբերգական պատմություններին, այդ գաղափարները անկասկած գոլորշիանում ու անհետանում են:

Այնպես որ,  անիրատեսական կլինի ակնկալել սփյուռքից մայր հայրենիք ասորիների զանգվածային վերադարձը: Առանձին դեպքեր, անհատական վերադարձներ կարող են լինել և ապագայում էլ կլինեն: Սակայն սփյուռքում ասորիների 3-րդ և 4-րդ սերունդներն են աճում, իսկ այստեղ ծնված- մեծացածները վերադառնալու ոչ մի մտադրություն չունեն: Այս սերունդները շատ հեռու են  վերադարձի մտքից: Ուտոպիա է. բարձր կենսամակարդակի սովոր հասարակություններին ետ ուղարկելը գրեթե նախադեպ չունի:

Իսրայելի պետության հիմնադրումից հետո երբ կոչ արվեց արտերկրում բնակվողներին ետ վերադառնալ, Արեւմտյան Եվրոպայից համարյա թե ոչ ոք չվերադարձավ: Վերադարձողների ճնշող մեծամասնությունը Արեւելյան Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հիտլերի ֆաշիզմի ճնշումներից, տեռորից ու ջարդերից փրկված և խաղաղ մի ապաստարան փնտրող  հրեաներն էին: Նույն կերպ, երբ Խորհրդային միության փլուզումից հետո առաջացավ Հայաստանի Հանրապետությունը, Եվրոպայից ու Ամերիկայից դեպի  Հայաստան հայերի զանգվածային ներգաղթ տեղի չունեցավ: Ընդհակառակը՝ գաղթը հակառակ ուղղությամբ եղավ և այժմ Հայաստանը ամեն օր մի քիչ ավելի է դատարկվում:

Այնպես որ, ինձ համար հիմնական խնդիրը սփյուռքից Թուրքիա վերադառնալը չէ: Ինձ համար առաջնահերթ խնդիրը այնտեղ մնացոողներին տեղում պահելու համար այդ վայրերում ապրելը ավելի հրապուրիչ դարձնելն է: Հիմնական խնդիրը այդ վայրերը ազատ ու հավասար, հաշտ ու խաղաղ ապրվելիք կայուն մի նավահանգստի վերածելն է:

 

 

 

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook