Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Հայկական ինքնության ուղիներով

 
 
 
Հայացք Հայկական Սփյուռքից


Հայկական ինքնության ուղիներով

Անտուան Ագուջյան - լուսանկարիչ

 

 
Անտուան Ագուջյան

Ֆրանսիացի լուսանկարիչ

Հայոց Ցեղասպանությունից փրկվածների թոռ Անտուան Ագուջյանը ծնվել է 1961թ: 80-ականների վերջին, նա մեկնել է Հայաստան՝ օգնելու 1989թ երկրաշարժից տուժածներին, որի էպիկենտրոնը գտնվում է Սպիտակում, երկրի հյուսիսում: 1996թ գտնվելով Ստամբուլում՝ նրա մեջ բուռն ձգտում է առաջացել այս պատմական հողում հայեր փնտրելու: Շրջագայությունների ընթացքում նա եղել է Մերձավոր Արեւելքով մեկ սփռված բոլոր հայկական համայնքներում, ինչպես նաեւ տեղահանության և կոտորածի ճամփաներում՝ Թուրքիայի Արեւմուտքից մինչեւ Դեյր Զորի սիրիական անապատները, որոնելով այն մերժված, բայց ոչ ամբողջովին անհետացած հիշողությունը: 2015թ մարտին լույս տեսավ «Լռության ճիչը. հայկական հիշողության հետքեր» խորագրով գիրք-ալբոմը, որտեղ ներառվել են նրա 27-ամյա գործունեության արդյունքը հանդիսացող լուսանկերների մի մասը: Այդ աշխատանքը ներկայումս ցուցադրվում է Ֆրանսիայի տարբեր վայրերում, բայց այն հատկապես կցուցադրվի Դիարբեքիրում՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով: Դա կլինի «պատմական, քաղաքական և գեղարվեստական իրադարձություն»:

REPAIR'Որպես ֆրանսիաբնակ սփյուռքահայ, ինչպե՞ս կբնութագրեք ձեր ինքնությունը:

Անտուան Ագուջյան'Կարծում եմ՝  մեր պատմության բերումով հայկական ինքնությունը բազմազան է: Թեեւ ես Ֆրանսիայում եմ ծնվել, բայց իմ պատմության մեջ մի շարք առանձնահատկություններ կան: Առաջինն այն է, որ ես երրորդ սերնդի ներկայացուցիչ եմ: Իմ ժամանակաշրջանում Պատը դեռեւս գոյություն ուներ և երկիր մուտք չկար, քանի որ 80-ականներին անհնար էր այցելել Թուրքիա: «Հայ» բառն արտասանելն անգամ  վատ հետեւանքներ կարող էր ունենալ: Ուրեմն այդ սերունդը իր հետ մի ամբողջ ինքնություն փոխանցեց պատկերացման միջոցով: Այդ պատկերացումն ավելի խորացավ հայկական մշակույթի, պարի միջոցով - հինգ տարեկանից ես պարել եմ հայկական Ֆոլկլորային խմբերում: Եւ այս ամենը մի «փոքրիկ ավանում»՝ Ալֆորվիլում (Փարիզի արվարձան), որտեղ հայերը փայլում էին իրենց ներկայությամբ և ապրում էին ֆուտբոլի` UJA-ի (Հայ երիտասարդաց միություն, թարգմ.) շուրջ, Ֆոլկլորային խմբերի շուրջ... Դա մի փոքրիկ ավանի կյանք էր՝ հայկական ինքնությամբ, քանի որ մենք շրջապատված էինք նաեւ ցեղասպանությունը վերապրածներով, որոնց մաս էին կազմում իմ տատերն ու պապերը:

ի՞նչ եք հասկանում հայկական ինքնություն ասելով:

Ինձ համար հայկական ինքնությունն իսկապես կապված է մշակույթի հետ, այն փաստի հետ, որ հայերը հենց այնպես մի ժողովուրդ չէին, որին ոչնչացրեցին, այլ մի քաղաքակրթություն, որն ուներ գրականություն, օպերա, այբուբեն... Թուրքական  հիշողությամբ, որը մտածված կերպով որոշեց ջնջել հայերին իր պատմությունից:  Ըստ իս, հայկական ինքնությունը մեզ փոխանցված այդ ժառանգությունը խորապես սիրելու մեջ է: Տարածված կարծիք կա, թե որոշ հայեր ավելի լավ հայեր են, քանի որ մեզանից ավելի լավ են հայերեն խոսում, կամ էլ մի գործունեությամբ են զբաղվում, որն իրենց անմիջապես կապում է հայության հետ: Բայց ես կարծում եմ, որ ինքնությունը մի քիչ ընկերոջ է նման՝ չնայած իր թերություններին, չնայած բոլոր տեսակի քննադատելի բաներին, մենք այդ անձին իրոք կապված ենք զգում։ Ինձ համար, համենայն դեպս, միեւնույն է, թե մի մեծ քաղաքակրթության չպատկանենք, կատարյալ մի ազգ չլինենք, ես սիրում եմ այն հակառակ ամեն բանի: Ես միշտ կապված եմ եղել իմ արմատներին, իմ ժողովրդի մշակույթին ու պատմությանը:

Երկրաշարժը շատ էր ցնցել ձեզ:

Հեռուստատեսությամբ բերանքսիվայր ընկած մի փոքր երկիր տեսնելն ինձ համար ցեղասպանության շարունակությունն էր՝ հայ ժողովրդի անհետացումը: Ես, իրոք, դա այդպես ապրեցի: Միակ սրբավայրը, ուր հայեր կային ավերվել էր, եւ ես մտածեցի՝ վերջ, մեր վերջը եկավ: Ի վերջո, իմ ամբողջ աշխատանքը այստեղից սկսվեց:

Դուք ուրեմն Հայաստան մեկնեցիք որպես թարգմանիչ և այնտեղ հանդիպեցիք ձեզ համար շատ հարազատ դեմքերի, միջավայրերի, որոնց մասին պատմել էին ձեր տատն ու պապը: Բայց Հայաստան այցելողներից բոլորը չէ, որ նույն տպավորությամբ են վերադարձել:

Ոմանք շատ իդեալականացրին այս երկիրը, և շատ մարդիկ Հայաստանից հիասթափված են վերադառնում: Եւ կարծում եմ, որ մարդիկ հենց այդ մտքով են մեկնում այնտեղ: Ես երբեք այդպես չեմ եղել: Քանի որ, չնայած ես էլ եմ ձգտում իդեալականին, ես մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպես կան: Պետք չէ մարդկանցից պահանջել այն, ինչ դու ես պատկերացնում: Պետք չէ մոռանալ, որ հայաստանցիները «պերեստրոյկայի» (վերակառուցման, թարգմ.) տարիներին պատմականորեն առաջինը եղան, որ խաղաղ կերպով ստալինյան սխալներն ուղղելու պահանջներ ներկայացրին: Իսկ Բաքվի պատասխանն այն եղավ, որ տեղի ունեցան Սումգայիթի ջարդերը: Բալթյան հանրապետություններից շուտ, հայերը ցույցեր կազմակերպեցին Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու համար: Պետք չէ մոռանալ նաեւ, որ 50-60թթ նրանք առաջինն էին ձեռքերը օդում վանկարկել «հողերը, հողերը». բոլշեւիզմի տարիներին հայաստանցիները կրոնի առումով հատուկ կարգավիճակ ունեին... Չի կարելի այդ մարդկանց միամտի տեղ դնել, նյութապաշտ համարել: Ամենեւին ոչ: Պետք է իմանաք, որ տարածաշրջանի քաղաքական իրականության առումով նրանք շատ ակտիվ են եղել և գոնե միայն դրա համար արժանի են հարգանքի:

Մյուս կողմից, սա մի երկիր է, որտեղ գողը հայ է, ոստիկանը հայ է, փաստաբանը հայ է, մարմնավաճառը հայ է… Այնպես որ, պետք է վերջ տալ իդեալականացնել երկիրը, ինչպես ցանկացած այլ երկրում՝ կա լավն ու վատը: Իսկ նրանք, ովքեր ռոմանտիկ ու պոետիկ հայացքով են նայում իրենց արմատներին, այստեղ իրոք ոգեշնչվելու շատ բան կա: Զարմանալի չէ, որ Փարաջանովը հայ է: Զարմանալի չէ, որ այս եզակի ստեղծագործությունն արարվել է հայի կողմից. նրանց մեջ իսկապես շատ ռոմանտիզմ ու սիմվոլիզմ կա: Հայաստան գնացողները պետք է մի քիչ ճամփորդեն, պետք է գնան Զանգեզուր, Դիլիջան՝ հյուսիս, Ջավախք (հայկական շրջան Վրաստանի հարավում), Լեռնային Ղարաբաղ: Հանդիպեն պարզ հայերի, մեզ նման մարդկանց: Նրանք գիտելիքներով հարուստ մարդիկ են: Նույնիսկ գյուղացին է իմաստուն Հայաստանում: Նրա հետ ամեն ինչից կարող ես խոսել: Պետք է վերջ տալ իդեալականացնելու այդ մարդկանց, ովքեր պարզապես բոլորի նման են... Ես նրանց մեջ իմ պապերին ու տատերին եմ տեսնում:

Որպես ֆրանսահայ ինչպե՞ս եք ընկալում թուրքահայերին:

Ինչպես Հայաստանի հայերը, նրանք էլ համահունչ են այն իրականության հետ, որն իրենցն է, և ոչ թե մերը: Առօրյա խնդիրներին բախվելիս, նրանք շարժվում են ըստ  իրենց պարամետրերի: Նրանք  մի համակարգում են, որը չի նպաստում խոսքի ազատությանը: Նկատելի է, որ այդ ասպարեզում ամեն ինչ ավելի է դժվարացել: Չափից շատ գրաքննություն և ինքնագրաքննություն կա, հատկապես ԶԼՄ-ներում: Այնպես որ, թուրքահայերը անում են այն, ինչ կարողանում են, նկատի ունենալով իրենց դիրքորոշումների հետեւանքները: Յուրաքանչյուրն իր իրականությունից ելնելով՝ իր մտավախությունների հետ դեմ հանդիման է գտնվում: Մի օրից մյուսը դատարանի առաջ կանգնելու, մարդկանց թիրախը դառնալու վտանգ կա…

Անձամբ ես նրանց մեջ մեծ աշխուժություն եմ նկատում: Անհավատալի մի մրցակցություն կա: Կրոնափոխ հայերը, հատկապես Դիարբեքիրում, հայկական այնպիսի մի իրականություն են ապրում, որը վեր է մեր երևակայությունից: Մենք դա չենք կարող պատկերացնել այստեղ Ֆրանսիայում: Կարծում եմ՝ ինչպես սփյուռքը չկարողացավ լավ ընկալել Հայաստանում պատահածը, այնպես էլ չի կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում: Որովհետեւ Հայաստանի ու Թուրքիայի հայերի իրականության առօրյականությունն այլ է: Նրանք ամեն օր են ապրում իրենց հայկականությունը՝ համահունչ իրենց իրականության հետ: Վիճակը բոլորովին տարբեր է Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում, որտեղ հայությունը մտավոր է: Սա ամենեւին չի նվազեցնում նրա արժանիքները, բայց դա իրենց առօրյա կյանքից դուրս մի բան է: Մանավանդ, որ հայերը այդ երկրներում շատ բարձր են գնահատվում և երբեք թիրախ չեն եղել, ինչպես այլ երկրներում: Թուրքիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ ես դեղին աստղ եմ կրում (հրեաների նմանությամբ, թարգմ.): Պետք է զգույշ լինեմ, թե ում հետ եմ խոսում, ինչ եմ ասում եմ, ում եմ ասում: Եւ սա այն դեպքում երբ ես ֆրանսիացի եմ. ես ոչ մի տեղ նման ապրումներ չեմ ունեցել:

Դեռ ոչ վաղ անցյալում Թուրքիայում «հայ եմ» ասելը վտանգավոր էր...

Ես Թուրքիայում սկսել եմ աշխատել 1996թ: Այսօր տարբեր է: Շատ հայեր արտահայտում են իրենց ինքնությունը: Եղել է ժամանակ, երբ ամեն ինչ հայացքներով էր տեղի ունենում: Օրինակ, ես հանդիպել եմ շատ մարդկանց, որոնցից բաժանվելիս դեռ վստահ չեմ եղել՝ նրանք հայ են, թե չէ, բայց ոմանց մասին ասել եմ՝ այդ մարդու հայացքը նորմալ չէր: Նրա հայացքը ջերմ էր ու բարի, կարծում եմ, որ նա հայ էր: Ահա թե ինչպես էր դա տեղի ունենում երկար ժամանակ:

Ըստ ձեզ՝ ո՞րն է Հրանտ Դինքի դերակատարությունը այս փոփոխության մեջ:

Ճիշտ է, որ գոյություն ունի մի հասկացություն՝ Հրանտ Դինքից առաջ և հետո, մի բան, որ մարդկանց մեջ հոգեբանական մեծ ցնցում առաջացրեց: Ի դեպ, նրա առաջադրած նախագիծը, որի ընկալման համար մի ամբողջ կյանք էր պետք - այդ թվում հայերի համար - ավելի թափ առավ ու խորացավ նրա սպանությունից հետո: Նրա բոլոր նախաձեռնությունները ճիշտ ուղղությամբ ընթացան՝ դա կամրջի ստեղծումն էր: Ես արդեն ասել եմ՝ այն ինչ կատարվելու է Թուրքիայում մեր երեւակայությունից վեր է լինելու. իրենց ինքնության մասին արտահայտվող մահմեդական հայերը, հայության վերադարձողները, թեկուզ փոքրաթիվ, «Ակոս» թերթի շուրջ ստեղծված քաղաքական շարժումը և թուրք մտավորականները...

Ի դեպ, ի՞նչ կարծիքի եք թուրք մտավորականների մասին, նրանք, ովքեր հայամետ են:

Նրանք անում են այն, ինչ կարող են անել: Նրանք էլ վախենալու իրավունք ունեն: Սա մի երկիր է, որտեղ, ցավոք սրտի, խնդիրները միշտ նույն կերպ են լուծվում: Նկատի ունեմ Սեւակ Բալըքչիին,  Հրանտ Դինքին և շատ ուրիշներին: Վախենալու պատճառներ կան, և երբ խոսքը քո կյանքի մասին է... քաջությունը գոյություն չունի, խոսքը միայն քո համոզմունքների մասին է, որոնք քեզ մղում են առաջդ մի նպատակ դնել ու այն իրականացնել: Որոշ մտավորականներ մտադրվել են Թուրքիան տանել դեպի ժողովրդավարություն, իսկ այդ ճանապարհին հայկական խնդիրն անշրջանցելի է, քանի որ հանրապետությունն ստեղծվել է հայերի ջարդերի ու բնաջնջման վրա:
 

        


Փաստորեն, հանգամանքների բերումով հայկական ու թուրքական ինքնությունները շաղկապված են…

Ի վերջո, ցեղասպանության դրաման իրար շատ մոտիկ կանգնած մարդկանց միմյանցից հեռացրեց: Նույն պատմությունն ունենք, մեկը կեղծ է, մյուսը՝ ճիշտ: Նույն ձեւով ենք ուտում և մեր երեխաներին սիրում... Քրդերի հետ էլ է նույնը, մենք շատ ենք կապված նրանց: Ավելին, քան գերմանացիները կարող էին կապված լինել հրեաների հետ, քանի որ մենք իրոք նույն հողից ենք գալիս: Ակնհայտ է, որ մեր ինքնությունը շատ է կապված  թուրքական ինքնության հետ եւ հակառակը: Նրանց պատմությունը սերտորեն կապված է հայերի հետ, որոնք նրանց համար եղել են բարերարներ: Իսկ նրանք հայերին դավաճանեցին խենթ ու դիվային մի ծրագրի համար:

Դուք ասում եք, որ Թուրքիայում տեղի ունեցողը վեր է սփյուռքի երեւակայությունից: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ սփյուռքը խրվել է մի բանի՝ մի տրավմայի մեջ ու չի կարողանում դուրս գալ:

ժամանակն է՝ մի քայլ ետ կանգնել և մտածել: Տարածությունը թույլ կտա նաեւ ավելի հստակ պատկերացնել իրավիճակը, անզիջում պահանջները: Ինձ չի անհանգստացնում այն փաստը, որ որոշ քաղաքական շարժումներ չափազանց բարձր պահանջներ են ներկայացնում, բայց հենց ետադարձ հայացքն է, որ թույլ է տալիս այդ բանն անել: Պարզապես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր միմիայն ցեղասպանությունը վերապրածների փոխանցած ժառանգությամբ են ապրում՝ Թուրքիայում կատարվածի մասին այնքան էլ ճիշտ պատկերացում չունեն: Այնտեղ շատ մարդիկ փրկել են հայերին... Ուզում եմ ասել, որ պետք չէ բոլոր թուրքերին նույն հարթության մեջ դնել, չշփվել նրանց հետ մինչեւ, որ ճանաչեն ցեղասպանությունը: Իմ կարծիքով դա սխալ է, քանի որ ճանաչումը այդ երկրից է գալու, և եթե նա չփոխվի, ապա պարզապես այդ բանը տեղի չի ունենա: Իսկ որպեսզի նա փոխվի, նրան պետք է ուղեկցել այդ հեղաշրջման մեջ, հետեւաբար՝ տեղում ներկա լինել: Եւ դա կատարվում է Ռեյմոն (Հարություն) Գեւորգյանի նման պատմաբանների, Թաներ Աքչամի նման պատմաբանների ու մտավորականների միջոցով… Այս առումով Թուրքիայում հստակ առաջընթաց կա: Այս երկրին մարդկային դեմք տալով մենք կկարողանանք Թուրքիային չդիտարկել միայն որպես այս տրավմայի պատասխանատու, ինչքան էլ որ այդ ծանր ժառանգությունը անխուսափելիորեն հանգեցնում է սարսափելի հոգեբանական տրավմայի: Սիրիայում տեղի ունեցողը՝ գլխատումները, բռնաբարությունները, այն ինչ մարդիկ բացահայտում են այսօր Դաեշի միջոցով, ես՝ փոքր ժամանակ լսել եմ և վրան պատկերներ եմ հյուսել: Հենց այդ պատճառով էլ փորձեցի այդ ժառանգությունից ձերբազատվել պատկերների միջոցով: Դա ճափազանց ծանր էր ինձ համար: Նրանք, ովքեր ցանկանում են մնալ նույն տեղում՝ է՛լ ավելի են մեծացնելու այդ տրավման:

Ի՞նչ կասեք Ֆրանսահայերի մասին: Ասում են, որ պառակտված են, անկազմակերպ: Թուրքիայից գաղթած հայերի ժառանգներից ոմանք կարծես վատ աչքով են նայում Մերձավոր Արեւելքից կամ Հայաստանից եկած համայնքներին ...

Մի ժամանակ եղավ, երբ իմ սերունդն արդեն կարծում էր, որ իսկապես վերանում ենք, երբ ոստիկանությունը մեր վրա բռնություն էր գործադրում հանրահավաքների ընթացքում՝ մեզ բանի տեղ չէին դնում: Կարծում եմ, որ այսօր համայնքը կազմակերպվում է, իր թերություններով հանդերձ: Մենք այսօր դա տեսնում ենք Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 2001թ օրենքով և տեղի ունեցող քննարկումներով, տեսնում ենք, որ այս համայնքը գոյություն ունի և նրան  հաշվի են առնում: Եւ այս ամենը՝ շատ քիչ ռեսուրսներով: Ես հակված եմ լավատես լինելու: Հայ համայնքին հաջողվեց ձեռք բերել փաստացի հաղթանակներ: Հիմա, ինչ վերաբերում է այն տարբեր համայնքներին, որոնք գալիս են ողբերգական իրադարձությունների պատճառով կամ շնորհիվ, ինչպիսիք են Իրանի իսլամական հեղափոխությունը, Լիբանանի կամ Սիրիայի պատերազմները, Բեռլինի պատի փլուզումը… միշտ էլ կարելի է տարբերությունները իրար հակադրել, բայց կարելի է նաեւ դրանք համադրել: Օրինակ, լիբանանահայերի Ֆրանսիա գալու շնորհիվ ես բարելավեցի իմ հայերենը, նրանց միջոցով ես հնարավորություն ունեցա ավելի մոտիկից ծանոթանալ հայ մշակույթին, քանի որ մինչեւ պատերազմը Լիբանանը հայ մշակույթի փարոսն էր: Սիրիահայերի հետ էլ նույն բանն է: Կան հայեր, որոնք մեզ հարստացնում են, ուրիշներ՝ խնդիրներ են ստեղծում, ինչպես բոլոր համայնքներում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում ականատես ենք լինում Թուրքիայում ինքնությունների զարթոնքին՝ քրդեր, ալեւիներ, հայեր...

Իհարկե, թուրքերը 42 ազգությունների հետ գործ ունեն: Նրանք ուզում են հավատացնել, որ իրենք առաջինն են եղել և թե միայն մեկ ազգ կա, դա ծիծաղելի է: Սա մի քիչ Պանդորայի արկղի նման է նրանց համար: Մանավանդ, որ նրանք այդ մարդկանց տանջեցին տասնամյակներ շարունակ, և ժողովրդավարությունը անխուսափելիորեն ջրի երես է հանելու բոլոր բացասական զգացմունքները՝  անխուսափելի պահանջներ, փոխհատուցումներ, դատավարություններ... Դա նորմալ է, թեկուզ միայն այն պատճառով, որ 80-ականներին շատ ծանր տարիներ ապրեցին: Դիարբեքիրում երբ ես զբոսնում եմ տարեցների հետ, քայլելիս նրանք միշտ ետ են շրջվում: Երբ հարցնում եմ, թե ինչու, նրանք պատասխանում են, որ այդ տարիներին պարզապես քրդերեն խոսելու պատճառով բանտում էին հայտնվում: Հիմա, որ այդ մարդիկ կարող են արտահայտվել, պարզ է, որ իրենց զայրույթն են արտահայտում: Նրանք չեն ցանկանում նույնականացվել մի ազգի հետ, որը ֆիկցիա է, և չեն ընդունում իրենց առաջարկվող ամբոխավարական նախագիծը, որի մեջ իրենք չեն ճանաչվում: Նրանք իրենց թուրք չեն զգում և համարվում են երկրորդ կարգի քաղաքացիներ: Ընդ որում, դա նշված է իրենց ինքնության քարտերում: Այս երկրում ամեն ինչ արվում է մարդկանց ատելության թիրախ դարձնելու համար:

Երբեմն վեճեր են տեղի ունենում «իսլամացած հայեր» եզրի փոխարեն «մահմեդական հայեր» հասկացության գործածման նպատակահարմարության մասին: Ի՞նչ կարծիքի եք:

Ճիշտ է, որ բռնի իսլամացում է եղել ցեղասպանության ընթացքում, բայց ես շատ ընկերներ ունեմ, ովքեր իրենց լավ են զգում մահմեդականության մեջ: Խոսք անգամ չի կարող լինել նրանց վերադարձի մասին: Նրանք ասում են, որ հայ են, բայց չեն ուզում, որ մարդիկ իրենց կրոնական գործերի մեջ խառնվեն: Այսօր արդեն փաստ է, որ գոյություն ունեն մահմեդական հայեր և այդպես էլ մնալու են: Կարծում եմ, որ իսլամացած կամ մահմեդական հայերը մի լուրջ խնդիր ունեն՝ դա իրենց իսկական հայկական ժառանգության խնդիրն է: Նրանք կարծես մի նոր իրավիճակ են ստեղծել, որի մեջ իրենց լավ են զգում, բայց որոշ առումով նրանց համար հայկական ժառանգությունը վերացական հասկացություն է: Մե՛նք պետք է հարմարվենք դրան: Ահա թե ինչու եմ ասում մահմեդական հայ, և ոչ թե «իսլամացած»:

Մինչեւ հիմա հայերին բացատրում էին, որ իրենք ոչնչացվել են հենց հայ լինելու պատճառով, իսկ այսօր, երբ նրանք ցանկանում նորից գոյություն ունենալ, նրանց բացատրում են, որ կան այլ՝ տարբեր հայեր, որոնք մահմեդական կրոնին են պատկանում... Սա շատ դաժան բան է, իսկ այս ամենին առողջ կերպով դիմակայելու համար պետք է մի պահ կանգ առնել և վստահություն ձեռք բերել: Հայերն այնքա՜ն են վախենում տարրալուծվել, կլանվել, կերպարանափոխվել... Բայց, ի վերջո, ինքներս մեզ պետք է ասենք՝ եթե չես կարողանում խուսափել մի բանից, ապա պետք է այն ընդունես: Սա չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք մահմեդական/իսլամացած հայերին հետեւյալ հարցը տալուց՝ ո՞ւր է ձեր մշակույթը և ձեր մշակույթի ժառանգությունը:

Ցեղասպանությունից հարյուր տարի անց հայերը դեռ իրենց ինքնության և ապրած ողբերգության ճանաչման համար են պայքարում: Որտեղի՞ց է այս վճռականությունը:

Հայերը սիրում են պայքարել: Նույնիսկ Դերսիմում ասում են, որ պայքարողները ալեւիացած հայերն են եղել: Նույնը վերաբերում է PKK-ին (Քրդական բանվորական կուսակցություն, թարգմ.): Կարծում եմ, որ հայերի մեջ խորապես արմատավորված է ապստամբությունը, դա նրանք ժառանգել են: 30-ականներին ալեւիականություն ընդունած հայերը շատ լավ գիտեին, թե ինչ էր ուզում անել թուրքական կառավարությունը: Հայ ժողովուրդը միշտ էլ ճակատին դրոշմով է ապրել, դրա համար էլ ըմբոստացել է ու պայքարել անարդարության դեմ: Ըստ իս՝ հայկական դիմադրության շարժումը կանգ չառավ 1915-ից հետո, այլ շարունակվեց և ուրիշ տեսք ստացավ: Որպես էթնոս ցրված լինելով՝ նրանք այլեւս չէին պայքարում որպես հայեր, սակայն նրանք, ովքեր 70-ականներին Թուրքիայում մտել էին  մարքսիստական-լենինիստական կամ մաոիստական շարժումների մեջ՝ Զոր. Անդրանիկի (ֆիդայի, հայ ազգային հերոս՝ 1866-1927) և մյուս բոլոր հայ մարտիկների ժառանգներն էին:

Ըստ ձեզ, լավ ինտեգրացված, ասիմիլացված, իր համար հանդարտ ապրող «բարի հայի» միֆը պետք է վերանայե՞լ ուրեմն:

Չեմ կարծում, որ հայերը միշտ համակերպվել են իրականության հետ. նրանք մշտապես պայքարել ու պաշտպանել են իրենց դատը, որը բոլորինն է: Բայց առաջին հերթին, նրանք զբաղվում են  շինարարությամբ, վերաշինությամբ: Ես կարծում եմ, որ հայերն անընդհատ վերակառուցել են այն, ինչ մյուսները ոչնչացրել են: Մի գուցե սա մտավոր ժառանգություն է…

Ի վերջո, ի՞նչն է հայերին իրար կապում: Դուք, որ շփվել եք տարբեր համայնքների հետ՝ կա՞արդյոք մի ընդհանուր գիծ նրանց մեջ:

Ես  շատ եմ ճանապարհորդել Մերձավոր Արեւելքում և այլուր, և անկեղծորեն կարծում եմ, առանց ամբոխավարության կամ շովինիզմի, որ հայերը յուրահատուկ ժողովուրդ են: Ֆելլինիական մի բան՝ գժական մի բան ունեն, որն իրենց հմայիչ ու հրապուրիչ է դարձնում: Երբ Հայաստան կամ Թուրքիա գնաք, անհավատալի տեսարանների ականատես կլինեք: Հայերը զվարճալի մարդիկ են, պոետիկ: Հենց այդ կողմն է, որ ինձ դուր է գալիս: Միեւնույն ժամանակ, չեմ ուզում սխալ հասկացվել, բայց կարծում եմ, որ նրանք յուրահատուկ մի դեմք ունեն: Չեմ ասում բոլորը, բայց Դերսիմում, օրինակ, նրանք շատ յուրօրինակ են: Իսկ հետո կա նաեւ ցեղասպանության թողած ժառանգությունը… Հայ ընտանիքների առանձնահատկությունն այն է, որ բոլորն էլ նույն պատմությունն ունեն: Ընտանիքը կապող գործոնը տոհմածառն է, իսկ ամբողջ աշխարհի հայերին միավորողը սարսափելի մի պատմության մաս կազմելու փաստն է: Բայց, դա մեզ ի՞նչ է տալիս: Շարունակե՞նք արդյոք մեր զայրույթը հայտնել: Ընդհակառակը, նորից եմ կրկնում, հայերը միշտ վերակառուցել են, այն ինչ քանդվել է: Կարծում եմ, որ մեր մղած պայքարն իրոք դիստանցիա է պահանջում, և որ մենք պետք է լինենք կյանքի կողքին: Պետք է մշակել կյանքը:

Լռության ճիչը. հայկական հիշողության հետքեր: ©Antoine Agoudjian/Le Cri du Silence/Flammarion

  • antoine Agoudjian AR 0
    Գրքի շապիկը՝ Լռության ճիչը. հայկական հիշողության հետքեր: Ֆլամարիոն 2015
  • antoine Agoudjian AR 1
    Հաղթանշան, Գյումրի (Լենինական), 1993
  • antoine Agoudjian AR 2
    Կտուց, Վանի շրջան, Թուրքիա, 2002
  • antoine Agoudjian AR 3
    Շեւքիյաթ, Երեւան, Հայաստան, 1989
  • antoine Agoudjian AR 4
    Վիշտ, Ստամբուլ, Թուրքիա, 2009
  • antoine Agoudjian AR 5
    Բաբել, Գյումրի (Լենինական), Հայաստան, 1989
  • antoine Agoudjian AR 6
    Պարոն փողոց, Հալեպ, Սիրիա, 2001
  • antoine Agoudjian AR 7
    Խարույկ են վառում, Ստամբուլ, Թուրքիա, 2008
  • antoine Agoudjian AR 8
    Սեյֆո, Դիարբեքիրի շրջան, Թուրքիա, 2013
  • antoine Agoudjian AR 9
    Ասատուր, Թունջելիի շրջան (Դերսիմ), Թուրքիա, 2011
  • Antoine Agoudjian AR 10
    Խզում, Թունջելի (Դերսիմ), Թուրքիա, 2012
  • antoine Agoudjian AR 12
    Մարգարեն, Միդյաթի շրջան, Թուրքիա, 2013
  • antoine Agoudjian AR 13
    Հայաստանի ուրվականանը, Թունջելիի շրջան (Դերսիմ), Թուրքիա, 2011
  • Antoine Agoudjian AR 14
    Լուսանկարների վայրը: ©Eric Van Lauwe

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook