Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Թուրքիայից
Ուրազ Այդին |
Ուրազ ԱյդինՈւրազ Այդին, անկախ լրագրող, դասախոս (աշխատանքից հեռացվել է) |
Եթե 2017 թ. ապրիլի 16-ի հանրաքվեի հետ կապված ընտրակեղծիքների լուրջ կասկածները ուշադրության չարժանացան AKP-ի (Արդարության և զարգացման կուսակցություն) կողմնակիցների շրջանում, ապա նույնը չի կարելի ասել այդ հանրաքվեի արդյունքների մասին, որոնք շատ հեռու էին նախնական գնահատումներից: Իրոք, համեմատած նախորդ ընտրությունների հետ՝ AKP-ից և ծայրահեղ աջակողմյան MHP-ից (Ազգայնական գործողության կուսակցություն) կազմված «Այո»-ի բլոկը կորցրել էր ձայների 10%-ը՝ 61.5%-ից իջնելով 51.3%-ի: Հատկապես չնչին էր ձայների առավելությունը ՝ հաշվի առնելով սահմանադրական հսկայածավալ փոփոխությունները, որոնց դեմ արտահայտված 48.7% ընտրողները, չնայած նրանց շրջանում առկա տարակարծություններին, վճռականորեն մերժում էին համակերպվել ստեղծված իրավիճակին: «Ոչ»-ի հաղթանակը Անկարայի և Ստամբուլի նման մեծ քաղաքներում (որտեղ քաղաքային իշխանությունները գտնվում են AKP-ի ձեռքում) և Ստամբուլի պահպանողական տրամադրված ընտրատեղամասերում առավել խորացրեց տագնապը:
Հանրաքվեի արդյունքները բացատրելու և 2019-ին սպասվող տեղական, խորհրդարանական և նախագահական ընտրություններում իրավիճակը շտկելու անհրաժեշտությամբ են բացատրվում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ծավալված տարաբնույթ քննարկումներն ու բանավեճերը, որոնցում կարելի է վերհանել երկու հիմնական դիրքորոշում:
Ոչ բացահայտ ներքին ընդդիմություն
Մի կողմում հանդես են գալիս ավելի չափավոր գծի կողմնակիցները, ըստ որոնց՝ հանրաքվեի արդյունքները կոչ են անում վերանայելու մշակութային-կրոնական բևեռացման քաղաքականությունը, ընդդիմության գործողությունները հանցավոր համարելը և դավաճանների որսը: Վերջիններս հանդես են գալիս հօգուտ Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման, որոնք պետք է ուղեկցվեն երկրի ներսում ժողովրդավարական բարեփոխումներով՝ անտարակույս առանց հրաժարվելու պետական հեղաշրջման փորձի ղեկավարների դեմ պայքարից, միաժամանակ ընդգծելով Գյուլենի կողմնակիցների դեմ հաշվեհարդարի ժամանակ թույլ տված չարաշահումները: Սա կարելի է որակել որպես AKP-ի «պահպանողական-ժողովրդավար» սկզբնական ծրագրի ակունքներին վերադարձի տեսլական:
Այս գծի պաշտպանների շարքում կարելի է գտնել Էրդողանի ավտորիտար մղումներրը չընդունող AKP-ի բոլոր հոսանքների ներկայացուցիչներին: Առաջին հերթին՝ այսպես կոչված «չափավոր» իսլամականներին, որոնց թվում են նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուն: Այնուհանդերձ, «չափավոր» եզրույթը պետք է օգտագործել զգուշորեն, հաշվի առնելով, որ վերջիններս բնավ էլ դեմ չեն կրոնական տարրի մեծացմանը թե քաղաքացիական հասարակության ոլորտում և թե պետական մեքենայի գործունեության մեջ: Սակայն նրանք դեմ են Էրդողանի որդեգրած կտրուկ ռեպրեսիվ միջոցներին, ինչին, ճիշտ է, իրենք էլ են նպաստել՝ նախքան պաշտոնից «նրբանկատորեն» հեռացվելը:
Քննադատաբար տրամադրվածների ճակատում կարելի է հանդիպել նաև թուրքական ավանդական աջակողմյան ուժերի կողմնակիցների, որոնք մինչ այժմ պաշտպանել են AKP-ին: Պահպանողական-կրոնական արժեքներ կրող, սակայն միաժամանակ աշխարհիկ այս ընտրողները (այսինքն, թուրքերեն արտահայտությամբ՝ «ովքեր և մասնակցում են ուրբաթօրյա աղոթքին, և օղի են խմում») իրենց տեղը չեն գտնում Էրդողանի նախագծում: Այս երկու հատվածները, որոնք, անշուշտ, կարող են նաև համընկնել, կարոտախտով են հիշում AKP-ի իշխանության առաջին շրջանը (2003-ից մինչև 2011թ., ոմանց համար նույնիսկ մինչև 2013 թ.), երբ իշխում էին (և կիշխեն) այլ արժեքներ և նպատակներ, քան Էրդողանի սուլթանությունը: Նրանց տեսակետից՝ դրանք ժողովրդավարական արժեքներ էին այն իմաստով, որ հավատացյալ մահմեդականների ներկայացուցչությունը և հանրային ոլորտում իսլամական արժեքների տեսանելիությունը հանդիսանում էին ժողովրդավարական հարցեր, որոնք հակադրվում էին քեմալական տիպի ավտորիտար աշխարհիկությանը: Իհարկե՝ չհրաժարվելով Եվրամիությանն անդամակցելու հեռանկարից:
Դժգոհների շարքում կարելի է հանդիպել նաև ավելի արմատական իսլամիստների: Հիշենք, որ հանրաքվեի օրերին տարբեր ֆունդամենտալիստական իսլամական հոսանքներ «Ոչ»-ի քարոզ էին անում: «Ոչ»-ի ճակատում հատկապես ակտիվ գործունեություն էր ծավալել «Սաադեթ փարթիսին» (Երջանկության կուսակցություն), որ ներկայացնում է «Միլլի գյորու» (Ազգային կարծիք) պատմական հոսանքը, որից սերել է նաև AKP-ն՝ վերջինիցս շատ ավելի կրոնական միտվածությամբ: «Սաադեթ փարթիսին» հակադրվել էր հանրաքվեի նպատակին կրոնական բնույթ հաղորդելու՝ էրդողանի փորձին: Սակայն իսլամական տարբեր շրջանակների ընդդիմադիր ճամբարում հայտնվելը բացատրվում է Էրդողանի կողմից իսլամական գործոնը միմիայն անձնական առաջխաղացման նպատակին ծառայեցնելու հանգամանքով:
Նվիրվածները
Հակադիր ճամբարում են գտնվում «ռեիսչիները» , ինչպես իրենք են իրենց կոչում, այսինքն Ռեիսի՝ հրամանատարի ջերմեռանդ պաշտպանները: Նրանք, նախևառաջ, ընդգծում են Էրդողանի և «ժողովրդի կամքի» հաղթանակը արևմտյան տերությունների կողմից հրահրված զանազան դավադրությունների նկատմամբ՝ սկսած Գեզիի պուրակի ապստամբությունից (2013 թ. մայիս-հունիս, որի հետևանքով եղան հազարավոր բանտարկություններ, վիրավորներ, սպանվածներ, շարժում, որ տարածվեց գլխավոր քաղաքներում)՝ մինչև 2013 թ. կոռուպցիայի դեմ ուղղված գործողություններ, PKK-ի իրականացրած «ահաբեկչական» գործողություններ և վերջապես՝ պետական հեղաշրջման փորձ:
Այնուհանդերձ, նրանք գիտակցում են, որ հանրաքվեի ժամանակ ձայներ են կորցրել, սակայն ևս մեկ անգամ դա բացատրում են դավաճանության հանգամանքով: Սոցիալական ցանցերում լայնորեն ճանաչված և կուսակցական ապարատին մոտ կանգնած մի երիտասարդ «ռեիսչուհի» , որին հանդիպեցի հանրաքվեից մի քանի օր անց, ասաց. «Կուսակցությունը լավ չաշխատեց: «Ոչ»-ի թաքնված կողմնակիցները, ինչպես Դավութօղլուի և Գյուլի թիմերը, դեռևս ազդեցիկ են կուսակցությունում: Այդ խմբերին պետք է ջախջախել, ինչպես որ Գյուլենի հետևորդներին: Ասում են՝ 120 պատգամավոր ներբեռնել է Bylock-ը՝ Գյուլենի եղբայրության անդամների հաղորդակցման ներառումը: Զտումը դեռ չի հասել բուն կուսակցությանը: Դեռ սպասում ենք պուտչին առնչված քաղաքական գործիչների դեմ իրականացվելիք գործողություններին»:
Կուսակցության այս երկու կարևոր դեմքերը՝ Գյուլը և Դավութօղլուն, ռեիսչիների համար հանդիսանում են թշնամիներ, որոնք, հնարավոր է, կապի մեջ լինեն Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Այն փաստը, որ Գյուլը մերժեց Էրդողանի հրավերը՝ մասնակցելու քարոզարշավի ընթացքում «Այո»-ի հանրահավաքին, և որ Դավութօղլուն, եթե նույնիսկ չհամարձակվեց մերժել, իր ելույթում ոչ մի կոչ չարեց հանուն «Այո»-ի, նրանց համար դավադրության ապացույց է համարվում:
Ըստ մարքսիստ քաղաքագետ Դողան Չեթինքայայի, որը մոտից հետևում է իսլամական շարժմանը՝ այս մոտեցումն արդյունք է Էրդողանի անձի հետ ամբողջական նույնականացման. «Ռեիսչին» համարում է, որ Էրդողանի ընտրած ուղուց ցանկացած շեղում դավաճանների շահերից է բխում: Ուստի և պետք է պաշտպանել Էրդողանի բոլոր խոսքերն ու գործերը, որոնք, ի դեպ, կարող են փոխվել մի քանի շաբաթվա, նույնիսկ օրերի ընթացքում: Հակասությունները խնդիր չեն, կարևորը նվիրվածությունն է»: Էրդողանի վերադարձը կուսակցության նախագահի պաշտոնին 2017 թ. մայիսի 21-ին, այն բանից հետո, երբ սահմանադրական հանրաքվեի արդյունքում վերացվեց Հանրապետության նախագահի անկախ լինելու պարտավորությունը, Չեթինքայայի կարծիքով՝ էրդողանիզմի տրամաբանական հետևանքն է: «Այլևս բառիս բուն իմաստով Էրդողանից դուրս կուսակցություն գոյություն չունի: Այնտեղ հնարավոր չէ կարծիքների բախում կամ Ռեիսի կողմից առաջ քաշված գծի քննադատություն: Շեֆի վրա ազդելու միակ միջոցը վերջինիս հետ հաստատված անձնական կապերի միջով է անցնում: Եվ այստեղ է, որ ականատես ենք լինում «ո՞վ է ավելի ռեիսչի» մրցավազքին, որտեղ մարդիկ մրցակցին փորձում են վարկաբեկել հավատարմության պակասի նվազագույն նշանի դեպքում՝ ամրապնդելով սեփական տեղը իշխանության ոլորտում»: