Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Ինքնությունը կարծրատիպ չէ

 
 
  Հայացք Հայաստանից

Ինքնությունը կարծրատիպ չէ

Լիլիթ Գասպարյան

 

 
Լիլիթ Գասպարյան

Լրագրող Հայաստանից

Հայաստանից լրագրող եվ թուրքագետ Լիլիթ Գասպարյանն իր անձնական եվ մասնագիտական փորձի միջոցով մեզ է ներկայացնում հայ եվ թուրք ինքնությունների վերաբերյալ իր տեսակետը : Լիլիթ Գասպարյանը Փարիզում թուրքագիտություն սվորելուց հետո աշխատել է որպես Հայաստանյան Երկիր Մեդիա հեռուստաընկերության թղթակից Ստանբուլում, ինչպես նաև Հայկական Ակոս թուրքալեզու շաբաթերթում :

 

Ինքնությունն անցյալի եւ ներկայի դիմագիծ է, որով ուրվագծվում է ապագան: Հայկական ինքնությունը, թերեւս, այն բացառիկներից է, որն աշխարհի տարբեր անկյուններում յուրովի է ձեւավորվել: Ամենից ողբերգականը Թուրքիայում բնակվող «շարքային», իսլամացված կամ էլ գաղտնի հայերինն է: Նրանցից յուրաքանչյուրն ամեն օր գոյության կռիվ է տալիս:

Պատմական վերքերի ֆոնին Թուրքիան այն ահազդու պետությունն է, որի հետ շատ հաճախ, կամ էլ գրեթե միշտ, ասոցացվում է թշնամությունը: Պատկերն այսպիսինն է, քանի դեռ գոնե մեկ անգամ չենք այցելել այս երկիր: Դեռահաս, թե երիտասարդ՝ ամենեւին կարեւոր չէ, առաջին այցն այս երկիր տպավորությունների տարափ է:

Ու էական չէ, որ տակավին երեխա էի, երբ առաջին անգամ այցելեցի Թուրքիա: Գլխումս միայն մեկ միտք կար. գնում եմ թշնամու երկիր... Ո՞վ կարող էր պատկերացնել, որ այդ այցի արդյունքում տարիներ անց ինքս ինձ գտնելու եմ Փարիզում եւ մանրամասն ուսումնասիրելու այդ երկիրն ու դրա վերաբերյալ ամեն մի մանրուք: Փարիզի ընտրությունն էլ պատահական չէր... Թուրքիայի մասին պետք էր լսել երրորդ մի տեղում` չեզոք գոտում:

Երեք տարի շարունակ, մի կողմ թողնելով ազգային ջիղն ու պատմությունից փոխանցված վերքերը, ուսումնասիրեցի այդ երկիրը: Բայց հեռվից ուսումնասիրելը մի կետից հետո արդեն բավարար չէր... Ուսանողների փոխանակման «Էրասմուս» ծրագրի շնորհիվ հայտնվեցի Թուրքիայում: Զգացումները հակասական էին, իրականությունն այնքան խորթ... Համալսարանական դասընկերների համար իսկական զվարճանք էր հարցախեղդ անելն ու Փարիզից ժամանած հայաստանցու հետ խոսելը նույն լեզվով ու գրեթե նույն ռիթմով: Համակուրսեցիների եւ դասախոսական կազմի հետ հարաբերությունները ֆանտաստիկ կոչելու չափ մտերմիկ էին, եթե հաշվի չառնենք այն փոքրիկ դրվագը, որ հայկական էպոսի մասին ռեֆերատում Սասունի մասին խոսելիս «գտնվում է Արեւտմյան Հայաստանի տարածքում» բացատրությունս վրդովեցրել էր շատերին...

Ինքնության մասին առաջին անգամ հետևյալդեպքից հետո մտածեցի...  Ուսանողական տարիներին մինչեւ Ստամբուլ գնալս ֆրանսաբնակ թուրք, ֆրանսիացի, հրեա դասախոսներիս ամեն մի բառը յուրովի էի որսում այդ երկրի եւ հատկապես փոքրամասնությունների վերաբերյալ... Ամեն ինչ նոր էր, կապ չուներ Հայաստանում պատմության գրքերում տեղ գտած ողբերգական դրվագների հետ: Պատկերն էլ ավելի փոխվեց, երբ հայտնվեցի այդ երկրում... Այստեղ ամեն ինչ այնքան տարբեր էր, ազգայնականության ընկալումից մինչեւ  ինքնություն... Թուրքից եւ թուրքականից բացի, ամեն ինչ ծայրաստիճան օտար էր...

Հայաստանում պարադոքսն այլ է: Եվ սա շատ ավելի հստակ է դառնում, երբ մի քանի տարի Ստամբուլում բնակվելուց հետո վերադառնում ես Հայաստան: Այստեղ հայ է համարվում նա, ով Հայաստանում է, դրսում բնակվողները` սփյուռքահայ: Կարծրատիպը նույնն է, հայ է նա, ով քրիստոնյա է եւ խոսում է հայերեն... Թեպետ երկրի բնակչության մի մեծ հատվածը խորհրդային տարիներին Առաքելական եկեղեցում չի մկրտվել կամ առհասարակ չի մկրտվել։

Երբ իրական ինքնությունը վերածվում է իսկական մղձավանջի կամ էլ անվերջ փնտրտուքների, հասկանալի է դառնում այն անթիվ-անհամար հայերի կյանքը: Չափազանցություն չի լինի ասել, որ Թուրքիայում ինքնության լուրջ ճգնաժամ կա: Եվ այդ ճգնաժամն ավելի հստակ ուրվագծերով երեւում է պատմական Հայաստանի տարածքներում: Հատկանշական է, որ վերջին տարիներին լռության ձայնը պատճառ է դարձել ազգային ինքնության փնտրտուքների ակտիվացման: Արդյունքում փողոցում քայլող ամեն մեկի մեջ հայ փնտրելը վերածվում է սովորույթի:

Մեզ՝ հայերիս համար, Արեւմտյան Հայաստանի, թուրքերի՝ Անատոլիա կոչած եւ քրդերի համար իբրեւ Քրդստան տեսած տարածքներում շրջագայելը յուրաքանչուր հայից մեծ կամքի ուժ է պահանջում: Ես բացառություն չէի...

Ամենակարեւորը, թերեւս, հայերի եւ թուրքերի հարաբերությունների հենակետը գտնելն է. անցնող տարիների ընթացքում հայ եւ թուրք լրագրողների մասնակցությամբ հասարակական կազմակերպությունների համաժողովներն ու հանդիպումները նորաձեւ կոչելու աստիճան շատ էին: Այդ հաճախակի հանդիպումներից շատերին մասնակից լինելով՝ ինձ համար հասկանալի դարձավ, որ երկխոսություն ասվածն իսկապես կարեւոր է: Շատ ժամանակ չանցած հիասթափությունն անխուսափելի դարձավ:

Առիթ ունեցա մասնակցել հայ եւ թուրք լրագողների ավտոբուսային ճանապարհորդությանը, որը սկսվեց Մալաթիայում եւ ավարտվեց Երեւանում: Մալաթիայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ վանական համալիրի մնացորդների կողքին կանգնած ժամանակ թուրք գործընկերոջս հարց տվեցի, թե ի՞նչն է իրեն ամենից շատ հուզել: Պատասխանն արագ էր եւ հակիրճ. ոչի՛նչ...

Մի պահ կանգ առա եւ ինքս ինձ հարց տվեցի. հսկայանակ վանական համալիրից «ոչինչ» չմնալը «ոչինչ» զգացում է առաջացնում, էլ ի՞նչ երկխոսության մասին է խոսքը կամ ի՞նչ սպասել նման երկխոսությունից: 

Մալաթիայում սկսված ճանապարհորդությունը հուշում էր, որ պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Ծանոթացանք Սերդար անունով մի հայի հետ, ով հայերեն չգիտեր. Հայաստանյան գործընկերներիս հուզում էր մեկ հարց. ինչո՞ւ հայերեն չգիտի: Սերդարի համար դժվար էր բացատրել այդ ամենը... Այո, նա հայերեն չէր խոսում, սակայն շատ ու շատ հայերից ավելի հայ էր զգում իրեն:

Ուսանողական տարիներիս թուրք դասախոսներս հաճախ էին կրկնում, որ վերջին տարիներին Թուրքիայում ժողովրդավարությունը մեծ առաջխաղացում է ապրում: Որոշակիորեն այդպես է, բայց երբեմն ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունն այս երկրում նմանվում են երկնքում փայլող աստղերի: Տեսնում ենք, փայլով հիանում, բայց չենք կարող շոշափել: Մինչդեռ, հակառակ սրան, Սերդարի նման հազարավոր հայեր փորձում են իրենց իրական ինքնությամբ ապրել. զգուշավորության մթնոլորտում, ահը սրտներում, իրենց իսկ կյանքը վերածելով հոգեմաշ խռովքի ու պայքարի:

Սերդարի հետ զրույցը շարունակվեց թախծոտ մի վայրում` հայկական գերեզմանատանը, որը վերանորոգվել է բացառապես հայերի ջանքերով եւ շատ երկար ժամանակ տեղական մամուլի թիրախն է եղել: Գերեզմանատանը կառուցված փոքրիկ աղոթատեղին եկեղեցու նմանեցնելով՝ տեղական իշխանություններն անխնա քանդել են այն: Այսպիսով, ցուցաբերած հանդուրժողականությամբ գովաբանված Թուրքիան չկարողացավ հանդուրժել ննջեցյալների համար հնչեցվող վերջին աղոթքը:

Գերեզմանատանն աչքից չի վրիպում թուրքերենով իսլամին պատկանող «Ռուհունա Ֆաթիհա» արտահայտությունը: Ինչո՞ւ… գերեզմանաքարերը հավականակ հարձակումներից պաշտպանելու համար:

Պաշտպանվելու համար հայկական կամ քրիստոնեական ինքնությունը թաքցնելու անհրաժեշտությունն անպատասխան մի հարց է թողնում: Ինչո՞ւ են մարդիկ ողջ մնալու համար ստիպված կրոնափոխ լինել (այս տողերը գրելուց մի քանի ժամ առաջ մամուլից տեղեկացա, որ Սիրիայում Մասիս անունով հայ մի երիտասարդ գլխատվել է իսլամ չընդունելու պատճառով), գրեթե խոնարհված եկեղեցիներն ինչո՞ւ են միայն գրադարանի կամ էլ մշակութային կենտրոնի վերածվելու պայմանով պետության կողմից վերանորոգվում: Սրանք այն հարցերն են, որոնց պատասխաններն ունենք, բայց ոչինչ չենք կարողանում փոխել:

Շրջագայության ընթացքում կողքիններիս որպես «թուրք գործընկերների» էի վերաբերվում: Իրենց մասին խոսելիս այդպես էի արտահայտվում մինչեւ այն պահը, երբ նրանցից մեկն ասաց. «Չեմ սիրում այդ արտահայտությունը: Ես թուրքիացի եմ»... Մտորում ես ու կորում սեփական մտքերիդ անծայր աշխարհում: Մի պահ մտաբերեցի «ի՜նչ երջանիկ է նա, ով ասում է թուրք եմ» հայտնի խոսքը... Այս գործընկերներս ինչո՞ւ երջանիկ չեն: Ավելին, ինչո՞ւ են թուրք կոչվելուց այդքան խուսափում: Ահավասիկ, խրթին պատասխան պահանջող մի հարցադրում եւս...

Ի վերջո՝ յուրաքանչյուր ազգի ինքնությունը պայմանավորված է նրա անցած պատմական ճանապարհով, ստեղծած քաղաքակրթական արժեքների համակարգով ու ապագայի ընդհանուր երազանքներով: Երեքի մեջ էլ գլխավոր դերը պատկանում է մշակույթին: Այդուհանդերձ, ինքնությունը մեկընդմիշտ հաստատված ու կաղապարված հասկացություն չէ: Ինքնությունը, ինչպես նաեւ այն պայմանավորող մշակույթը, ժամանակին համընթաց զարգանում ու փոփոխվում են: Անփոփոխ է մնում «հայ» զգալու ուժը, որը ո՛չ կրոնով, ո՛չ լեզվով եւ ո՛չ էլ մշակույթով չի սահմանափակվում…


ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook