Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Թուրքիայից
Ալի Բայրամօղլու |
Ալի ԲայրամօղլունՔաղաքագետ |
Այս հարցազրույցում Ալի Բայրամօղլուն անդրադառնում է Թուրքիայի քաղաքական ուժերին, որոնք ի վիճակի են ընդդիմանալ Էրդողանին: 2019թ երկու փուլով և ուղիղ քվեարկությամբ անցկացվելիք նախագահական ընտրությունների նոր ընտրակարգը կարող է խառնել քարտերը և առաջ բերել քաղաքական նոր ուժեր:
Մերալ Ակշեներից եւ իր կուսակցությունից ի՞նչ սպասումներ կան։
Թուրքիայում վերջին հանրաքվեում ձայների հարաբերակցութունը, ընդդիմության եւ ԱԶԿ-ի ստացած քվեների աննշան՝ ընդամենը մեկ տոկոսի տարբերությունը, որը մոտ մեկ միլիոն մարդ է կազմում, ինչպես նաեւ նախագահական ընտրությունների երկփուլ նոր ընտրակարգը, թեկուզ քիչ, բայց աշխուժացրեց ընդդիմությանը։ Թուրքիայում հաստատված մենիշխանության ռեժիմի եւ Էրդողանի անընդմեջ հաղթող լինելու պատճառով հուսալքվածության դիմաց մի հույս է դա։
Վերջին ժամանակներում, Թուրքիայում քաղաքական եզրույթներն անընդհատ փոփոխվում են։ Ի՞նչ պետք է հասկանալ ընդդիմություն ասելով կամ առհասարակ ո՞ւմ նկատի ունենալ։
Այսօր գերիշխող կուսակցության եւ սոցիալական խմբին դեմ դուրս եկող ընդդիմադիր դաշտը շատ լայն է։ Քրդեր, տարբեր կերպ մտածող ազգայնականներ, ձախակողմյաներ, լիբերալներ, քեմալականներ եւ այդպես շարունակ։
Ընդդիմադիր այս հյուսվածքը կարո՞ղ է արդյոք Էրդողանին այլընտրանք լինել։
Այսօր Թուրքիայի առջեւ ծառացած հիմնական խնդիրը դա է. «Ինչպես կարող են բոլոր այս խմբերը համախմբվել եւ Էրդողանին հաղթել»։ Մերալ Աքշեներն հենց այս համատեքստում ասպարեզ իջած թեկնածու է։ Աքշեները պնդում է, որ Ազգային Շարժում կուսակցության (ԱՇԿ) շարքերից է գալիս, բայց ԱՇԿ-ից էլ անդին մի ընդդիմության է ներկայացնելու։ ԱՇԿ-ն դժվարին ժամանակաշրջանում է գտնվում՝ տրոհվել է թե վերնախավում եւ թե ստորին շերտերում։ Վերնախավի ամենակարեւոր դերակատարներից մեկն էլ Աքշեներն էր, որը ուժեղ եւ հարուստ քաղաքական անցյալ ունեցող գործիչ է, ներքին գործերի նախկին նախարար։ Փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջման օրերին նրա դրսեւորած հակա-միլիտարիստական դերակատարությունը մարդիկ դեռ հիշում են, բացի այդ Ճշմարիտ Ուղի Կուսակցության (DYP) նման աջ կենտրոնամետ կուսակցության անդամ լինելու փորձառությունն ունի։ Հետեւաբար կենտրոնական խմբերի եւ ուժերի տեսանկյունից ընդունելի ազգայնական է։ Ավելին, ապացուցեց, որ դիմադրելու կարողություն ունի։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում Դեվլեթ Բահչելիի եւ ագրեսիվ խմբերի ճնշումներից չնահանջեց։ Կուսակցությունից դուրս դրվեց, հանրավաքների ժամանակ հարձակումներ եղան, սակայն հակառակ այս ամենին կարողացավ կանգուն մնալ։
Նախկին ԱՇԿ-ական Կորայ Այդընը նախ հայտարարեց, որ ճանապարհը Աքշեների հետ է շարունակելու եւ հավելեց, որ 2019-ի նախագահական ընտրություններում Աշքեները թեկնածու է լինելու։ Ի՞նչ շանսեր ունի Աքշեները։
Մերալ Աքշեներն օր օրի ավելի է հզորանում, քանի որ առնվազն աջակողմյաններին հույս է ներշնչում։ Այդ իսկ պատճառով է կուսակցություն հիմնելը շատ տրամաբանական է։ Ըստ հարցումների, ԱՇԿ-ն մի կուսակցություն է, որի ընտրաքվեն պակասել է։ 12 տոկոս պոտենցիալ ունեցող կուսակցությունն այսօր 4-5 տոկոս ունի։ Աքշեները կարող է այդ քվեներն իր կողմը քաշել։ Մեծ հավանականությամբ ոչ միայն ԱՇԿ-ից դժգոհներին, այլեւ ԱԶԿ-ական շատերին էլ գրավիչ կլինի Աքշեների կուսակցությունը։ Սա իհարկե ժամանակը ցույց կտա, բայց Մերալ Աքշեների կուսակցություն հիմնելն ինքնին Թուրքիայում երկար ժամանակ գոյություն չունեցող քաղաքական աշխուժության արտացոլումն է։ Բոլոր հարցումներում, որոնցում Էրդողանն ու Աքշեները կան, Էրդողանն առաջին փուլում ընտրվելու համար անհրաժեշտ քվե չի ստանում։ Սակայն այս տվյալները բավարար չեն «Արդյո՞ք Աքշեները Էրդողանին այլընտրանք է, կարո՞ղ է հաղթել նրան» հարցին հստակ պատասխան չեն տալիս։ Աքշեների սկսած շարժումը թուրքական քաղաքականության կարեւոր զարգացում է, որն ազդեցություն կունենա։ Առնվազն ԱԶԿ-ից քվե կգողանա, որն էլ Էրդողանին կցավեցնի։ Բայց, արդյոք Էրդողանին կհաղթի, կամ ավելի ճիշտ արդյոք ընդդիմությանը ներկայացնող ճիշտ անունն Աքշեներն է... Չեմ կարծում։
Բայց Աքշեները պնդում է, որ իր կուսակցությունը միայն ազգայնականներին գրկաբաց չի ընդունելու, աջ եւ ձախակողմյաններ էլ են լինելու։ Սրան ինչպե՞ս պետք է նայել։
Այս մասին միայն ասելը բավարար չէ։ Այո, ԱՇԿ-ից դուրս եկած մեկն է, բայց ազգայնականության հետքերը հեշտությամբ չեն անցնում։ Արդյո՞ք քրդերը Աքշեների հետ կհամագործակցեն կամ Աքշեները «Քրդական հարցի լուծման» նման արտահայտություններ կօգտագործի... Սրանք հարցերն են, որոնք դիտարկելիս պարզ է դառնում , որ Աքշեներն այն թեկնածուն չէ, որի շուրջ ընդդիմադիր հատվածները հեշտությամբ համաձայնության կգան։ Աշքեները մի թեկնածու է, որին ոմանք հեշտությամբ ձայն կտան, ոմանք էլ ոչ։ Սակայն եւս մեկ անգամ ընդգծենք, որ Աքշեների շարժում սկսելը եւ ԱՇԿ-ի հիմքից խարխլվելը ԱԶԿ-ի նոր մրցակից ունենալու գիտակցության տեսանկյունից կարեւոր է։ Հասարակության համար Աքշեների առավել նրա ընդդիմադիր լինելն ու Էրդողանի դեմ դուրս գալն է արժեքավոր։
Ո՞վ կարող է թեկնածու լինել եւ հաղթել Էրդողանին, կամ ո՞վ կարող է հույս լինել։
Սա կարեւոր հարց է եւ իրականում հենց այդ փնտրտուքի մեջ ենք, սակայն պատասխանը դեռ չգիտենք։ Նման կանխատեսում անելու համար շատ վաղ է։ Բայց Էրդողանը գիտի, որ նախագահական եւ երկփուլ ընտրական համակարգի անցումը իր համար իսկ սխալ է եւ ըստ ամենայնի արդեն արդեն զղջում է։ Թուրքիայում համախմբված ընդդիմություն չկար, մինչդեռ Էրդողանն այսօր նպաստեց 49 տոկոսանոց ընդդիմադիր զանգվածի ստեղծմանը։
Այդ զանգվածը կարո՞ղ է մեկ թեկնածուի շուրջ համախմբվել։
Դյուրին բան չէ։ Քրդերն ու ազգայնականները, պահպանողականներն ու ժողովրդահանրապետականներն ինչպե՞ս պետք է լեզու գտնեն։ Դեռ չկա մեկը, որը կարող է այս ուղղությամբ ռազմավարություն եւ հարաբերություններ մշակել։ Ժամանակի ընթացքում շոշափելի արդյուքներ գուցե լինեն, սակայն հիմա հորիզոնում չկա այդպիսի մի անուն, որի շուրջ համաձայնության գալը հնարավոր լինի։
Վերջին ժամանակներս Էրդողանը հասարակության համար խորթ՝ «մեզ դժվարին օրեր են սպասումի» տիպի մտքեր է արտաբերում։ Ակնհայտ է՝ հասկացել է, որ Քըլըչդարօղլույից բացի Աքշեների սկսած շարժումն էլ է իր դեմ եւ դրանից անհագստացած է։ Ըստ Ձեզ, հնարավո՞ր է արդյոք Էրդողանի քայլերը կանխատեսել։
Ընդդիմության տարանջատվածությունը Էրդողանի մեծագույն խաղաքարտերից մեկն է, որը նա օգտագործելու է։ Դեռ Աբդուլ Համիդի ժամանակաշրջանից սկսած Թուրքիայում պետության հաջողված ավանդույթներից մեկն էլ հակառակորդի տարբեր տարրերի դեմ տարբեր կերպ դուրս գալն ու մասնատելու քաղաքականություն վարելն է։ Օրինակ, այսօր դրանցից մեկն էլ քրդական հարցն է։ Քրդերը վերջին հանրաքվեում կես-կես հարաբերակցությամբ Էրդողանին սատարեցին։ Եւ եթե Էրդողանը քրդական հարցի վերաբերյալ երկու դրական նախադասություն արտաբերի, քրդերից էլ ավելի շատ քվե կստանա։ Մեկ այլ քայլ, որ Էրդողանը կարող է անել, իր կուսակցությանը ոտքի հանելն է։ Իրար հաջորդող երեք ընտրություններ կան եւ դրանք բոլորը որպես մեկ ամբողջություն է դիտարկում։ Հետեւաբար՝ կարող ենք ասել՝ փորձում է ԱԶԿ-ի հիմնադրման առաջին ժամանակաշրջանի ոգով առաջնորդվել։
Շրջանառության մեջ էր մտել «Նոր Թուրքիա» եզրույթը, որը շատ շուտ հնացավ, առհասարակ շատ բան անցյալում մնաց։ Նոր ԱԶԿ ոգին ինչպիսի՞նն է լինելու։
Թվում է թե ժողովրդավարացած, բարեփոխումների վրա կենտրոնացած Թուրքիային փոխարինելու է գալու քաղաքական մի կառույց եւ դիսկուրս, որը փորձելու է պահպանողական ինքնության շուրջ ձեւավորվել։ Դրա ակնհայտ դրսեւորումն են «տեղական եւ ազգային դիրսկուրսը», պոպուլիստական քաղաքականությունն ու հայրիշխանական սահմանադրական համակարգը։ Նոր ԱԶԿ-ի ոգին, պահպանողական հանրապետության ոգու դրսեւորումն է եւ շարունակելու է այդպիսին մնալ։
Քրդերը միայնակ չեն կարող թեկնածու առաջադրել, նույնիսկ եթե առաջադրեն, երկրորդ փուլ չեն անցնի։ Հետեւաբար պետք է ընտրություն կատարեն։ Վերջին օրերին սատարեցին Ժողովրդահանրապետական կուսակցությանը (ԺՀԿ)։ Սակայն ոչ Քըլըչդարօղլուն, ոչ էլ Աքշեները քրդական հարցի վերաբերյալ շատ խորքային մտքեր չեն կարող արտաբերել։ Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունն (ԺԴԿ) ի՞նչ քաղաքականություն կվարի։
Այո, քուրդ ընտրողը շատ կարեւոր է։ Մեծ հավանականությամբ, բոլոր նրանք ովքեր ԱԶԿ-ին ձայն են տվել, կշարունակեն նույնն անել։ Սակայն այստեղ շատ հետաքրքիր մի պարադոքս կա. Եթե Աքշեները քրդերի օգտին խոսի, դա ձեռնտու կլինի Բահչելիին։ Իրավիճակը նույնն է նաեւ Էրդողանի համար՝ քրդերից քվե կստանա այլ տեղ կորցնելու հաշվին։ Յուրաքանչյուր թեկնածու ստիպված կլինի ճիշտ հաշվարկ անել։ Իհարկե, չգիտենք, թե ինչեր կլինեն 2019-ի ընտրություններից վեց ամիս առաջ, բայց քրդական հարցի վերաբերյալ որեւէ նոր դիսկուրս չենք սպասում։ Ցավոք այդպիսի մի Թուրքիայում չենք ապրում։ Ծայրաստիճան ազգայանական հավասարակշռություն ունեցող եւ հակաքուրդ իշխանությունից բաղկացած բլոկում ենք։ Քուրդ ընտրողը կարեւոր է, բայց ո՞վ կխոսի նրա հետ, սա՛ է հարցը։
ԺԴԿ-ի հետ բանակցել՝ նշանակում է քրդական հարցի լուծումը նորից օրակարգ բերել, նոր քաղաքականություն մշակել։ Կարելի է սպասել մի պատկեր, ըստ որի քրդական հարցի մասին շատ սահմանափակ կերպով կբարձրաձայնվի եւ քուրդ ընտրողն ավելի շատ ընդդիմության օգտին կքվեարկի։ Բայց եւս մեկ անգամ ընդգծենք, որ ընդդիմության թեկնածուն շատ կարեւոր է։
Թուրքիայում կա՞ այնպիսի քաղաքական գործիչ, որի օգտին բոլորը կքվեարկեն։
Թեկուզ հավանականությունը շատ քիչ է, բայց եթե Աբդուլլահ Գյուլի նման թեկնածու լինի, ապա Թուրքիայում իսկապես լուրջ մրցակցություն կլինի եւ Գյուլն Էրդողանին կհաղթի։ Սա էլ Թուրքիայի համար մեծ եւ նշանակալի երկրաշարժ կնշանակի։ Բայց ոչ Աքշեները, ոչ էլ Քըլըչդարօղլուն Գյուլ չեն։ Այս հասարակությունում ավելի լիբերալ պահպանողական գործիչները կարող են համապարփակ մտքեր արտահայտել։ Որքան էլ Աբդուլլահ Գյուլը իսլամական հատվածից լինի, երկու աշխարհների միջեւ կամուրջ կարող է լինել։