Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Հայկական ինքնության բեկորներ Թուրքիայում

 
 
 
Հայացք Հայկական Սփյուռքից


Հայկական ինքնության բեկորներ Թուրքիայում

 

 

Անդրադարձ Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վերակենդանացման և հայ ինքնության պահպանության` «Վան նախագծին»  (Վան փրոջեքթ): Տեղական բնակչության կողմից պահպանված հայկական ինքնության բեկորների հետքերով` Թուրքիայում կատարված ազգագրական և էթնոերաժշտական եռամյա հետազոտություններ:

2010 թվականին հայ-ֆրանսիական "Երկիր-Եվրոպա" հասարակական կազմակերպությունը Թուրքիայի քաղաքացիական հասարակությանն ուղղված համապարփակ մի ծրագիր ձեռնարկեց՝ այդ թվում «Վան նախագծի» ստեղծմամբ, որի առաքելությունն էր վերակենդանացնել հայ ինքնությունն ու ժառանգությունը Արեւմտյան Հայաստանում (այժմյան Թուրքիայի հարավ-արեւելքում): Ի սկզբանե «Վան նախագիծը» Երեւանում հիմնված ուսումնական մի խմբի շուրջ էր կառուցված, որի կազմում էին ավանդական հայկական երաժշտության մասնագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ և էթնոերաժշտագետներ՝ Նորայր Քարտաշյանի ղեկավարությամբ: Այնուհետեւ 2010թ նոյեմբերին Ռոն-Ալպի (Ֆրանսիա) շրջանային խորհրդի գործընկերության շնորհիվ ստեղծվեց Երեւանի կոնսերվատորիայի մոտ տասնհինգ ուսանողներից բաղկացած երաժշտական խումբ:


Հատված «Վան նախագիծ» խմբի համերգից՝ Դերսիմի Խոզաթ բնակավայրում, Մնձուրի փառատոն, 2011թ հուլիսի 30:


Ծրագրի «Երկիր-Եվրոպա» ՀԿ-ի համակարգող Արմեն Ղազարյանը բացատրում է. «Վան նախագիծ» երաժշտախումբը ավելի մեծ մի ծրագրի ողնաշարն է և ստեղծվել է որպես ազգագրական և էթնոերաժշտական հետազոտությունների լաբորատորիա՝ նպատակ ունենալով Հայաստանում վերակենդանացնել այն նվագարաններն ու երաժշտական ժանրերը, որոնք պահպանվել են 1915-ից հետո Թուրքիայի արեւելքում (Արեւմտյան Հայաստանում) բնակվող և ժամանակին հայերի հետ շփման մեջ եղած մարդկանց՝ քրդերի, համշենցիների կամ Դերսիմի զազաների շրջանում:»


Հատված «Վան նախագիծ» խմբի համերգից՝ Դերսիմի Օվաջըք (Բլուր) բնակավայրում,  Մնձուրի փառատոն, 2011թ հուլիսի 29


Ինչպես բացատրում է Նորայր Քարտաշյանը՝ հայկական ավանդական երաժշտության ուսուցումը հարատև դարձնելու համար որոշակի հետազոտություն էր անհրաժեշտ․ «Հայաստանում առավել տարածված է կովկասյան հայկական երաժշտությունը։ Դա զուտ հայկական երաժշտություն չէ, այլ՝ տարածաշրջանին հատուկ մի երաժշտություն: Այս դեպքում, մեր խնդիրն էր երեւան հանել իսկական հայկական ժողովրդական երաժշտությունը: Հայաստանում նույնիսկ գուսանական (աշուղական) երգերն են խնդրահարույց, քանի որ նրանք եւս, ունենալով ընդարձակ շրջանակ, կովկասյան ազդեցություն են կրում: Մենք մեկնեցինք այժմ Թուրքիայի տարածքում գտնվող Փոքր Հայք: Այնտեղ տարբեր մեղեդիներ լսեցինք ու հավաքագրեցինք: Գնացինք Համշեն, որտեղ էլի նյութեր հավաքեցինք: Էլ չեմ խոսում հայկական պարկապզուկի՝ տկզարի մասին, որը շատ հետաքրքիր գործիք է և ներկայումս անհետացման վտանգի առջեւ: Հայաստանում միայն երեք հոգի են նվագում այն: Մենք այն բավականին ուսումնասիրեցինք, այնտեղ հանդիպեցինք մի քանի երաժիշտ-վարպետների, համշենական պարկապզուկներ (թուլում) գնեցինք և համեմատելով՝ վերականգնեցինք այդ գործիքը »


Հայկական պարկապզուկի (տկզար) կատարում, Երեւան, 2010թ մարտ:


«Վան նախագիծը» Թուրքիայում հայկական ժառանգության հետքերով

2011-13 թթ ընթացքում երաժշտախումբը՝  փորձագիտական խմբերի (թուրքագետներ, ազգագրագետներ, էթնոերաժշտագետներ) ուղեկցությամբ Թուրքիայում բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց և ուղեւորության ընթացքում հաճախ հանդիպեց Դերսիմի ծպտյալ հայերի կամ իսլամացած համշենահայերի: Խումբը Թուրքիայի արեւելքում մասնակցեց մի շարք երաժշտական փառատոների (Դերսիմ, Դիարբեքիր, Մալաթիա, Վան, Ստամբուլ), որտեղ նա հանդես եկավ այդ ինքնատիպ ոճից ոգեւորված բազմահազար հանդիսատեսի առջեւ:


Հատված «Վան նախագիծ» խմբի համերգից՝ Արգուվանի փառատոն, Մալաթիա,  2011թ հուլիսի 24:


Այս ուղեւորությունները առիթ էին նաեւ հանդիպելու բազմաթիվ թուրք, քուրդ, զազա կամ համշենցի երաժիշտների և ապրելու երաժշտական ու մարդկային ուժեղ պահեր: Թուրքական եւ քրդական երաժշտական ավանդույթներում հայկական ժառանգության  հայտնաբերումը նույնպես այս ճամփորդության կարեւոր տարրերից է, ինչպես վկայում է Նորայր Քարտաշյանի հետ պատահած այս դեպքը. «Խարբերդում հանդիպեցինք մի կլառնետահարի, ում հարցրեցինք թե ով է եղել նրա վարպետը: Նա ասաց, որ հայրն է եղել: Ես նրան հարցրեցի՝ իսկ ո՞վ է եղել քո հոր վարպետը: Նա ասաց, թե հայ է եղել՝ վարպետ Հարությունը»: Կամ էլ այս մեկը,  որն արտացոլում է Թուրքիայի արեւելյան շրջանների վրա հայկական ինքնության թողած ազդեցությունը. «Հիշում եմ նաեւ այն երիտասարդ սազ նվագողին, որին հանդիպել էինք Դերսիմում զազա երաժիշտների հետ փորձի փոխանակման ընթացքում և որը հետագային «Վան նախագծի» երաժիշտների մոտիկ ընկերը դարձավ: Շրջագայության ողջ ընթացքում նա մեզ հետեւեց, քանի որ նրա հայրը, իմանալով, որ ինքը հանդիպել է հայերին՝ նրան խոստովանել է, որ իր մայրը հայ է եղել և նրան տվել է իր մորից մնացած խաչը, որը նա այժմ կրում է իր վզին: Նման դեպքերը ցույց են տալիս, որ հայկական հետքերը ամենուր են»:


Հատված «Վան նախագիծ» խմբի համերգից՝ Ստամբուլ, «Սարը Գելին», 2011թ սեպտեմբեր:


Ինչ վերաբերում է էթնոերաժշտական հետազոտություններին, դրանք նույնպես արդյունավետ եղան, մասնավորապես կատարվեցին անգնահատելի արժեք ներկայացնող հարյուրավոր ձայնագրություններ ու տեսագրություններ, որոնք կծառայեն ավելի ընդարձակ հետազոտությունների: Երեւանի համալսարանի էթնոերաժշտագետ Մարգարիտ Սարգսյանը, որը մասնակցել էր Թուրքիայում իրականացված միջոցառումերին, ընդգծում է այս նախագծի առաջնային նշանակությունը. «Մինչեւ Թուրքիա գնալս իմ երաժիշտ ընկերներից շատերն ինձ ասում էին, որ այդ աշխատանքը դեռեւս Հայաստանում անգամ չենք արել, ուրեմն ինչո՞ւ գնալ այլ տեղ; Բայց այնտեղ իրավիճակն իսկապես մտահոգիչ է. մենք մեր ուշադրությունը պետք է սեւեռենք դրա վրա, քանի որ ամեն ինչ արագորեն մոռացության քողով է ծածկվում և մենք կանգնած ենք ոչնչացման եզրին: Այստեղ (Հայաստանում) ավանդական երգ ու պարի խմբերը բարձր մակարդակով են պահպանում հայկական երաժշտական ժառանգությունը, ի տարբերություն այնտեղի, որտեղ հայ ինքնության տարրերը վտանգված են»: Թուրքիայում այս հանդիպումները հնարավորություն ստեղծեցին համագործակցություն հաստատել Դիարբեքիրի քաղաքապետարանի հետ, որը 2012թ սեպտեմբերին մեկ շաբաթով հյուրընկալեց «Վան նախագիծ» խմբին: Վարպետության դասընթացների շնորհիվ «Վան նախագիծը» և Դիարբեքիրի Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիայի երաժիշտները հնարավորություն ունեցան միասին աշխատելու և ուսումնասիրություններ կատարելու:


Հատված «Վան նախագիծ» խմբի համերգից՝ Դիարբեքիրի Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիայում,  2012թ սեպտեմբեր:


Այս երեք տարիների ընթացքում «Վան նախագիծը» կարողացավ վերականգնել հայկական նվագարաններ ու մեղեդիներ, բայց նաեւ հնարավորություն ունեցավ վերակենդանացնել հայ ինքնությունը Թուրքիայում և ստեղծել յուրահատուկ կապեր մարդկանց միջեւ, որոնք մինչեւ այդ գրեթե շփում չէին ունեցել միմյանց հետ: Հայոց ցեղասպանությունից մոտ հարյուր տարի  անց Երկիր֊Եվրոպայի գործունեությունը ցույց է տալիս, որ դեռ շատ բան կա անելու երկար ժամանակ անմշակ մնացած այդ հողերի վրա և որ հայկական ինքնությունը կարող է նորից արմատավորվել այնտեղ:


Van Kültür park açılışı'nda Van Project ve... par aris-nalci
Հատված «Վան նախագիծ» խմբի համերգից՝ Վանի Քյուլթյուր Փարքի բացման արարողությանը, 2012թ սեպտեմբերի 8

 

 

 

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook