Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Ո՞րն է իսլամացված համշենցիների ինքնության ներկայիս ընկալումը

 
 
 
Հայացք Հայաստանից

Ո՞րն է իսլամացված համշենցիների ինքնության ներկայիս ընկալումը

Լուսինե Սահակյան

 

 
Լուսինե Սահակյան

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ

Վերջին շրջանում մամուլում և նաև որոշ ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում են Թուրքիայի տարածքում ապրող համշենցիների ինքնության խնդիրները։ Արվում են զանազան մեկնաբանություններ՝ առանց հաշվի առնելու իսլամացման-թուրքացման քաղաքականության պատմական իրողությունը և դրանից բխող հետևանքները, ինչպես նաև հստակորեն չի տարբերակվում ինքնություն և ծագում  հասկացությունները։

Դեռևս 18-րդ դարում բռնի իսլամացված համշենահայության սերունդներն այսօր ապրում են Թուրքիայի Ռիզեի նահանգի Չամլըհեմշին (հին անունը՝ Ստորին Վիչե Վիժե), Համշին (հին անունը՝ Համշեն), Փազար (հին անունը՝ Աթինա), Ֆընլդըքլը (հին անունը՝ Վիչե Վիժե), Արդաշեն (հին անունը՝ Արտաշեն), Չայլեի (հին անունը՝ Մավարի), Իքիզդերե (հին անունը՝ Քուրաի-ի Սեբա) գավառներում, որոնց մի մասում ընդգրկված է պատմական հայոց Համշեն գավառը։ Ժամանակի ընթացքում նրանց մի մասը տեղափոխվել է Արդվինի նահանգի Խոփա և Բորչկա գավառները։ Համշենցիների գյուղեր կան նաև Էրզրումի, Սաքարիայի, Դուզջեի նահանգներում։ Նրանց կարելի է հանդիպել Թուրքիայի մեծ ու փոքր քաղաքներում։ Իսկ ազգային դիմագիծը դիմադրության շնորհիվ քրիստոնեություն պահպանած հատվածը սփռվել է Սև ծովի հարավարևելյան, իսկ հետագայում՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ցեղասպանություն վերապրած համշենահայերի մեծ մասը հաստատվել է Սև ծովի հյուսիսարևելյան (ռուսական) ծովեզրյա շրջաններում, Հայաստանում` պահպանելով լեզուն, կրոնը, ազգային սովորությունները: 

Օսմանյան կայսրության, հետագայում հանրապետական Թուրքիայի ձուլողական քաղաքականությունն ընթացել է մի քանի փուլերով, բռնի և տարաբնույթ համակարգված մեթոդներով, ինչպես նաև լեզվական ձուլման միջոցով: Չբավարարվելով կրոնափոխությամբ և հասկանալով լեզվի էթնոտարբերակիչ դերը՝ օսմանյան և հանրապետական Թուրքիայի իշխանությունները խիստ կարևորել են իրենց ենթակայության տակ գտնվող ժողովուրդներին թուրքախոս դարձնելը` ամբողջացնելով նրանց ձուլման գործընթացը: Այս իրողության մեջ իսլամացված համշենահայության սերունդները օսմանաթուրքական միջավայրում աստիճանաբար կորցրեցին հայկական ինքնության կարևոր բաղկացուցիչները՝ լեզուն (բացառություն են կազմում Խոփայի և Բորչկայի գավառների և Սաքարիայի նահանգի մի քանի գյուղերի համշենցիները), կրոնը, կտրվեցին հայկական մշակույթից և ամբողջովին տարրալուծվեցին թուրքական հասարակության մեջ՝ պահպանելով միայն իրենց տեղական ազգագրական, ինչպես իրենք են ասում, համշենական ինքնությունը։

Առհասարակ էթնիկական դիմադրողականության և ինքնապաշտպանության գլխավոր միջոցներից մեկը լեզուն է, որն արտահայտում ու պահպանում է ազգային յուրօրինակությունն ու սահմանները: Լեզվամտածողության, բառապաշարի, բանահյուսության մեջ են ամրագրվում ազգային ինքնության հատկանիշները, տվյալ էթնոսին բնորոշ բազմաթիվ առանձնահատկությունները: Լեզուն է, որ սերունդներին է փոխանցում ազգային մշակույթը, ավանդույթները` կատարելով նաև էթնոտարբերակիչ դեր: Լեզուն և ազգային ինքնագիտակցությունը մշտապես գտնվել են սերտ կապի մեջ: Լեզուն ազգային ինքնագիտակցության և ինքնության ձևավորման, թերևս, ամենաորոշիչ գործոններից մեկն է:

Բազմազգ Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի իշխող շրջանակները շատ լավ էին հասկանում, որ այլազգիների ձուլումը բավականին բարդ գործընթաց է, մանավանդ, որ տիրապետող ազգի և մյուսների միջև գոյություն ուներ, ժամանակակից էթնոհոգեբանության տերմինով ասած, «Էթնիկական անհամատեղելիություն» (Լեզվի էթնոպաշտպան դերի մասին ավելի մանրամասն տե՛ս Նալչաջյան Ա., Էթնիկական հոգեբանություն, Երևան, 2001, էջ 427-428): Լեզուն կարող էր միշտ վառ պահել իր ենթակայության տակ հայտնված ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը: Ուստի՝ այս հանգամանքների վերացմամբ էր պայմանավորված այլազգիների նկատմամբ Օսմանյան կայսրության, նաև Թուրքիայի Հանրապետության որդեգրած ձուլման և ոչնչացման քաղաքականությունը:    

Նման ճնշումների արդյունքում` հայերենի հաշվին համշենցիների միջավայրում ամրակայվեց թուրքախոսությունը: Թեև Թուրքիայում մնացած համշենահայությունը սկզբնական շրջանում առերես էր ընդունել իսլամ, ցավոք, ժամանակը, ինչպես նաև միջավայրը, թուրքական հետևողական ձուլման քաղաքականությունը, վախի և զանազան հալածանքների մթնոլորտը կատարել են իրենց դերը: Եվ այսօր նրանց մի մասի հայկական ինքնությունն արտահայտվում է ընդամենը գենետիկական ծագման մասին հիշողությամբ և մշակութային որոշ շերտերի պահպանմամբ:           

Գերմանացի հեղինակ Մ. Հունբերը գրում է, որ «չի կարելի տիրանալ ինքնությանը, այն ինքնաբերաբար է առաջանում, բայց երբ արդեն ձեռք է բերվում, այն դեռ չի կարելի ապահով համարել: Մշտապես կա ինքնությունը օտարից պաշտպանելու կարիքն ու անհրաժեշտությունը» (Hübner M. “La beurette” Vom aus der Vorstaedte ins Herz der französischen Gesellschaft, Frankfurt am Main, 1996, p. 23):

Հանրապետական Թուրքիայում այլազգիների ձուլողական քաղաքականությունն իրավականորեն ամրագրվում է 1924 թվականի առաջին սահմանադրության 88-րդ հոդվածով, որը 1982 թվականին դարձավ 66-րդ հոդվածը՝ «Ամեն ոք ով, Թուրքիայի քաղաքացի է, համարվում է թուրք»։    

2005թ. հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը քննարկեց և հաստատեց Անվտանգության խորհրդի ներկայացրած «Ազգային անվտանգության քննարկման մասին փաստաթուղթը» որը դարձյալ ընդգծում է՝ Թուրքիայի Հանրապետությունում հիմնարար սկզբունքներ են հանդիսանում «մեկ պետություն մեկ ազգ, մեկ դրոշ և մեկ լեզու դրույթները»։ Փաստաթղթում պահպանվում է Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացուն «ազգությամբ թուրք» համարելու սկզբունքը։  

2005 թ. նոյեմբերին Թուրքիայի վարչապետ Ռ. էրդողանն իր հայտարարության մեջ թեև ընդունում է, որ երկրում կան մոտ 30 էթնիկական խմբեր՝ «իրենց ներքին ինքնություններով»,  այդուհանդերձ չի հապաղում  հիշեցնել, որ նրանք ունեն «վերին ինքնություն», այն է՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիությունը։

Այսօր Թուրքիայում ապրող քրիստնյա հայերի անձը հաստատող փաստաթղթում (Kimlik), որը տեղական կիրառության համար է, կրոնական պատկանելության դիմաց նշվում է՝ քրիստոնյա, իսկ անձնագրում ազգության դիմաց՝ թուրք, հայերն ունեն նաև 31 թվով համարակալված կոդ, ինչը համապատասխան ատյաններին հուշում է նրանց ազգային պատկանելությունը։

Իսկ իսլամացված համշենցիների ինքնությունը խճճելու ուղղությամբ մինչ այժմ էլ ակտիվորեն աշխատանքներ են տարվում։ Հրատարակվում են ապագիտական գրքեր (նրանց մեջ կան համշենցի հեղինակներ)՝ համշենցիների հայկական ծագումը և առհասարակ Համշենում հայկականության մնացած հետքերը մերժելու նպատակով։      

Որպես հետաքրքիր փաստ նշենք, որ Արդվինի նահանգի Խոփա և Բորչկա գավառների համշենցիները կարողացել են թուրքական այդ մեծ օվկիանոսում պահպանել հայերենի` Համշենի բարբառի իրենց տեղական խոսվածքը և դեռ գործածում են իրենց առօրյա խոսակցականում։ Ինչպես ցույց են տալիս մեր կատարած ուսումնասիրությունները, այսօր Խոփայի և Բորչկայի գավառների համշենցի­ների թիվը՝ մոտավորապես 25-30,000 է։ Սակայն երիտասարդ սերունդն արդեն մոռանում կամ չի գործածում իր տեղական խոսվածքը և առավել մեծ տեղ է տալիս թուրքերենին։ Միաժամանակ նշենք, որ նրանք հայերեն տառերը չգիտեն, բացառու­թյամբ մի քանի մտավորականների, ովքեր գիտաճանաչողական նպատակներով սովորում են մեսրոպյան տառերը։ Շնորհիվ հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքի պահպանման՝ այս շրջանների համշենցիների մի մասն ընդունում է իր հայկական ծագումը։ Չնայած թուրքական քարոզչությանը, նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց խոսակցական լեզուն թուրքերեն չէ։ Առհասա­րակ, Խոփայի և Բորչկայի գավառներում տարածված են մարքսիստական, ըստ այդմ՝ աթեիստական գաղափարները, որոնք, մեր կարծիքով, որոշակի հոգեբանական ինքնապաշտպանական դեր են կատարում իսլամական-թուրքական միջավայրում՝ սեփական տեսակը, ազգագրական նկարագիրը պահպանելու համար։ Սակայն նրանց մեջ կան նաև այնպիսիները, ովքեր խուսափում են իրենց ծագման մասին խոսել, կամ իրենց համարում են թուրք, իսկ լավագույն դեպքում՝ համշենցի (հոմշեցի)։ Խոփայի համշենցիների մի մասն էլ ընդգծում է, որ տեղյակ է իր հայկական ծագման մասին, գիտի, որ ժամանակին հայ ժողովրդի մաս է կազմել, հայկական մշակույթի կրող է եղել, սակայն ժամանակի ընթացքում կտրվել է կապը և իրենց ոչ հայ, ոչ էլ թուրք են համարում, այլ` համշենցի։ Կարծում ենք, որ ինքնության նման ընկալումը ևս թուրքական իրականության մեջ իրենց տեսակը պահպանելու և այդ միջավայրում հարմարվելու մի մոդել է։

Թուրքական իշխանությունները, չկարողանալով Արդվինի նահանգի համշենցիներից վերջնականապես արմատախիլ անել հայախոսությունը, պաշտոնական պատմագրության միջոցով խճճում և աղավաղում են Համշենի պատմությունը, համշենցիների ծագումնաբանությունը, նրանց հայերեն խոսվածքը հայտարարում իբրև մի թյուրքական բարբառ։

Ռիզեի նահանգի համշենցիների շրջանում թուրքա­ցումն առավել խոր արմատներ է գցել։ Ռիզեի համշենցիները մոռացել են իրենց մայ­րենին՝ հայերենը, և խոսում են թուրքերեն։ Ոմանք, թեև ընդունում են իրենց հայկա­կան ծագումը, սակայն անմիջապես հավելում են, որ արդեն թուրքացել են։ Նրանց միջավայրում շրջանառվում է այն տեսակետը, որ նրանք սերվել են թյուրքական ցեղերից։ Չամլըհեմշինցի լրագրող և հայրենագետ Ջան Ուղուր Բիրյոլը, իր հոդվածներից մեկում գրում է. «Այսօր համշենցիների մեծամասնությունը մերժում է իր հայ լինելը։ Իրակա­նում, շրջանում օգտագործվող տեղանունների և առօրյա կյանքում պահպանված առար­կա­ների անունների կիրառությամբ է արտահայտվում տեղական հայերենը» (Biryol C. U., Hemşinliler üzerine, Hemşinliler Ermeni mi?, Radikal, 2005, Haziran 12)։ Այստեղ էլ կան այնպիսիները, ովքեր իրենց թուրք չեն համարում, այլ ուղղակի՝ համշենցի (Hemşinli) գիտեն, որ իրենց նախնիները հայեր են եղել։ Ռիզեի մի շարք շրջաններում արմատական իսլամը շարունակում է ամուր դիրքեր ունենալ, ինչը էապես ազդել  է համշենցիների ինքնության վրա և կարող ես հանդիպել մոլեռանդ մահմեդականների։ Նրանց մեջ կան նաև մարքսիստական գաղափարների կրողներ, ակտիվ ձախակողմյաններ։ Սակայն Չայելի գավառի Սենոզի շրջանում արմատացած է թուրքական ազգայնական գաղափարները։ Համշենցիների տների պատուհաններից կախված կարող ես տեսնել եռալուսին թուրք ազգայնականների դրոշը։ Անգամ նրանց միջավայրում հայ (Ermeni) բառն ունի բացասական և վիրավորական նշանակություն։ Սենոզի շրջանը տվել է հայտնի քաղաքական և ռազմական գործիչներ իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ։ Այս շրջանի Խախոնջ (այժմ՝ Çataldere) գյուղից է Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յլմազը՝ Վասափների տոհմից։ (Հայերեն Վասակ անձանվան աղավաղված տարբերակն է)։ Ռիզեի համշենցիների թիվը այլ քաղաքներում էլ հաստատվածներով հանդերձ ոչ պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 60 հազար։

Հայտնի կեղծարար Մ. Սաքաօղլուի միջոցով թուրքական պատմագրությունը հայտարարում է, որ համշենցիները բացի թուրքերենից ուրիշ լեզու չեն իմացել: Նրանց թուրքերենն էլ հին Օղուզի կամ Սաքա ցեղի բարբառն է (Sakaoğlu M. Ali, Dünden Bugüne Hemşin. Karadeniz’den Bir Tarih, Yeniyurt Yayınları, Ankara, 1990, s. 53-54): Մեկ այլ թուրք կեղծարար` Մ. Քըրզըօղլուն, ընդունելով Խոփայի համշենցիների լեզվի հայկական բարբառ լինելը ( Kırzıoğlu M. F., I. Selim Cağında Hopa ile Arhavi Köyleri, TFA icinde, yıl 17, cilt 10, no. 201 (Nisan 1966), İstanbul, s. 4104.), այն կրողների ծագման մասին առաջարկում է հորինովի տեսություններ: Մ. Քըրզըօղլուի մշակումները, ցավոք, դարձել են համշենցիների ինքնության անբաժանելի մասը: Շատերն այնքան են հեռացել հայկական արմատներից, որ իրենց համարում են օղուզական կամ բալքարական, կամ աքադական ցեղերի սերունդ, կամ էլ Միջին Ասիայից ու Խորասանից եկած մի ժողովուրդ: 

Եվ եթե անգամ Ռիզեի համշենցիները գիտեն էլ իրենց հայկական ծագումը,  (իսկ չիմանալ չեն կարող, քանի որ իրենց խոսակցական թուրքերենում օգտագործում են բազմաթիվ հայերեն կենցաղային բառեր, տեղանուններ, բուսանուններ), ապա այդ մասին գերադասում են լռել կամ ուղղակի մերժել։ Ահա այսպիսին է 18-րդ դարում և հետագայում բռնի իսլամացված հայության սերունդների ներկա իրավիճակը։

Իսլամացման քաղաքականությունը պետք է գնահատել որպես ցեղասպանության դերսևորման մի ձև, որին ենթակվեց հայության այս հատվածը՝ բռնի կտրվելով իր արամատից ու հեռանալով իր ազգային ակունքներից և  մշակույթից։ Ցեղասպանության վերաբերյալ Ռաֆայել Լեմկինի բնորոշումը, ինչպես նշված է իր “Axis Rule in Occupied Europe” (Washington, D.C.:  Carnegie Endowment for International Peace, 1944)  գրքում, նույնպես ներառում էր այն, ինչը կարելի է համարել որպես ոչ ֆիզիկական, այլ հատկապես ցեղասպանության հոգեբանական ազդեցություններ, որոնք նա անձնապես բնորոշել է հետևյալ կերպ. «Ընդհանրապես ցեղասպանությունը պարտադիր չէ, որ նշանակի ազգի ուղղակի բնաջնջում, ...։ Նախ հարկ է առանձնացնել տարբեր գործողությունների համակարգված ծրագիրը, որը նպատակ ունի ոչնչացնելու ազգային խմբերի կարևոր հիմքերը և հենց իրենց` խմբերին» Այդ ծրագրի նպատակներն են քաղաքական և սոցիալական կառույցների, մշակույթի, լեզվի, ազգային զգացմունքների, կրոնի ոչնչացումը, անձնական ապահովության, ազգային խմբերի տնտեսական գոյության ոչ ինտեգրումը և այլն։ «Ցեղասպանությունն ունի երկու փուլ. առաջին` ճնշված խմբի ազգային մոդելի ոչնչացում, և երկրորդ`ճնշողի ազգային մոդելի հարկադրում: Այս հարկադրումն իր հերթին կարող է իրագործվել ճնշված բնակչության վրա, որին թույլ են տալիս մնալ տարածքում` ճնշողի ազգակիցների կողմից իրականացված բնակչության բնաջնջումից և գաղութացումից հետո» (http://www.genocide-museum.am/arm/un.php)։

1948թ. ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի 1–ին հոդվածը նշում է, որ ցեղասպանությունը հանցագործություն է, անկախ նրանից կատարվում է խաղաղ թե պարտերազմական պայմաններում, և որ ստորագրող կողմերը պարտավորվում են կանխարգելել և պատժել կատարելու համար։ Կոնվենցիայի 2–րդ հոդվածը ցեղասպանություն է համարում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։

Ահա համակարգված այս ձուլման քաղաքականության արդյունքում համշենցիները, բռնի կրոնափոխվելով, կորցրեցին իրենց իրական հայկական ազգային ինքնությունը՝ պահպանելով միայն տեղական ազգագրական նկարագիրը՝ երբեմն հայկական ծագման մասին հիշողության դրսևորումներով։

 

 

 

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook