Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Քիրվայի սովորությունը քրդերի ու հայերի հիշողություններում

 
 
 

Հայացք Թուրքիայից

 

Քիրվայի սովորությունը քրդերի ու հայերի հիշողություններում

Նամըք Քեմալ Դինչ

 

 

 
Նամըք Քեմալ Դինչ

Պատմաբան

Քիրվայի ավանդույթը մինչեւ 1915թ հայ-քրդական հարաբերությունների քիչ հայտնի ասպեկտներից է: Դիարբեքիրի շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանրային հիշողության հետքերն ուսումնասիրող «Հարյուրամյա ցավ, Դիարբեքիր 1915»1 գրքի համահեղինակ  Նամըք Քեմալ Դինչը (մյուս համահեղինակը՝ Ադնան Չելիք) բացատրում է քիրվայի ավանդույթի նշանակությունը, նրա սոցիալական գործառույթը և նրա տեղը քրդերի ու հայերի հիշողություններում: 

 

Քիրվայությունը քիչ հայտնի երեւույթ է: Թուրքիայի արեւմուտքում այն մի բան է նշանակում, իսկ քրդական շրջաններում՝ մի այլ բան: Ի՞նչ է քիրվայությունը, կպատմե՞ք մի քիչ:

Տղաների թլփատումը իսլամական օրենք է, որը խորհրդանշում է երեխայի մուտքը կրոնական կյանք: Քիրվա է կոչվում այն անձը, որ մասնակից է լինում թլփատման արարողությանը: Ծիսակատարության ընթացքում քիրվան երեխային իր գիրկն է առնում, նրան սփոփում՝ որպեսզի նա չվախենա. իր ձեռքերով փակում է նրա աչքերը և այդպիսով վիրահատությունը տեղի է ունենում: Այս ծիսակատարությամբ միայն նոր է սկսվում քիրվայի դերակատարությունը: Մի տեսակ ազգակցական կապ է հաստատվում քիրվայի ու երեխայի ընտանիքների միջեւ: Այս բարեկամությունն ու մերձեցումը ամրապնդվում են շատ կարեւոր մի կանոնով՝ երկու ընտանիքների անդամների միջեւ ամուսնության արգելքով:

Երբ նոր էի սկսել ուսումնասիրել այս թեման՝ կարծում էի, որ այն ողջ Թուրքիայով մեկ տարածված է: Ինձ նույնիսկ թվում էր, թե այն գոյություն ուներ ամբողջ իսլամական աշխարհում: Ալեւի համայնքին պատկանելով, այդ իրականության մեջ եմ մեծացել: Ալեւիների մոտ քիրվայությունը մուսահիփությունից2 հետո եկող մեծագույն արժեք է, այդ իսկ պատճառով կարծում էի, որ տարածված է ամբողջ Թուրքիայում: Հետազոտությանս սկզբում Դիարբեքիրի քրդերը պատ մում էին, որ հայերի հետ մշտապես քիրվա3 են եղել: Սակայն հետազոտությանս ընթացքում նկատեցի, որ Սեբաստիայից արեւմուտք ընկած հատվածում քիրվայությունն այնքան էլ տարածված չէ: Շատերն այդ մասին  չգիտեն:

Արեւմուտքում ի՞նչ գիտեն քիրվայության մասին:

Ըստ Այշե Քուդաթի՝ այս ավանդույթի շուրջ կատարված միակ հետազոտության հեղինակի, արեւմտյան Թուրքիայի բնակչությունը քիրվա հասկացությունը սովորել է Արեւելքից գաղթածների միջոցով: Այդ իսկ պատճառով, Թուրքիայի արեւմուքում՝ քիրվան թլփատման արարողության ընթացքում երեխային գրկող և նրա աչքերը փակող, այդ ծիսակատարությանը մասնակից եղած անձն է: Արեւմուտքում՝ նրա դերակատարությունն այդտեղ ավարտվում է: Բայց, Սեբաստիայից արեւելք, այդ պահից սկսած նա դառնում է այդ երեխայի ու նրա ընտանիքի անդամ: Եւ հենց այդպես չէ՝ ուժեղ ազգականներ են դառնում, երկու ընտանիքները միմյանց հետ սերտ ազգակցական հարաբերությունների մեջ են մտնում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ ինստիտուտը չկա երկրի արեւմուտքում: Իմ կարծիքով, դա պայմանավորված է այն բանի հետ, որ երկրի արեւելյան մասում էթնիկական ու կրոնական տարբերություններով ավելի մեծ թվով մարդիկ իրար մեջ միահյուսված են ապրում: Ես չեմ խոսում միայն քրիստոնյաների ու մահմեդականների բազմազանության մասին, կան նաեւ այլ տարբեր խմբեր: Կան եզդիները, ալեւիները, բազմաթիվ տարբեր դավանական խմբեր կան, էթնիկ խմբեր կան, որոնց անունները հիմա չեմ հիշում: Օրինակ՝ Դիարբեքիրում հրեաները, հույները, հայերը, ասորիները, ալեւիները, եզդիները, շեմսիները4, շատ ու շատ խմբեր իրար հետ են ապրել:  Բազմաթիվ այլ վայրերում այս միահյուսվածությունը կա: Իրականում, ըստ իս, սոցիալական այս խառը կառուցվածքը երկրի արեւելքում քիրվայության համար լավ հիմք հանդիսացող սոցիալական մի իրողություն է: Արեւմուտքում էլ, իհարկե, կան սոցիալական տարբերություններ, բայց դրանք այդքան խառը և միահյուսված հանրություններ չեն:

Քիրվայությունն ի՞նչ նշանակություն ունի քրդաբնակ շրջաններում: Ի՞նչ է ընդգրկում այդ վիրտուալ ազգակցական կապը:

Հավելեմ նաեւ, որ քիրվայությունը միայն քրիստոնյաների ու մահմեդականների միջեւ չի լինում, այդ կապն այսօր գոյատեւում է հատկապես ալեւիների ու եզդիների միջեւ:

Ալեւիներն ի՞նչ նշանակություն են տալիս քիրվայությանը:

Հասարակության ստորին շերտերը, ճնշված, կեղեքված հանրություններն ավելի հաճախ են քիրվայական հարաբերությունների մեջ մտնում: Եզդիներն ու ալեւիներն այսօր փոքրամասնություն են, ավելի մեծ ճնշումների են ենթակա: Հետեւաբար, կարծում եմ, որ փոքրամասնության մաս կազմելու հոգեվիճակն է, որ նրանց մղում է այլ հանրությունների հետ հարաբերություն հաստատելու համար այս մեխանիզմին դիմել: Օրինակ, որոշ սուննի հոգեւորականներ մեր հանդիպումների ընթացքում հայտնեցին, որ քիրվայությանը այդքան էլ կարեւորություն չեն տալիս: Իսլամական ծես ենք ասում, բայց շեյխը այդքան էլ չի կարեւորում այդ ծեսը: Իսկ ալեւին կամ եզդին շատ են կարեւորում այն: Կարծում եմ, որ սա հավատքից հեռու գնացող՝ ավելի շատ սոցիալական մի խնդիր է: Դա ավելի շատ կապված է փոքրամասնություն լինելու և ինքնապաշտպանության ձգտելու հետ:

Գալով նրա նշանակությանը, ասենք, որ քիրվայությունը երկակի գործառույթ ունի: Առաջինը՝ քիրվայությամբ ստեղծված ընտանիքում արգելվում են ամուսնական հարաբերությունները: Այսինքն, քիրվայական հարաբերությունների մեջ մտած ընտանիքի որեւէ անդամի հետ ամուսնանալը այնուհետեւ ամբողջությամբ արգելվում է, առանց բացառությունների: Այնպես որ, չկա այդպիսի բան, որ յոթ պորտ, հինգ պորտ հեռավորության հարազատների ամուսնությունները թույլատրելի լինեն: Այդ արգելքը վերաբերում է ընտանիքի բոլոր անդամներին, ընդմիշտ: Ըստ էության, արգելքը հարաբերությունների մեջ կարգ ու կանոն մտցնելու նպատակ է հետապնդում:

Ուշագրավ է, որ քիրվայության լայն տարածում գտած վայրերում ազգականների միջեւ ամուսնություններն արգելված չեն: Ընդհակառակը՝ որոշ ընտանիքներում այն գերադասելի է:

Այո, ներամուսնությունը շատ տարածված է: Սակայն ընտանիքի կորիզում, քույրերի և եղբայրների միջեւ ամուսնությունն արգելված է: Այդ առումով, քիրվայությունը այդ արգելքը դնում է ոչ թե հորեղբոր կամ մորաքրոջ որդու մակարդակով, այլ եղբայրների ու քույրերի: Այլապես ներամուսնությունը շատ տարածված երեւույթ է: Օրինակ, մեր ընտանիքում հորեղբոր զավակների միջեւ ամուսնությունը գրեթե ավանդույթ է, նոր-նոր է սկսում կոտրվել: Քանի որ քիրվայությունն արգելում է ամուսնությունը, մեզ թվում է, թե այն մի շարք սահմանափակումներ է մտցնում, բայց իրականում, հարաբերությունները եղբայրական մակարդակի բերելով, սահմանափակումները վերացնելու առումով յուրօրինակ դեր է կատարում:

Երեւի այն պետք է ընկալել ազգական-ոչ ազգական հասկացության շրջանակում՝ մասնավոր (մահրեմ) և հանրային (նամահրեմ) հասկացություններով5: Օրինակ՝ երբ օտար տղամարդ է մտնում տուն, կանանց այնտեղ չերեւալու անհրաժեշտությունն էլ վերանում է:

Այո, այդ ամենը վերանում է, կարծես բոլորը նույն ընտանիքից լինեն: Երբ գիտես, որ տվյալ ընտանիքի անդամի հետ ամուսնությունն արգելված է, մերձեցումն ավելի հեշտ է լինում: Արդյունքում, գիտես, որ չես կարող ամուսնանալ, դա օրենք է, որ չես կարող խախտել: Այդ մասին լիքը պատմություններ, երգեր, առասպելներ կան: Մուրատխան Մունգանի «Մահմուդն ու Եզիդան» էլ դրանցից է: Շիվանի երգած «Քիրիվոն» կամ էլ Գյուլիստանի երգած «Սինանե Քիրիվ» կտորը6 նույն բաների մասին են պատմում: Այսինքն, եթե մի ընտանիքի քիրվան ես, չես կարող այդ ընտանիքի աղջկա կամ տղայի հետ ամուսնանալ: Կարող ես սիրահարվել, բայց դա անհույս, անապագա մի սիրո կհանգեցնի:

Գիտենք, որ մահմեդական եւ քրիստոնեական հանրույթները լավ չեն վերաբերվում այլադավանների հետ ամուսնանալուն, սակայն, ըստ էության, այդ արգելքը խախտողներ կան։ Կարծես քիրվայությունը այդ արգելքներից այն կողմ գնացող իմաստ է ձեռք բերում:

Անդրաշխարհիկ, կրոնական հարթություն է տալիս դրան։ Տարբեր դավանանքների պատկանող մարդկանց իրար հետ համատեղ ապրելու, շփվելու մի վայր է հանդիսանում: Հատկանշական է, որ փոքրամասնություններն իրենց քիրվաներին ընտրում են այլ փոքրամասնություններից:

Ալեւիները, հայերը, ասորիները, նեստորականներն իրենց քիրվաներին այլ խմբերից են ընտրում, այդպես չէ՞:

Իրենից այլ խմբի հետ քիրվայություն հաստատելու անհրաժեշտության նման կարգ գոյություն չունի: Քանի որ վերջին հարյուր տարիներում տարվող միատարրացման քաղաքականության պատճառով այս հարցում խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ հայ քիրվա գտնելն այնքան էլ դյուրին չէ, բայց եզդիներն ու ալեւիները դեռեւս շարունակում են իրենց քիրվաներին փնտրել սուննիների մեջ: Օրինակ՝ Շենգալում (Սինջար)7 տեղի ունեցած եզդիների կոտորածի մասին եզդիների իսկ «Այս ԻԼԻՊ-ը մե՛ր քիրվաների բերածն է» արտահայտությունը խոսում է արաբների ու սուննի քրդերի հետ նրանց հաստատած քիրվայական հարաբերությունների մասին: Իմ ընտանիքում, օրինակ, մեր քիրվաները Բինգյոլի շաֆի քրդերից են: Այդ ավանդույթը տակավին նույնությամբ շարունակվում է:

Ըստ էության, ալեւիներին ամենաշատը շաֆիներն են խրտնեցնում:

Այո, մանկությունից ի վեր չեմ հասկացել այս պատմությունը: Հիմա, այս հետազոտությամբ նոր եմ սկսում հասկանալ:

Սա պաշտպանության կարիքի՞ց է առաջանում, ավելի պաշտպանված լինելու համա՞ր է արվում:

Երեւի, թե դա իրավիճակից է կախված: Կարելի է ասել, որ փոխադարձ հովանավորչությունը, մերձեցումը ապահովող մի կառույց է այն:  Որոշ դեպքերում՝ լարվածության, հնարավոր խնդիրների, հավատքի հողի վրա ծագող բախումների ժամանակ՝ քիրվայությունը մեղմացնող և հարաբերություններն ամրացնող առանձնահատկություն ունի: Ամուսնությունն արգելվում է, բայց մյուս կողմից եղբայրացումն է խրախուսվում: Օրինակ, աղջիկ փախցնելու դեմն է առնվում: Այդ տունը ազատորեն ելք ու մուտք անելը, ընտանիքի բոլոր անդամների հետ համերաշխ ապրելը շատ կարեւոր բաներ են: Անգամ այսօր, հանրությունների միջեւ անհավատալի պատնեշներ կան: Թուրքիայի հասարակության մեջ ոչ յուրային խմբերի նկատմամբ չափից ավելի անվստահություն կա: Իրականում քիրվայությունը անվստահության այդ պատնեշը քանդելուն ուղղված կրոնական շատ կարեւոր մի գործառույթ ունի: Կրոնական ծես լինելով հանդերձ, այն պետք է դիտարկել սոցիալական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Տարբեր հանրություններ ու տարբեր իրավիճակներ են, բայց կա՞ն արդյոք նմանություններ կնքահայրության հետ:

Իրականում շատ նման է: Խիստ հավանական է, որ դրա նման մի բանից էլ առաջացած լինի: Սակայն, կնքամայրության եւ կնքահայրության գործընթացում ներգրավված են թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք: Քիրվայությունում միայն տղամարդիկ դերակատարություն ունեն: Բայց այդ տղամարդու միջոցով ամբողջ ընտանիքի հետ քիրվայական հարաբերություն է ստեղծվում: Հետեւյալ նմանությունն էլ կա կնքահայրության հետ. թլփատման ծիսակատարությանը մասնակից եղողները պարտավորվում են թլփատվող երեխայի հետ մշտապես կապի մեջ լինել, նրան աջակցել, թիկունք կանգնել:

Ին՞չ է մտնում այդ պարտավորությունների մեջ:

Նա պետք է թլփատման արարողության ժամանակ երեխայի հագուկապի և այլ ծախսերը հոգա, դպրոցից մինչեւ ամուսնություն ընկած ժամանակահատվածում երեխային ամեն տեսակի օգնություն ցուցաբերի: Մշտապես նրա թիկունքում կանգնած լինի: Կապը պետք է շարունակական լինի:

Մենք գիտենք, որ քրդական որոշ աշիրեթական համադաշնությունների մեջ քրիստոնյա խմբեր էլ են ներգրավված: Դա հատկապես Միդյաթում տարածված երեւույթ է: Կարելի՞ է ենթադրել, որ քիրվայությունը նմանատիպ աշիրեթական համադաշնության մեջ տեղ չգտած քրիստոնյաներին ուղղված սոցիալական մի ինստիտուտ է: Քանի որ աշիրեթի անդամներն արդեն իսկ այդ աշիրեթի պաշտպանության տակ են:.

Խնդրո առարկա համադաշնությունները 1860-ականններից հետո են ստեղծվել: Մինչեւ այդ, հիմնականում բեյությունների8 համակարգն է տիրապետող եղել: Բեյությունների վերացումից հետո խառնաշփոթ մի ժամանակաշրջան է սկսվել, երբ իրար մերձավոր աշիրեթները, պաշտպանության նպատակով,  համադաշնություններ են ստեղծել: Օրինակ, Միլլի աշիրեթի9 մաս են կազմել ասորիներ, եզդիներ, արաբներ: Իսկ, մինչեւ 1860-ականները, քրիստոնյաների պաշտպանության գործը Միրն10 իր վրա էր վերցրել: Այդ ժամանակահատվածում քրիստոնյաները եւ մահմեդականները, Հանս Լուկաս Քիզերի (Hans Lukas Kieser) խոսքերով՝ «տանելի գոյակցության» մեջ են եղել: Դա ոչ միայն պաշտպանության հովանի էր, այլեւ իր հետ բերում էր ինքնությունների բազմակիացում, բազմամշակութայնություն, միմյանց հետ մերձեցում:

Այդ առումով, աշիրեթի անդամներն էլ սկսեցին քիրվայություն անել: Քանի որ դա հարաբերությունները սերտացնելու, սոցիալական լարվածությունները վերացնելու միջոց էր նաեւ: Այս բանը պետք է դիտարկել նաեւ տնտեսական հարթությունում: Այս տարածաշրջանում քրիստոնյաների ու մուսուլմանների միջեւ աշխատանքի բաժանում գոյություն ուներ: Այդ բաժանումը քիրվայության ինստիտուտի տեսակետից էլ է շատ կարեւոր: Ցեղասպանության պատումներում հաճախ  կնկատեք՝ «Նրանց գնալուց հետո այստեղ ամայացավ»։ Մինչեւ Մեշրութիյեթի՝ սահմանադրական միապետության հռչակումը քրիստոնյաներին արգելվում էր զենք կրել, ձի հեծնել, բանակում ծառայել։ Այնպես որ, քրիստոնյաներն զբաղվում էին արհեստներով, առեւտրով, գյուղատնտեսությամբ: Քուրդ բեյերը11 վերահսկում էին ամբողջ տարածաշրջանն ու տարբեր հանրությունների: Աշիրեթներով ապրող քրդերն անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ էին զբաղվում։ Այլ արհեստներով զբաղվելու մասին վկայություններ չկան, այդ գործերը քրիստոնյաներն էին անում։ Նման աշխատանքները քրդերի կողմից նվաստացուցիչ էին համարվում։ Քուրդ աշիրեթների  վերահսկողության տակ գտնվող տարածքներում քրիստոնյաների թիվը շատ մեծ էր։ Քիրվայությունն այս երկու խմբերի միմյանց նկատմամբ ունեցած կարիքից, սիմբիոտիկ կապից էր առաջանում։ Նրանք տնտեսական ամուր կապեր էին ստեղծում, իսկ այդ կապերը ավելի հաստատուն դարձնելու ձեւն էլ քիրվայությունն էր։ Այդպիսով, նրանք կարողանում էին մտնել քրիստոնյայի կամ հրեայի խանութ և հանգիստ առեւտուր անում, ձիու պայտը, մուրճն ու մանգաղը նրանց էին սարքել տալիս։ Այդ հարաբերությունները քիրվայության միջոցով էին ամրապնդվում:

Իսկ այսօր ինչպիսի՞ն է վիճակը, քիրվայությունը որտե՞ղ և ինչպե՞ս է շարունակվում:

Փոքրամասնություն կազմող և ավելի շատ պաշտպանության կարիք ունեցող խմբերն են քիրվայական հարաբերությունների մեջ մտնում: Այն հատկապես ալեւիների մոտ է տարածված: Եզդիների մոտ էլ է բավականին տարածված: Ալեւիական հավատալիքների մեջ քիրվայությունը առաջնային տեղ չի գրավում, բայց նրանց կյանքում դա կարեւոր դեր է խաղում: Թլփատման արարողությանն անպայման մեկ քիրվա պե՛տք է լինի: Բայց մեր օրերում ալեւիները քիրվաներին իրենց մեջից են ընտրում: Եզդիների մոտ էլ է նկատվում նույն բանը:

Իսկ թրքահայերի մոտ դեռեւս շարունակվո՞ւմ է քիրվայությունը:

Երբեք չեմ լսել: Չգիտեմ ինչ հիշողություններ ունեն այդ մասին Թուրքիայի հայերը: Իմ իմանալով նրանք այսօր հնարավորինս հեռու են մնում, խուսափում են մուսուլմաններից: Իսմայիլ Բեշիքչին իր 1968թ հրապարակված «Արեւելյան Անատոլիայի հասարակարգը» աշխատությունում պնդում է, որ ասորիների ու քրդերի միջեւ այդ հարաբերությունները շարունակվում են: Սակայն, չգիտենք, դրանք այսօր ինչքանով են շարունակվում:

Հայտնի է, որ սփյուռքայության մեջ նման հիշողություն գոյություն չունի: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք: Ինչո՞ւ քիրվայության մասին հիշողություններ չեն փոխանցվել:

Հիշողությունը շատ ընտրովի է: Դա պատմությունը այսօրվա իրողության պրիզմայով դիտելու նման մի բան է: Ինչո՞ւ են քրդերն այսքան շատ հիշում քիրվայությունը: Քանի որ, իրենք էլ տուժած լինելով, հայերի նկատմամբ կարեկցանք են տածում: Քրդերի հիշողություններում հայերի նկատմամբ վերաբերմունքը մշտապես դրական է՝ համարյա իդեալականացված: Նոստալգիկ տրամադրությունները շատ են, կան նաեւ մարդիկ, որոնք 1915 թվականին նախորդող անցյալը մի տեսակ վարդագույն են նկարագրում: Սրանք հիշողության խաղերն են: Անարդարության մատնված լինելով, ուրիշի տառապանքները իրենցը համարելով, որոշ բաներ չտեսնելու են տալիս: Իսկ հայերի այդ ընտրովի հիշողության մեջ դրական բաների բացակայությունը կապված է իրենց փոխանցված տրավմայի և այդ տրավմայում քրդերի բացասական ընկալման հետ: Ինչպես քրդերն այսօր հայերի մասին միայն դրական հիշողություններ ունեն, հայերն էլ, ցավոք, քրդերին միայն բացասական կերպով են ընկալում: Քանի որ հայերը՝ «Մեր ջարդերում քրդերը դերակատարություն են ունեցել»  տեսանկյունից են մոտենում և մտածում են, որ «պետության հետ ձեռք ձեռքի տալով մեր պապերին սպանել են», նրանք այդ բանը մի քիչ մոռացել են:

Կարծես, թե այդ ընկալման մեջ քիրվայության նման դրական բան չկա։

Չկա, բայց երբ առանց բացառության քրդերի 90 տոկոսը «մենք հայերի հետ լավ էինք» են ասում ու մատնանշում քիրվայությունը, որպես այդ գեղեցիկ կապի խորհրդանիշ՝ քիրվայության շեշտադրումն էլ ուշադրության արժանի է։

Կարծում եմ՝ այդ ժամանակ հայերի ու քրդերի միջեւ քիրվա չեղողներն անգամ միմյանց քիրվա էին ասում, այդպես չէ՞։

Այո, դա արդեն ավանդույթ էր դարձել։ Ինչպես քրդերենում «ընկեր» իմաստով «հեւալ» են ասում, նույն կերպ իրար «քիրվա» են ասել։ Իրար դիմելու այս ձեւն ավելի շատ Դերսիմում է տարածված, դերսիմցիները միմյանց «քիրվա» են ասում։ Ոչ թե հայերին, այլ իրար միջեւ միմյանց «քիրվայով» են դիմում։ Սա էլ մտածելու տեղիք է տալիս։ Ընդ որում, դա իր արտացոլումն է գտել քաղաքական կազմակերպություններում։ Դերսիմյան ծագում ունեցող TIKKO-ի նման քաղաքական կազմակերպություններում միմյանց «Քիրվա»-յով են դիմում, ինչպես PKK-ի ներսում իրար «հեւալ»-ով են դիմում։ Սա էլ, թերեւս, ուսումնասիրման կարոտ խնդիրներից է։

_________________________________


1. Լույս է տեսել թուրքերեն “Yüzyıllık Ah, 1915 Diyarbekir” վերտարությամբ, Իսմայիլ Բեշիքչի հիմնադրամ հրատարակչությունում, 2015թ:

2. Ծան. թարգմ. Կարելի է թարգմանել որպես «կրոնական եղբայրություն».  Սա  ալեւիզմի սկզբունքներից մեկն է, որի միջոցով երկու մարդիկ զուգահեռ հոգեւոր կյանքով են ապրում ամբողջ կյանքի ընթացքում:

3. Ծան. թարգմ. Քիրվայության գործառույթն ստանձնող անձը:

4. Ծան. թարգմ. Հարավարեւելյան Անատոլիայի փոքրամասնություն կազմող ժողովուրդներից:

5. Ծան. թարգմ. Այս երկու հասկացությունները բնորոշում են ընտանիքի սահմանները, ուստիեւ նաեւ ամուսնության արգելք/արտոնությունը՝ ըստ ընտանիքում ընդգրկված կամ չընդգրգված լինելու հանգամանքին:

6. Ծան. թարգմ. Գյուլիստանը և Փերվերը շատ սիրված քուրդ երգիչներ են: Նշված երգերի վերնագրերը թարգմանվում են քիրվա (Քիրիվո) եւ քիրվա Սինանը (Սինանե Քիրիվ):

7. Ծան. թարգմ. 2014 թ Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի դեմ Իսլամական պետության անդամների իրագործած կոտորածը:

8. Ծան. թարգմ. Գավառ՝ Օսմանյան կայսրությունում: Բեյի՝ Բարձր դռան կողմից նշանակված կառավարչի վերահսկողության տակ գտնվող տարածք:

9. Ծան. թարգմ. Օսմանյան կայսրության գլխավոր քրդական աշիրեթներից մեկը:

10. Ծան. թարգմ. Տեղացի ավատատեր, որն ի տարբերություն կայսրության կողմից նշանակված բեյի՝ իր քաղաքական դիրքը պարտական է տեղացի ազդեցիկ մարդկանց:

11. Ծան. թարգմ. Ավատատեր.

 

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook