Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Նովրուզ՝ բռնության դեմ ապստամբության խորհրդանիշը

 
 
  Հայացք Թուրքիայից

Նովրուզ՝ բռնության դեմ ապստամբության խորհրդանիշը

Իրֆան Բաբաօղլու

Լուսանկարներն՝ Սելին Մանյանիի

 

 
Իրֆան Բաբաօղլու

Թուրքիացի քուրդ գրող

Իրֆան Բաբաօղլուի համաձայն՝ Նովրուզը «բռնության դեմ ապստամբության խորհրդանիշն է»: Այս հոդվածում նա բացատրում է, որ հնագույն ասորեստանյան պետության դեմ ընդվզումը - որը խորհրդանշում է Նովրուզը - քրդական ինքնության հիմնարար տարր է հանդիսացել և ճանապարհ է հարթել տարածաշրջանի մյուս ժողովուրդների՝ հայերի, պարսիկների և արաբների ինքնության հաստատման համար: Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքերով, այդ տոնը նշվում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների կողմից: Այդպիսով, Նովրուզը դարձել է «ժողովուրդների դիմադրության խորհրդանիշը»:

Իրականում՝ քրդական ինքնության ձեւավորման ակունքներում կանգնած է Նովրուզը: «Քուրդ» անունով հայտնի ժողովուրդն իր այսօրվա ինքնությունը ձեռք բերելուց շատ առաջ՝ Միջագետքում ուշ նեոլիթյան դարաշրջանում աշիրեթներով ապրելիս նա հաճախակի էր ենթարկվում արտաքին ճնշումների: Ապրելու իրավունքից զրկված մարերը (միդիացիները), ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս ժողովուրդները ասորեստանյան պետության գերիշխանության տակ էին գտնվում:

Այդ ժամանակաշրջանում Կիաքսար (Կվաքսարես) թագավորի առաջնորդությամբ բռնակալության դեմ պայքարի ելնելով՝ մարական (միդիական) աշիրեթների համայնքն այսօրվա քրդական ինքնության հիմքերն էլ էր դնում: Երկուսուկես հազարամյակ առաջ տեղի ունեցած այդ պայքարը պատմության մեջ է մտել Քավայի առասպելով՝ որպես ժողովուրդների հաջողության խորհրդանիշ:

Պատմական այդ հաջողությամբ մի նոր շրջանի սկիզբ դրվեց: Այդ ձեռքբերումով ոչ միայն հիմք դրվեց քրդական ազգային ինքնության, այլ նաեւ տարածաշրջանի մյուս ժողովուրդները՝ պարթեւները, հայերը, պարսիկները, արաբները ասորեստանյան պետության կործանումից հետո կարողացան իրենց ազգային ինքնության զարգացման ուղին գտնել: Ահա այս պատճառով Նովրուզը ցնծությամբ ու խանդավառությամբ է նշվում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների կողմից:

Գուցե քուրդ ժողովուրդը 2500 տարի առաջ կարճատեւ պետականություն ունեցավ, բայց դրանով նա  քրդական ինքնության ու մշակույթի երկարատեւ զարգացման վրա իր կնիքը դրեց: Դա շատ ավելի կարեւոր էր: Քուրդիստանն էլ ներառող Միջագետքը դարեր շարունակ ենթարկվել է արտաքին ճնշումների՝  բռնագրավումների ու ներխուժումների: Բայց նա այդ ինքնության շնորհիվ պաշտպանեց իր գոյությունը: Հանուն այդ ինքնության՝ նա գերադասեց ապրել լեռների կատարներում: Բռնաճնշումների ժամանակ նա ստիպված եղավ քաշվել լեռները՝ «քաղաքակրթությունից դուրս մնալու» գնով պահպանեց իր ինքնությունը:

Վերջին քառասուն տարիներին քուրդ ժողովուրդը նորից գործի անցավ՝ հանուն իր լեզվի, իր մշակույթի և իր ինքնության: Նա իրեն ապահով չզգաց Թուրքիայի հանրապետության համակարգում: Չորս կտոր դարձաց՝ նրան հալեցնող-ձուլող գերիշխան պետություններում չկարողանալով իր տեղը գտնել և պահպանել իր ինքնությունը, քուրդ ժողովուրդը, պատմական ռեֆլեքսով, կրկին պայքարի ելավ սեփական ինքնությունը պահպանելու համար:

Այսօր քուրդ ժողովուրդը ավելի քան երբեւէ տեր է կանգնում իր լեզվին, կրկին ու կրկին պահանջում է այդ լեզվով կրթություն ստանալու իր իրավունքը: Չնայած տեղի ունեցած վերջին զարգացումներին և կատարված բոլոր զոհողություններին, ձուլման քաղաքականությունը դեռ չի կորցրել իր արդիականությունը: Լեզվի, մշակույթի և ինքնության ցեղասպանությունը մեղմ ու կոպիտ մեթոդներով շարունակվում է: Անտեսվում են քրդերի գոյությունը որպես ժողովուրդ և այդ գոյությունից բխող կոլեկտիվ իրավունքները: Միլիոններով հաշվվող քուրդ բնակչության ինքնության գոյությունն ապահովված չէ իրավական եւ սահմանադրական երաշխիքներով ։

Աչքի առաջ ունենալով այս իրավիճակը, առավել կարեւոր է դառնում լեզվի ու մշակույթի գոյությունը, այդ լեզվին ու մշակույթին տեր կանգնելու իրավունքը:

Վերջին 15 տարիների ընթացքում, քրդական շարժումը լեզվին տեր կանգնելու, լեզվի զարգացման և այդ լեզուն ուսուցման լեզու դարձնելու ուղղությամբ պայքար է մղում: Առանց պետության թույլտվությունն ու համաձայնությունն ստանալու, նա փորձում է սեփական հաստատությունների միջոցներով զարգացնել իր լեզուն: Նրանք լեզվի դասընթացներ են բացում: Ջանք ու եռանդ չեն խնայում լեզուն սիրել տալու, այն առօրյայի ու շուկայի լեզու դարձնելու համար: Ավելին՝ երեք քաղաքներում նախակրթարանի մակարդակով դպրոցներ են բացել: Պաշտոնական կարգավիճակից զուրկ, «իրավական և սահմանադրական» հավաստագիր չունեցող այդ դպրոցները  ամբողջությամբ կառավարվում են  քրդական կրթական հաստատությունների սեփական միջոցներով և ուսուցիչների կամավոր աշխատանքով: Այս պիլոտ-ծրագիրը հետզհետե բազմանալով տարածվելու միտում ունի:

Այս գործնական քայլերով ստեղծվում են մայրենի լեզվով ուսուցման այլընտրանքային մոդելներ: Մյուս կողմից, պետության ու իշխանությունների վրա ճնշում գործադրելով ակնկալվում է, որ մայրենի լեզվով ուսուցումը պետական միջոցներով ապահովելու ուղի կհարթվի:

Կարգավորման գործընթացը վերջին երկու տարիների ընթացքում մշտապես օրակարգում է եղել: Իսկ մայրենի լեզվով ուսուցումն այդ կարգավորման գործընթացի առանցքային պահանջն է մնում: Գիտակցելով մայրենի լեզվով կրթություն ստանալու անմիջական կապը քրդական ինքնության հետ, քուրդ ժողովուրդը համոզված է մնում, որ առանց այդ պահանջի կատարման՝ կարգավորման որեւէ հեռանկար չի կարող լինել: Սակայն այդ հարցում կառավարությունն իր դիրքերը չի զիջում: Նա մերժում է մայրենի լեզվով կրթությունը:

Քոբանեի դիմադրության հիմքում  ընկած է ազգային ինքնության ռեֆլեքսը: Գլխավորաբար Թուրքիայի՝ տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների աջակցությամբ քուրդ ժողովուրդը ԻԼԻՊ-ի հարձակումներին ենթարկվեց: Գերիշխող ուժերի համար Քոբանեի անկումը հավասարազոր կլիներ ողջ Ռոժավայի կանտոնների անկմանը: Իսկ դա կնշանակեր օրըստօրե աճող քրդական ազատագրական պայքարի պարտությունը:

Ինչպես Քոբանեի դիմադրության պարագայում, քուրդ ժողովուրդը միշտ բարձր գին է վճարել իր լեզվի ու ազատության համար: Այս իսկ պատճառով քուրդ ժողովրդի համար իր լեզուն իր իսկ գոյության և ազատության առաջին անհրաժեշտ պայմանն է:

Բայց այստեղ խնդրո առարկան միայն քուրդ ժողովրդի լեզուն ու ազատությունը չէ: Քրդական շարժումը բոլոր ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների լեզվի ու մշակույթի, նրանց ազատագրված ինքնության պաշտպանն է: Նա պաշտպանում է յուրաքանչյուր ժողովրդի ու ազգի, յուրաքանչյուր փոքրամասնության սեփական մարդկային և հավաքական անսահմանափակ իրավունքները:

Այս առումով՝ Նովրուզը ժողովուրդների գոյության և  դիմադրության ինքնությունն է:

2015թ Նովրուզը Դիարբեքիրում: Լուսանկարներն ու բացատրությունները՝ Սելին Պիեր Մանյանիի

  • 1
    - 2015թ մարտի 20, Նովրուզի նախօրեին գիշերային երթերի պատրաստություն Դիարբեքիրի (քրդերեն՝ Ամեդ) փողոցներում:
  • 2
    - Գիշերային երթ Դիարբեքիրի փողոցներում:
  • 3
    - 2015թ մարտի 21, Նովրուզի տոնակատարության հանրային հավաք Դիարբեքիրում (Ամեդ):
  • 4

    - « Azadi » գրություն (քրդերեն՝ «Ազատություն»)՝ քուրդ ժողովրդի գլխավոր պահանջներից է ցմահ ազատազրկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատությունը:

     

  • 5
    - Չնայած ցուրտ ու անձրեւոտ եղանակին, տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել Դիարբեքիրի գլխավոր հրապարակում:
  • 6
    - Գյուլթան Քշանաք՝ HDP-DBP-ի ականավոր գործիչ և Դիարբեքիրի համաքաղաքապետ, տոնակատարություններին մասնակցելիս:
  • 7
    - «Ազատություն Օջալանին». հարյուրավոր մարդիկ մասնակցում են Օջալանի ազատագրումը պահանջող բողոքի երթին՝ սահմանամերձ Ջիզրեից Դիարբեքիր:
  • 8

    - Ընդհանուր տեսարան գլխավոր հրապարակից, որտեղ տեղի է ունենում հավաքը: Կանաչ-դեղին-կարմիր դրոշակներ՝ քրդական գույներով:

  • 9
    - Նովրուզի տոնակատարություն, գլխավոր հրապարակ:
  • 10
    - Ջիզրեում մեկնարկած՝ Օջալանի ազատագրումը պահանջող երթի մասնակիցնեիրին ծափողջույններով են ընդունում:
  • 11
    - Ժողովրդական պարեր (գովենդ):
  • 12
    - Ժողովրդական պարեր (գովենդ) և դրոշ Աբդուլլահ Օջալանի պատկերով:
  • 13
    - Գլխավոր հրապարակի մերձակա փողոցներում սենդվիչ ու տաք խմիչք վաճառողներ:
  • 14
    - Քրդական գույներով կանաչ-դեղին-կարմիր դրոշները հուշում են քրդերի քաղաքական պահանջները:
  • 15
    - Բեմահարթակում պայքարի ընթացքում զոհվածների դիմանկարներ:
  • 16
    - Սըրրը Սյուրեյյա Օնդեր՝  HDP-ի ամենահայտնի պատգամավորներից, ով ընթերցեց առաջնորդ Աբդուլահ Օջալանի ուղերձը
  • 17
    - Բազմաթիվ կանայք քուրդ մարտիկների համազգեստն էին կրում՝ հիշեցնելով կանանց ներգրավվածությունը Քոբանեում և Ռոժավայում:

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook