Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Թուրքիայից
Ուրազ Այդին |
Ուրազ ԱյդինՈւրազ Այդին, անկախ լրագրող, դասախոս (աշխատանքից հեռացվել է) |
Թուրքիա, իշխանության քայքայումը: Մաս 1
Ռեիսչիներն ընդդեմ իսլամիստների՞
Հատկապես Գյուլի, կուսակցության ականավոր հիմնադիրների (ինչպես Բուլենտ Առինջի), այնուհետև Դավութօղլուի հեռացումից հետո Էրդողանի մերձավոր շրջապատն ավելի ու ավելի բաղկացած է համեմատաբար երիտասարդ լրագրողներից, տնտեսագետներից, աշխարհիկ ուղղվածությամբ տղամարդ և կին քաղաքական գործիչներից, որոնք նախկինում անկուսակցական են եղել: Նրանց գաղափարական պատրաստությունն առնվազն անորոշ է: Վերջիններիս համար Էրդողանի հետ նույնանալը դարձել է ինքնին քաղաքական գործ: Սա, անտարակույս, Ռեիսի սեփական ընտրության արդյունքն է, որն այլևս չի ցանկանում իր համար գլխացավանքներ ստեղծել՝ իրեն շրջապատելով կայացած քաղաքական գործիչներով, որոնք իրենց կարող են թույլ տալ սեփական կարծիքն արտահայտել: Սակայն վստահությունը, որով այդ կարիերիստներն արտահայտվում են Էրդողանի անունից՝ դատապարտելով ցանկացած շեղում, հատկապես պետական հեղաշրջման փորձից հետո, բազմաթիվ բողոքի ձայներ է առաջացնում պահպանողական-կրոնական թևում և մասնավորապես կուսակցության հնաբնակների շրջանում:
Այսպես, հանրաքվեից մի քանի օր անց հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ կեղծ լրագրող Ջեմ Քուչուկի ելույթը սուր բանավեճի առիթ դարձավ՝ շոշափելի դարձնելով բոլոր հակասությունները: Այս թղթակից և մեկնաբան ռեիսչին, որի հիմնական գործը այլախոհ լրագրողներին, մտավորականներին և քաղաքական գործիչներին աշխատանքից հեռացնելու, ԶԼՄ-ների կողմից լինչահարման և նույնիսկ ձերբակալման հրապարակային կոչերն էին, այս անգամ հարձակման սլաքն ուղղեց իսլամիստների, մասնավորապես՝ այն հիմնադրամի դեմ, որը կազմակերպել էր Գազայի գոտում սատարման նավատորմիկ՝ «Մավի Մարմարա» նավի վրա հավաքելով 700-ի չափ մարդ, որ հարձակման ենթարկվեց Իսրայելի կողմից 2010 թ.՝ ինը կամավորականի մահվան պատճառ հանդիսանալով: «Ժամանակն է, որ AKP-ն ազատվի արմատական իսլամիստներից, Մավի Մարմարայի խելապակասներից, որոնք, չգիտես ինչու, դեմ են Իսրայելին, Արևմուտքին և ընդհանրապես ամեն ինչի: Ես կանխազգում եմ, որ պարոն Թայիփը [Էրդողանը] հենց այդպես էլ վարվելու է»: Քուչուկի այս անպատկառությունը բուռն բանավեճի առարկա դարձավ, որը հանրության կողմից ընկալվեց որպես ռեիսչիների և իսլամիստների միջև ընթացող հաշվեհարդար:
Երկարամյա իսլամիստ լրագրող Ահմետ Թասգետիրենի խոսքերը լավ են արտացոլում «նախկինների», իսլամական հարցի պաշտպանների մտայնությունը: Իր հոդվածներից մեկում Թասգետիրենը նկատում է, որ «իսլամիստների դեմ պատերազմի կոչերը, որ հնչեցնում է մի խումբ, որը տպավորություն է ստեղծում, թե հենվում է Ռեիսի վրա», Էրդողանի դեմ ամենամեծ դավադրությունն են: «Այլևս անհանդուրժելի են մի խմբի հարձակումները, որոնց մասին չգիտենք, թե ովքեր են և որտեղից են գալիս (դրա անդամները): Այլևս անտանելի է, որ պատերին քսվելով քայլող այդ արարածներն ամեն օր իրենց կեղտը շպրտեն: Իսլամիստ-ոչ իսլամիստ տարաձայնությունն ի վերջո AKP-ի վերջը տալու է(...): Դա Էրդողանի և AKP-ի դեմ ուղղված գործողություն է(...): Ես այնպես եմ կարծում, որ ոմանք ցանկանում են հօդս ցնդեցնել AKP-ի գոյության առաքելությունը» (Star, 27 ապրիլ 2017):
Ես հանդիպեցի այլախոհ մահմեդական մտավորական Ջիհանգիր Իսլամին Թաքսիմ հրապարակի շրջակա փոքրիկ պիցցերիաներից մեկում, երբ վերջինս դադարեցրել էր ծոմապահությունը՝ զրույց բացելով այսպես կոչված ռեիսչիների և իսլամիստների միջև վեճի մասին: Իննսունական թվականներին Իսլամը եղել էր թուրքական ինստիտուցիոնալ իսլամիզմի պատմական դեմք և «Միլլի Գորուս» հոսանքի առաջնորդ հանգուցյալ Նեջմեթին Էրբաքանի մերձավոր խորհրդականներից մեկը: Վերջերս AKP-ն իր ձեռքն առավ Ջիհանգիր Իսլամի կողմից նույն տասնամյակում հիմնադրած և խիստ մահմեդական ուղղվածության մարդու իրավունքների «Մազլում-Դեր» կազմակերպությունը՝ փոխելով վերջինիս ղեկավարությունը: «Հասը»՝ 2010 թ. հիմնադրված կրոնական ուղղվածությամբ և ժողովրդավարություն ու սոցիալական արդարություն քարոզող կուսակցությունը, որին նպաստել էր Իսլամը, նույնպես ոչնչացվեց այն բանից հետո, երբ AKP-ն ներթափանցեց վերջինիս ղեկավար կազմի մեջ: Վիրաբուժության պրոֆեսոր Ջիհանգիր Իսլամը վերջերս Էրդողանի հրամանագրի հիման վրա ազատվեց համալսարանում իր զբաղեցրած պաշտոնից, այն բանից հետո, որ հանրագիր էր ստորագրել՝ ի պաշտպանություն խաղաղության հանրագիր ստորագրած համալսարանականների խոսքի ազատության իրավունքի:
«Արդեն չորրորդ անգամ են ինձ համալսարանից հեռացնում, -ասաց նա:- Առաջին երեք անգամները իննսունական թվականներին էին՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների իմ գործունեության և հիմնականում իսլամական գլխաշոր կրելու իրավունքի համար : Իսկ ահա չորրորդ անգամ դա տեղի ունեցավ այսօր, Էրդողանի իշխանության օրոք: Տարբերությունն այն է, որ նախկինում մենք կարող էինք որոշումը բողոքարկել, մի բան, որ այլևս հնարավոր չէ»: Նրա կարծիքով՝ Էրդողանի վարչակարգը ուխտադրուժ և բոնապարտիստական բնույթի վարչակարգ է: «AKP-ն իսլամական կուսակցություն չէ, այն որևէ քաղաքական արժեք չի դավանում, միակ բանը, որ նրան հետաքրքրում է, իշխանության մնալն է: Այնքան կարևոր է դարձել առաջնորդի շուրջ համախմբվելը, որ հավատարմության արտահայտությունը դրսևորվում է յուրաքանչյուր օր կրկնվող երդմամբ, որ գրեթե պարտավորություն է դարձել: Օրինակարգության խորհրդանշանը Ռեիսն է: Այդ իսկ պատճառով նույնիսկ նրանց քննադատները, որ իրենց իսլամիստ են համարում, թիրախ են դարձնում ոչ թե Էրդողանին, այլ նրա շրջապատին: Սա է պատճառը, որ իսլամիստներն անելիք չունեն այս կուսակցությունում, քանի որ նույնիսկ մարգարեից վեր կա սկզբունք, եթե կուզեք՝ աքսիոմ, որ անհատական կամքից անդին է»:
Թուրքիայի իսլամական եղբայրությունների մասնագետ և Ջումհյուրիեթ օրաթերթի (որի բազմաթիվ լրագրողներ և ղեկավարներ բանտում են) հոդվածագիր պրոֆեսոր Թայֆուն Աթայը կիսում է այս կարծիքը. «AKP-ն երբեք իսլամիստ չի եղել, ճիշտ հակառակը: AKP-ն ծնունդ է առել այն ժամանակ, երբ նրա առաջնորդները հրաժեշտ տվեցին իսլամիզմին՝ այսպիսով ճանապարհ բացելով պոստ-իսլամիզմի համար», - ասում է նա: Բառախաղի դիմելով՝ Աթայը բացատրում է իր տեսակետը. «Դա կրոնական (dindar) կուսակցություն չէ, այլ կրոնը խարդախող (dinbaz), այսինքն նա կրոնն օգտագործում է իր աշխարհիկ, նյութական շահերի նպատակով: Իսլամական հռետորաբանությունը պահպանվում և նույնիսկ շեշտվում է, բայց, ի վերջո, տակը մնում է ընդամենը “halal” կապիտալիզմը»:
Ըստ նրա՝ եղբայրությունների վիճակն ապացուցում է այդ կերպափոխությունը: «Այսօր բոլոր աղանդները և կրոնական եղբայրությունները հիմնադրամներ, հոլդինգներ են, որոնք կառավարում են մամուլի օրգաններ, հիվանդանոցներ, Ղուրանի դասընթացներ, սուպերմարկետներ, տարբեր ֆինանսական հաստատություններ: Էրդողանն է նրանց առաջ բացել այդ ճանապարհը, և այսօր նրանք Էրդողանին են ենթարկվում»: Ինչ վերաբերում է ռեիսչիներին, Թայֆուն Աթայը համարում է, որ «Էրդողանի խարիզմայի վրա հիմնված անձի պաշտամունքը և կուսակցության կլիենտելիստական (Խծբ) կառուցվածքն են առաջ բերել Ռեիսի այդ բոլոր երկրպագուների բանակը, այդ տրոլներին, լյումպեն-մտավորականությանը, որն իրեն դահճի դեր է վերապահում ընդդիմության և հատկապես ամենամերձավոր այլախոհների նկատմամբ: Նրանք այլևս ոչ թե պոստ-իսլամիզմ, այլ հետմահու իսլամիզմ են ներկայացնում»:
Փորձելով 2017 թ. մայիսի սկզբին վերջ դնել բանավեճին՝ նախագահ Էրդողանը քննադատական խոսքեր ուղղեց երկու կողմերին էլ. «Միանգամայն սխալ է քաղաքական գործունեության ոլորտում տարբերակում կատարել նրանց միջև, ովքեր իսլամիստ են, և նրանց, ովքեր չեն: [Կուսակցությունում] դերվիշի համար աշակերտներ չեն փնտրում»: Սակայն դիմելով այլախոհներին՝ նա հետևյալն է ասում. «Ոմանք սատարում էին այն կուսակցությունը, որի հիմնադիրն եմ ես: Սակայն նրանք ճանապարհից շեղվեցին: Գնացքից իջան: Վերջին ժամանակներս մենք ականատես եղանք անընդունելի մոտեցումների: Սա շեղում է ճշմարիտ ուղուց»:
Հոգնած կուսակցությու՞ն
Ճիշտ է, Ռեիսի միջամտությունից հետո սուր բանավեճը նկատելիորեն մեղմացավ, սակայն ամռան ընթացքում դժգոհությունները շարունակեցին կուտակվել, և նույն հակասությունների շուրջ վեճերը վերսկսեցին նոր թափով: Մայիսի վերջին նախագահ Էրդողանն ի վերջո ներկայացրեց իր տեսակետը հանրաքվեի ժամանակ կորցրած ձայների պատճառների վերաբերյալ. կուսակցությանը համակել էր «մետաղի հոգնածությունը»: Գիտակցելով, որ 2019-ին նախատեսված տարբեր մակարդակի ընտրությունները կարող են հանգեցնել իշխանության կորստին բոլոր աստիճաններում, Ռեիսն այլևս ցանկացած առիթով կուսակցական կադրերի «խոր փոփոխությունների» , երիտասարդներին և կանանց առաջ մղելու նպատակով կուսակցության ապարատի նորացման կոչ է անում: Եթե դիմելով նրանց, ովքեր իրենց հոգնած են զգում, Էրդողանը կոչ արեց իրենց տեղը ուրիշներին զիջել, ապա այդ կոչն ընկալվեց այնպես, ինչպես և պետք է ընկալվեր՝ որպես «մերձգյուլենականներից» կուսակցությունը մոտ շրջանում մաքրելու ազդարարում, այսինքն՝ նրանցից, որոնք կուսակցության ներսում կարող էին գործել հանուն եղբայրության («ահաբեկչական Ֆեթուլլահիստական կազմակերպության»):
Քարար օրաթերթը, որի շուրջ հավաքված են AKP-ի հիմնական այլախոհները, և որն, ըստ ռեիսչիների՝ ղեկավարվում է Դավութօղլուի կողմից (վերջինիս նախկին խորհրդական, հայ ազատական մտավորական Էթյեն Մահչուպյանն այդտեղ կանոնավորապես հոդվածներ է տպագրում) արձագանքեց «հոգնածությանը» վերագրվող բացատրությանը՝ առանց ուղղակիորեն Ռեիսին թիրախավորելու: Երկարամյա լրագրող և AKP-ի նախկին պատգամավոր (միաժամանակ բանաստեղծ) Մեհմետ Օջաքթանը այսպիսի քննադատություն է ուղղել այդ մոտեցմանը՝ չափավորելով դրա նշանակությունը. «Նախագահը կարիք է զգացել անմիջականորեն միջամտելու, քանի որ, ըստ երևույթին, նա տեսել է, որ կուսակցությությունը հոգնած է ընկալվում հասարակության կողմից: Սակայն հիմնական հարցը հետևյալն է՝ արդյո՞ք դա լոկ կուսակցության ապարատի հոգնածություն է, թե՞ խոսքն AKP-ի հիմնադիր փիլիսոփայությունից բխող և կուսակցության կողմից հասարակությանը ներկայացրած ազատության, ժողովրդավարության և փոփոխության համամարդկային ստանդարտների մասին դիսկուրսի խամրելուն է վերաբերում» (Քարար, 18 օգոստոս 2017): Ըստ Օջաքթանի՝ նորացման նախաձեռնությանը զուգահեռ՝ կուսակցությունը պետք է քննարկումներ ծավալի՝ պարզելու համար իր՝ ինքն իր մեջ պարփակվելու և «գործնականում ամեն բան հայրենիք-ազգ-օտար թշնամի հասկացություններով բացատրելու» իր վերաբերմունքի պատճառները (Քարար, 21 օգոստոս 2017):
Քարարի մեկ այլ հոդվածագիր՝ Հաքան Ալբայրաքը, շատ ավելի հստակ է արտահայտվում՝ պնդելով, որ կուսակցությունը կարիք ունի վերագտնելու իր բազմազանությունը, «որը տեղի չի տա առաջնորդի խարիզմայի բեռի դեմ-հանդիման»: Նա կոչ է անում «կուսակցության հնաբնակներին, պատգամավորներին, նախարարներին և նախկին նախարարներին իրենց կարծիքը հրապարակավ արտահայտելու». «Եթե անիմաստ է խոսել փակ դռների ետևում, այլ լուծում չի մնում, քան հանդես գալ հանրային կարծիքի առաջ՝ փորձելու համար ձևավորել հասարակական ճնշում»: (Քարար, 14 սեպտեմբեր 2017)
Այնուամենայնիվ, առայժմ կուսակցության նորացումը կրիայի քայլերով է առաջ շարժվում: Քանի որ Էրդողանը քաջ գիտակցում է, որ եթե ինքը կարիք ունի իրեն ամբողջովին հավատարիմ մի կուսակցության, ապա լայնածավալ զտումն իր մեջ նաև պարունակում է իր բազմաթիվ աջակիցների կորստի վտանգ՝ թե կուսակցության ապարատում և թե ընտրազանգվածի շրջանում: Բացի այդ, եթե գոնե առայժմ կարիերիստ ռեիսչիների հավատարմությունը կասկածի տեղիք չի տալիս, ինչպես դա ընդգծում է պրոֆեսոր Աթայը, ապա «շատ լավ հայտնի է, որ երբ պահը գա նրանք առաջինն են Էրդողանին լքելու: Եվ Էրդողանն էլ է դա գիտակցում»: