Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Պոնտոսի ծպտյալ քրիստոնյա հույները Իսլամի ու քրիստոնեության արանքում

 
 
  Հայացք Թուրքիայից


Պոնտոսի ծպտյալ քրիստոնյա հույները Իսլամի ու քրիստոնեության արանքում

Զեյնեփ Թյուրքյըլմազ

 

 
Զեյնեփ Թյուրքյըլմազ

Օսմանյան պատմության մասնագետ

Եթե համշեմցիների՝ Սեւ Ծովի շրջանի մահմեդական հայերի մասին գնալով ավելի շատ է խոսվում, ապա նույնը չէ Թուրքիայի հույների պարագան, որը բացառիկ տաբու թեմա է և անծանոթ: Թուրքիայում Ռում, հունաստանում Միկրասիատ կոչվող Բյուզանդական կայսրության այս ժառանգներն արտաքսվեցին 1923թ Հունաստանի հետ բնակչության փոխանակման արդյունքում, որը վերջակետ դրեց երկու երկրների միջեւ տեղի ունեցող պատերազմին: Կրոնական պատկանելության վրա հիմնված և Ազգերի լիգայի համաձայնությամբ իրականացված այս հսկայական էթնիկ զտումից զերծ մնացին միայն Ստամբուլի ու Գյոքչեադա և Բոզջաադա կղզիների ուղղափառ հույները, որոնք թույլտվություն ստացան մնալ Թուրքիայի երիտասարդ հանրապետության տարածքում:

Շատ ավելի փոթորկալից է, սակայն, Անատոլիայի որոշ հունախոս խմբերի պատմությունը: Խոսքը Սեւ Ծովի ծպտյալ քրիստոնյա կոչվող հույների մասին է: Գյումուշհանեյի եւ Տրապիզոնի շրջակայքում բնակվող հունախոս այս խմբերը օսմանյան շրջանում արտաքուստ իսլամացել էին, բայց շարունակում էին քիչ թե շատ բացահայտ ուղղափառություն դավանել: Պատմաբան Զեյնեփ Թյուրքյըլմազը հատկապես ուսումնասիրել է Գյումուշհանեի մոտ գտնվող Կրոմնիի հովտի հանքագործների թեման: Հունախոս այս մահմեդականները 19-րդ դարի կեսին հավաքաբար որոշեցին քրիստոնեության վերադառնալ: Իսլամի ու քրիստոնեության արանքում հայտնված այս խմբերի զարմանալի պատմությունը մեզ ցույց է տալիս, որ օսմանյան շրջանում կրոնական պատկանելությունները երբեք էլ բացառիկ երեւույթներ չեն եղել, ինչպես կարելի է կարծել:

Իսլամաց(վ)ած հույների մասին շատ տեղեկություն չունենք,  իրականում այդպիսի խումբ կա՞

Այո, այդպիսի մի խմբավորում կա, բայց երբ ասում ենք «իսլամացված հույներ» շատ տարբեր իրավիճակների մասին ենք խոսում, ճիշտ ինչպես իսլամացված հայերի դեպքում։ Մեկ ժամանակահատված, մեկ խումբ կամ փորձառություն որպես այդպիսին չկա։ Եթե  հարցին սկսենք 15-րդ դարից մոտենալ եւ Օսմանյան կայսրության տարբեր ժամանակահատվածներից նայենք ապա բազմաշերտ պատկեր կտեսնենք։ Սակայն ցեղասպանությունից եւ միատարրացումից հետո հետադարձ հայացք նետելիս գրված բոլոր պատմություններն ընկալվում են այնպես, ասես թե մեկ աղբյուր, մեկ պատճառ ունեն եւ մեկ կենտրոնից ղեկավարված միանման փորձառություններ են։  Կարծես թե մահմեդականացման փորձառության միջով անցնողներից եւ ոչ մեկը կամավոր ընտրություն չի կատարել։ Հատկապես իմ ուսումնասիրած մահմեդականացված հույներին նաեւ երկկրոն են անվանում։ Այս մարդկանց գոյության մասին 1830-ականներից սկսած ճանապարհորդների եւ միսիոներների գրառումներից ենք տեղեկանում։ Նշում են, որ  Կրոմցի[1] կոչվող այս խմբերը բնակվում էին Գյումուշհանեյի եւ Տրապիզոնի միջեւ ընկած հանքավայրերի շրջաններում։ Իմ ուսումնասիրությունը ներառում է Կրոմցիների պատմությունը սկսյալ 1857-ից, երբ  նորից քրիստոնեության վերադառնալու պահանջներ են ներկայացնում եւ  շարունակվում մինչեւ կայսրության ավարտը։ Սա էլ իր մեջ ներառում է մահմեդականացում, բայց եւ միեւնույն ժամանակ քրիստոնեությանը վերադառնալու փորձ։ Կա նաեւ քրիստոնյա հույների մի խումբ, որը երկկրոն չլինելով, 17-րդ դարում սկսված մահմեդականացման հետ մեկտեղ պահպանել է լեզուն, սակայն տեւական գործընթացի արդյունքում կորցրել կրոնը։ Տարօրինակ կերպով երկկրոն լինողները կարողացել են դարեր շարունակ կողք կողքի ապրել թե քրիստոնյա եւ թե մահմեդական հույների հետ։ 19-րդ դարում աճող բռնության քաղաքականությունների արդյունքում ստիպողաբար տեղի ունեցած մահմեդականացման գործելակերպն առավել հստակ է երեւում։Կա նաեւ մահմեդականացված հույների մի հատված, որ ի հայտ է եկել 1918-ից հետո եւ այսօր ամենաթարմ մտավախություններն ունեցող հատվածն է։

Հետեւաբար կարող ենք արդյո՞ք խոսել վերոնշյալ երկու խմբերի մասին 1918-ից հետո։

Թեեւ այս խմբերի մասին տարբեր խոսակցություններ կան, այդուամենայնիվ հստակ չգիտենք... Եւ մեծ հավանականությամբ չենք էլ կարող իմանալ այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել միջավայր, որտեղ այս մարդիկ կարող են ինքնաարտահայտվել։

Ինչու չգիտենք, շատ են ձուլվել ա՞յդ պատճառով։ Օրինակ համշենցիների դեպքում որքան էլ, միայն պատմական իրողություն ասվի, այդուամենայնիվ խոսվող թեմա է, կամ օրինակ իսլամացված հայերի մասին։ մահմեդականացված հույներ ասելիս առաջին հակազդեցությունը «արդյո՞ք այդպիսի բան կա»ն է լինում, ինչ՞ու։

Իրականում համշենցիների մասին էլ դեռ նոր-նոր է խոսվում, բայց հույների պարագայում շատ որոշիչ մի հանգամանք կա, դա էլ բնակչության փոխանակումն է[2]։ Երբ խոսքը գնում է հայերի մասին, ապա այդ դեպքում ցեղասպանության փորձառությունը կա, որն իհարկե շատ ցավեցնող է, կործանիչ, միեւնույն ժամանակ կառուցող մի բան։ Սակայն նույնիսկ դա իրավական տեսանկյունից հայի գոյությունն անհնար չի դարձնում։ Ինչ վերաբերում է հույներին, պատկերը բոլորին այլ է... կա մի միջազգային պայմանագիր ըստ որի Հույն լինողը կամ իրեն քրիստոնյա ներկայացնողն այս հողերում այլեւս չի կարող մնալ։ Հետեւաբար, շատ մարդիկ ստիպված են եղել ընտրություն կատարել ներկա կենցաղի եւ անհայտ ապագայի միջեւ։ Հավանաբար ընտրել են մահմեդականալ եւ մնալ։ Այս իրավիճակը կարող է կոչվել գաղտնիք, որի մասին նույն վայրում ապրող բոլորը քաջ տեղյակ են։ Արմատ բառը շատ խնդրահարույց եմ համարում, բայց այս դեպքում մտածված եմ գործածում։ Զիրա Օֆ, Չայքարա, Մաչքա եւ Տրոյայի նման շատ վայրերում հունախոս գյուղեր կան ու չնայած այնտեղ ապրող մարդիկ բազմաթիվ այլ ինքնություններ են որդեգրել, պատմության հետքերն էլ ջնջելու ցանկություն կա, այդուամենայնիվ հունարենի առկայությունը բացատրություն է պահանջում։ Սակայն երկկրոն լինողները շատ տարբեր են։ Որպես թեւավոր խոսք օգտագործվող «կեսօրին իմամ, գիշերը քահանա» արտահայտությունն իրականություն է։ Պատմականորեն այս իրավիճակն առկա է եւ Օսմանյան փասթաթղթերում դա տեսնում ենք։

Հիմա կ՞ա նման բան։ Դժվար է սա գիտենալ, բայց եւ նման քաղաքական միջավայրում ասել, որ այո կան ու թաքնվում են, կարծում եմ այս մարդկանց թիրախ դարձնելու, նրանց վնասելու նման մի բան է։

Միեւնույն ժամանակ անորոշությունը մտահոգությանը սնող աղբյուր է։ Մի մասը մահմեդականացել է, ամբողջովին թուրքացել, մեկ ուրիշ հատված հավանաբար ծանոթ է պատմությանը եւ մենք բնավ չգիտենք, թե դա ինչ է նշանակում։ Պետք է հասկանանք, որ միմյանցից շատ տարբեր  փորձառություններ կան եւ դրանցից յուրաքանչյուրը պետք է դիտարկել համապատասխան պայմանների շրջանակում։ Ըստ իս այս ինքնություններին չպետք է քաղաքական առաքելություն վերագրել։

Վախի արդյունքում թաքնվելը հայերին էլ բնորոշ իրավիճակ է, բայց վերջին տարիներին կամաց կամաց անցնում է։ Եթե դեռ հույներ կան, որ Տրապիզոնի շրջանում են ապրում, հնարավոր է արդյոք ասել, որ առկա աշխարհագրական ճնշումների պատճառով է, որ թաքնվում են։

Իհարկե, քրիստոնեությանը հետ վերադառնալու մի քանի օրինակների մասին լսել ենք, բայց միեւնույնն է հստակ չենք կարող ասել՝ կան թե՞ ոչ։ Ով որքանո՞վ է վերադարձել, կամ եթե չեն վերադարձել արդյոք մի օր երեւան դուրս կգա՞ն։ Առկա վախը չպետք է սնվի, դրա փոխարեն պետք է ստեղծել այնպիսի մի միջավայր, որ այդ մարդիկ նորից կարողանան հանգիստ կերպով արտահայտել իրենց ինքնությունն ու ապրել այդ ինքնությամբ։ Բայց այսօր Տրապիզոնն ազգայնականության տեսակետից ամենախնդրահարույց եւ բարդ վայրերից մեկն է, որը նաեւ ստիպում է որոշակի պատկանելիություն ապացուցելու զգացում ունենալ...

Ես ավելի շատ աշխատել եմ 19-րդ դարի կրոնական փոփոխությունների առաջ բերած մնահոգությունների վրա եւ հետեւյալն եմ տեսել.  Բալկաններում 17-րդ դարում առկա իսլամացման ալիքի նման մի ալիք կա եւ դա երկար ժամանակահատվածում Անատոլիային եւ Բալկաններին մահմեդականացնում է։ Սակայն 1850-ականներին մի խումբ դուրս է գալիս եւ բարձրաձայնում իր քրիստոնյա լինելու մասին։ Ի դեպ մի գյուղի կամ մի քանի հոգու մասին չենք խոսում, այստեղ խոսքը գնում է քսան հազար հոգու միանգամից երեւան դուրս գալու մասին։ Կարող ենք ասել, որ սա լուրջ մտահոգություն է առաջացրել, որը նաեւ հանրապետությանն է փոխանցվել։

Այս մարդիկ ինչպե՞ս են իրենք իրենց բնութագրում։

Պետք է կրկին վերադառնամ 19-րդ դար։ Երբ խոսում ենք հույների մասին, նկատի ունենք անհավատալի համառ մի խումբ՝ բարձունքներում ապրող հանքագործներ։  1857-ին մի հռչակագիր են կազմում եւ այս հանգրվանում հետեւյալն ենք տեսնում. Այս մարդիկ ինչպես եւ շատերը պնդում են, մեկ ինքնությունից հրաժարվելով մյուսը չեն որդեգրել։ Ինչպես երեւում է Օսմանյան փաստաթղթերից, նման խոստովանություններ կան՝ «կես մահմեդական կոչվող նոր մի երեւույթ կա։ Սրանք ուրբաթ մզկիթ են գնում, կիրակի եկեղեցի»։ Սա ցույց է տալիս, թե ինքնության վերաբերյալ մեր ընկալումները որքան են ստերիլացվել եւ միատարր դարձել։

Օրինակ համշենցիներն իրենց այսօր որպես թուրք են բնութագրում...

Հիմա է այդպես. Նրանց պատմություններին 150 տարի անց ենք նայում եւ ձեռքի տակ եղած միակ տարբերակը որ ունենք դա է, քանզի երկու ինքնության արանքում ապրելը նրանց կյանքն անտանելի է դարձրել։ Նման խմբերի ուսումնասիրելու ամենից ոգեշնչող կողմն էլ հենց սա է. գոյություն ունենալու ինչպիսի այլ ձեւեր կային, ինչ գործընթացների միջով են անցել, որ հիմա քիչ հավանական են։ Համշենցի, Կրոմցի կամ Իստավրիխմբերի նմանխմբերը միմյանցից տարբեր կատեգորիաները իրար միացնելով նոր դաշտ բացող խմբեր են։ Այս մարդիկ երբեմն քաղաքական, երբեմն էլ տնտեսական պատճառներից ելնելով ստիպված են եղել ընտրություն կատարել։ Այդ իսկ պատճառով էլ ինքնությունների բազմազանությանը միայն կարճ ժամանակով ականատես եղանք։ Հետո նորից դատապարտվեցին միատարրության...

Լեզվական առանձնահատկություններ ունեի՞ն։

Հունարեն էին խոսում։ Հավանաբար նաեւ թուրքերեն գիտեին, քանի որ Գյումուշհանեն մեծամասամբ հույն հանքագործներով էր բնակեցված եւ հանքավայրերի փակվելուց հետո այնտեղի մարդիկ ցրվեցին տարբեր նահանգներ եւ օրինակ հստակ գիտենք, որ դրանցից մեկում՝ Յոզգաթի Ակդահանքավայրում թուրքերեն էին խոսում։ Այդ իսկ պատճառով կրոնն ու լեզուն իրար չեն համապատասխանում կամ մեկը մյուսին չի սահմանափակում։ Հունարեն խոսող մահմեդականներ կամ երկկրոն լինողներ կան... Հունարեն խոսելը տարօրինակաբար թե Ակդայում եւ թե Տրապիզոնում որեւէ կրոնի կամ ինքնության ցուցանիշ չէ։

Ամենից շատ Գյումուշհանեյի մասին խոսեցիք, մեծամասնությունն այնտե՞ղ էր ապրում։

Երկկրոն լինողները ավելի շատ Գյումուշհանե, Մաչքա եւ Թորուլ շրջաններում էին ապրում։ Իսկ ինչ վերաբերում է մահմեդականացածներին ապա ավելի լայն աշխարհագրական սփռվածության մասին է խոսքը՝ Չանքարա, Օֆ, Սյուրմենե...

Իրականում սրանք շատ ուսումնասիրված թեմաներ չեն ու պետք է մանրակրկիտ աշխատել։ Եթե հաշվի առնենք, որ այդ շրջանները մինչեւ 15-րդ դար Պոնտուսի Կայսրություն են եղել, ապա կարծում եմ Օսմանյան փասթաթղթերի հիման վրա շատ հեշտ կլինի մահմեդականացման հետքերով գնալ։

Նշեցիք, որ այս մարդկանց գոյության մասին խոսելը կարող է քաղաքական խնդիրներ ստեղծել, նրանց ավելի խոցելի դարձնել։ Բայց մյուս կողմից արդյոք չե՞ք կարծում, որ այս մարդկանց մասին ոչինչ չիմանալը լուրջ բաց է։ Կարծես թե հույն համայնքն էլ մտադիր չէ հարցը խորքից ուսումնասիրել։

Ինչպես քիչ առաջ նշեցի, եթե վերադառնանք 19-րդ դար, ըստ իս Օսմանյան կայսրության ամենից համառ խմբերից մեկն էին, շատ կազմակերպված էին եւ պահանջներ ունեին։ Հանքագործությունից բխող միասին շարժվելու, պահանջատեր լինելու հատկություններով էին օժտված։ Կարող եմ ասել, շատ տպավորիչ մի խմբի մասին է խոսքը։ 150 տարի անց,  փաստաթղթերը կարդալով հստակ տեսնում ենք, որ շատ քաղաքական պահանջ ունեին եւ միեւնույն ժամանակ դա շատ հստակ կերպով էին անում։

Հանրապետությունից պատմությունը բոլորովին այլ է՝ հայկական եւ հունական փորձությունները տարբերվում են իրարից։ Բնակչության փոխանակման պայմանագրով մնացած հույները միայն Ստամբուլում եւ երկու կղզում[3] բնակվելու սահմանափակում ունեին, դա էլ Հունաստանում գտնող մահմեդականների հետ հավասարակշիռ լինելու նկատառումով։ Բնակչության փոխանակման պայմանագրի արդյունքում լուրջ անջատումներ են մեջտեղ եկել, բայց մյուս կողմից կա այսպիսի մի իրականություն՝ բարեկամներին գտնելու  եւ ժամանակին ինչ-ինչ պատճառներով լքած հողեր հետ վերադառնալու, կապ ստեղծելու նպատակով Հունաստանից եկողների մեծամասնությունը հենց Տրապիզոնի եւ Գյումուշհանեյի շրջաններից է։ Տարօրինակորեն, մինչեւ մոտ անցյալ թե Հունաստանի իշխանությունները եւ թե մյուս խմբերն անտարբեր էին այս ամենի հանդեպ։ Գուցե Պոնտուսի հույներից շատ տարբեր են դրա համար, կամ գուցե չգիտեն թե նրանց հետ ինչեր է պատահել։

Միայն պատկանելիության տեսանկյունից չէ, որ տարբեր են, քաղաքական ինքնության ձեւավորումն էլ է փեղկված։ Օրինակ Պոնտուսի հույները «աքսորի» փորձառություն ունեն, որը շատերը որպես ցեղասպանություն են բնորոշում։ Հայկական հարցի քննարկումները հարցը նույն կերպ չեն արտացոլում։ Արտացոլված ցավը հետեւյալն է՝ հայերը ցեղասպանության հարցը եւ իրենց ապրած ողբերգությունները նկարագրելու եւ սահմանելու համար  շատ երկար ժամանակ Հոլոքոստի հետ համեմատելով էին քննարկում, այսօր Պոնտուսի հույներն իրենց փորձառությունները Հայոց Ցեղասպանության հիման վրա են գնահատում։ Նոր մի բան էլ կա... երբ ասվում է Պոնտուսի Ցեղասպանություն, կամաց-կամաց մյուս հույներն էլ սկսում են բարձրաձայնել, թե իրենց փորձություններն աչքաթող են արվում...

Այն ժամանակների հույն ազգայնականներն ի՞նչ կեցվածք են դրսեւորել։

Առաջին հակազդեցությունն այս մարդկանց ազգին հավատարիմ «մնալ չկարողացող» եւ կրոնը «լքած» խումբ կոչելն էր, ինչպես նաեւ մեղադրելով պրագմատիզմի եւ օպորտունիզմի մեջ մեղադրելով ուշադրություն դարձնելն անգամ հարկ չհամարելն էր։ Ինչ վերաբերում է 20-րդ դարի ազգայնականներին, ապա նրանք ճիշտ հակառակը, Քուրումցիներին եւ մյուս գաղտնի քրիստոնյաներին համարում էին չնայած Օսմանյան պետության բոլոր զուլումներին իրենց ինքնությունը պահպանելու հարցում հաջողած զոհեր։ Սակայն, ցավոք ազգայնական այս մոտեցումները քաղաքական հռետորիկային սնելու հետ մեկտեղ, որեւէ կերպ չեն նպաստել հարցն ավելի խորքային ըմբռնելուն։

Ո՞րն էր ազգայնականների հարցին տարբեր կերպ մոտենալու պատճառը։

Համառոտ կարող ենք ասել՝ քաղաքական կարիքների եւ ինքնության ընկալման հարցում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Իրականում այս փոփոխություններին նմանվող փաստեր հիմա էլ կարելի է դիտարկել։ Ժամանակը պատմական փորձառության ինչ լինելը չի փոխում, բայց դրա շուրջ հյուսված շրջանակը փոխում է ընկալման ձեւը։

Նշեցիք, որ քաղաքական, բայց շատ հստակ պահանջներ ունեին, ի՞նչ տեսակ պահանջների մասին էր խոսքը։

Նախ ինքնության վերաբերյալ պահանջներ ունեին։ Բարձրաձայնում էին իրենց քրիստոնյա լինելու մասին եւ առանց մանրամասնելու պատճառները նշում, որ «արտաքուստ մահմեդական, բայց ներքուստ քրիստոնյա» էին եւ հիմա արդեն ուզում եմ ազատվել այդ քողարկումից եւ ապրել քրիստոնյա ինքնությամբ։ Սա շատ համառորեն էին պահանջում եւ այդ պահանջը լուրջ քաղաքական բովանդակություն ուներ։ Սրա հետ մեկտեղ, պաշտամունքի վերաբերյալ այլ իրավունքներ էլ էին պահանջում։ Ճնշումների հանդիպելիս չէին լռում։ Օրինակ իրենց հանգուցյալներին հունական գերեզմանատանը ըստ քրիստոնեական ավանդույթների հուղարկավորելու համար լուրջ պայքար էին մղում։

Եթե խոսենք ձուլվելու մասին ապա խոսքը միայն կրոնի՞ն կվերաբերի։Կարո՞ղ ենք ասել, որ հունարենը, հունական մշակույթը պահպանել են։

Իրականում ձուլումը եւ դրա շատ արագ տարածումը վերջին ժամանակաշրջանին պատկանող հարց է։ Այս երկու ինքնությունների կողք կողքի ապրելը խոսում է ընտրության մասին։ Իհարկե, չգիտենք թե այդ ընտրություններն ինչ պայմաններում են արել, սա պետք է մանրակրկիտ ուսումնասիրել։ Պատմական ուսումնասիրությունների ամենակիսատ կողմերից մեկն էլ սա է... Իսլամացումը դեռ քաղաքական մրցակցության դաշտ է։ Այլ ազգայնականների տեսակետից Օսմանյան կայսրության զուլում համարվող իրականությունը թուրքական ազգայնականության տեսանկյունից նույն այդ Օսմանյան կայսրության հանդուրժողականության մարմնավորումն է։ Մեզ պետք է սրանից անդին անցնել։ Նախ պետք է հեռու մնանք պետություն-կենտրոնացումից եւ փասթաթղթերի միջոցով պատմաբաններին փոխանցված դիսկուրսից։ Ես կենտրոնացած եմ այդ մարդկանց փորձառությունների եւ նրանց ապրած տարածաշրջանների վրա։ Միշտ ինչ-որ բանի ենթարկված, վախեցող, ոչ թե վերահսկող այլ պայքարող, ընտրություն կատարող եւ այդ ընտրություններով ոմանց բարկացնող, երբեմն էլ ծանր կացության մեջ հայտնվող, բայց ի վերջո իրական մարդկանց եմ տեսել։ Եւ իհարկե այս ամենը հնարավոր դարձնող տարածաշրջան։ 1500 մետր բարձրության վրա գտնող մառախլապատ, լեռնային, մշակութային, կրոնական եւ էթնիկ բազմազանություն ունեցող այս տարածաշրջաններում ապրող խմբերին ձուլելը 20-րդ դարից առաջ շատ դժվար էր։ Սրա մասին խոսելն ինձ համար շատ կարեւոր է։ Եթե պատմությունը կարդանք այնպես, որ 20-րդ դարում ձուլման համար պետության ձեռքի տակ եղած միջոցները, ռազմավարությունը եւ հնարավորություններն այն ժամանակ էլ էին առկա, ապա ոչ միայն ամենակարող պետության երեւակայությանն ենք սնում, այլեւ այդ ժամանակների մարդկանց կամքից եւ պայքարից շատ բան կրճատելով արդյունքում միայն տուժվածություն ենք թողնում։

Կարող ենք հստակ տարանջատել եւ ասել, որ 1918-1923թվականներիցառաջ հոժարակամ իսկ հետո արդեն ընտրության հնարավորություն չկար։

Այստեղ եւս մեկ անգամ ընդգծենք, որ նախկինում էլ պարտադրանք կար, բայց մարդիկ ընտրություն կատարելու ավելի մեծ հավանականություն ունեին։ Իրականում գյուղերի կառուցվածքն էլ, որտեղ ապրել են, հարցի մասին տեղեկություն տալիս է։ Կան գյուղեր, որտեղ միայն գաղտնի եւ նորմալ քրիստոնյաներ են ապրել։ Ինչ՞ու են նման բան արել, կարծում եմ նախընտրության հարց է։ Եթե հարեւանդ քրիստոնյա է, ինքնությունդ ումից կամ ինչու ես թաքցնում։ Անձապես ես, ուզում եմ մտածել, որ սա ինքնության ձեւավորում է։ Ըստ պնդումների, այս տարածաշրջանում բռնի ուժով իսլամացումը երկու ռուս-օսմանյան պատերազմներից հետո է տեղի ունեցել, բայց թվերի մասին տեղեկություն չունենք։ Սակայն կարող ենք ասել, որ հատկապես այս տարածաշրջանում 19-րդ դարում, մասնավորապես 1894-96թթ.-ի ընթացքում հայերի զանգվածային բռնի իսլամացմանը նմանվող փորձառություն չկա։ Չենք կարող խոսել զանգվածային փորձառության մասին...

Իհարկե, 1918-1923 թվականներից հետո պատկերն ավելի քան հստակ է՝ մնա՞լ ես ուզում, հետեւաբար այլընտրանք չունես։ Գիտենք, որ գաղթի ժամանակ բռնի իսլամացում է տեղի ունեցել, սակայն հետո նախընտրություն-պարտադրանքի միջեւ տեսանելի եւ շրջադարձային փոփոխություններ են առկա։ Անհնար է հույն մնալ միեւնույն ժամանակ Գյումուշհանեյում ապրել...

Եթե հաշվենք, որ թեկուզ փոքր, բայց այսպիսի մի խումբ այսօր էլ կա, ինչ պետք է անել կամ ինչ պետք է լինի, որպեսզի այս մարդկանց մասին ուսումնասիրություններ արվեն, խոսվի եւ առհասարակ իրենք երեւան դուրս գան։

Այսօր Թուրքիայում բոլորը ընդհանուր մի խնդիր ունեն. այս թեմաների մասին խոսելու համար անհրաժեշտ ճկունություն չկա։ Մի կողմ թողնենք քրիստոնեացումը, նույնիսկ անհնար է խոսել, թե ինչ է տեղի ունեցել։ Նկատի ունեմ պատմության տեսանկյունից ուսումնասիրությունը։ Ձեր հարցին ի պատասխան, պետք է ասեմ, որ այս մարդկանց լինել-չլինելու/ գոյություն ունենալ չունենալուց բացի, եթե նույնիսկ կան, ապա չգիտենք ինչ են նախընտրում։ Այս ամենի մասին խոսելու համար անհրաժեշտ քաղաքական միջավայրի առկայությունից հետո, այդ մարդանց ընտրությունները քննարկման այլ թեմա կլինեն։

Շատ մշուշոտ ենք խոսում, հստակ նախադասություններ գրեթե չենք կազմում.. կա, գուցե կա, չգիտենք... Սա ինչ՞ի մասին է խոսում։

Այո, ցավոք այդպես է։ Ես ինքս եմ շրջել, այդ գյուղերում մթնոլորտն իսկապես շատ լարված է։ Թեմայի վերաբերյալ ամենափոքրիկ հարցը նույնիսկ էլ ավելի է սրում մթնոլորտը։ Նույնիսկ հարց տալ չի լինում, ուր մնաց այս մարդիկ հրապարակ դուրս գան եւ իրենք իրենց ներկայացնեն, ինչպես որ կան...

Այսօր, երբ նույնիսկ քրդական հարցն է այսքան ծանրացել, շատ դժվար է սպասել, որ կարծրատիպ դարձած ինքնությունների սահմանները խախտեն, միեւնույն ժամանակ գոյություն ունենան եւ ինքնաարտահայտվեն։



[1] Տրապիզոնի եւ Գյումուշհանեի միջեւ գտնվող Կրոմնի կոչվող լեռնայինգոտում ապրողհույներին կոչում էին Կրոմցի։

[2] Թուրքիա-Հունաստան բնակչության փոխանակում. 1923 թվականին Լոզանի Հաշտության Պայմանագրին կից ստորագրված պայմանագիր, համաձայն որի կողմերը պետք է իրենց երկրների քաղաքացիներին կրոնի հիման վրա ենթարկեն հարկադիր միգրացիայի։Թուրքիայից մոտ 1.3  միլիոն ուղղափառ հույներ եւ Հունաստանից մոտ 500 հազար մահմեդականներ տեղահանվեցին։

[3] Խոսքը գնում է Իմրոս (Գյոքչեադա) եւ Թենեդոս(Բոզջաադա)  կղզիների մասին։

 

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook